Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանցի պաշտոնյաները մեծ սխալ գործեցին Արցախի հարցում, բայց իրենց սխալը շտկեցին՝ վերջնագիր ներկայացնելով հայ-իրանական սահմանի հարցով»․ Մոսլեմ Սոմալի

Սեպտեմբեր 07,2025 16:17

«Արցախի դեմ պատերազմից հետո Իրանի պաշտոնյաները հասկացան, որ սխալ են գործել՝ աջակցելով Բաքվին, որովհետեւ տեսան, որ Բաքուն շատ հղփացավ։ Նույնիսկ ուզում են Հայաստանի ու Իրանի սահմանը վերացնել։ Իրանի պաշտոնյաները Բաքվին հասկացրին, որ եթե ուզում եք մեր միջեւ սահմանը վերացնել, մենք ռազմական ճանապարհով դա թույլ չենք տա»,- «Առավոտի» զրույցում ասաց Ասիայի եւ Կովկասի հարցերով հետազոտող Մոսլեմ Սոմալին։

Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո Իրանի իշխանությունները շնորհավորել էին Ալիեւին՝ այսպես կոչված «տարածքային ամբողջականության վերականգնման» համար։ Մոսլեմ Սոմալին ասում է, որ իրանցիները մեծ սխալ գործեցին՝ աջակցելով Ադրբեջանին, որն Արցախի նկատմամբ նվաճողական պատերազմ իրականացրեց։ Բայց պատերազմից հետո Իրանի պաշտոնյաները փորձեցին իրենց սխալը շտկել՝ պատերազմով սպառնալով Ադրբեջանին, եթե հանկարծ կփորձեն հայ-իրանական սահմանը փակել։ «Հստակ չէ՝ եթե Իրանի այդ վերջնագիրը չլիներ, ընդհանարապես հայ-իրանական սահման հիմա գոյություն կունենար, թե ոչ»,- ասաց նա։

Մոսլեմ Սոմալին նկատում է, որ Ադրբեջանը հստակ ինքնություն չունի եւ արհեստածին պետություն է, որի իշխանությունները էթնիկ զտում իրականացնելով եւ հասարակությանը ստելու միջոցով փորձում են իրենց համար ինքնություն ստեղծել։ Նրա խոսքով՝ «Ադրբեջան» պետության անվանումն անգամ կեղծ է, պատմական աղբյուրները փաստում են, որ այդ տեղանքն անվանվել է Աղվանք եւ Շիրվան, որոնք Մեծ Հայքի ազդեցության տակ էին նախկինում։

«Ադրբեջանն իր այդ նվաճողական քաղաքականությունը տարածաշրջանում շարունակելու է` իմ կարծիքով։ Եթե Հայաստանն ուզում է, որ Արցախը կենսունակ նա, իմ կարծիքով, առայժմ չպետք է փորձի Արցախն ուժով վերադարձնել։ Բայց Հայաստանի կառավարությունն ու Սփյուռքը պետք է ավելի ակտիվ աշխատանք տանեն միջազգային ակադեմիական շրջանակներում»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ Մոսլեմ Սոմալին ասաց, որ երկու երկրների հարաբերությունները պատմական անցյալ ունեն, մի քանի հազար տարվա փորձառություն ունեն։ «Այդ հարաբերությունները միշտ էլ աճել ու զարգացել են։ Հիմա կարող ենք ավելի շատ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, օրինակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնմամբ, համալսարանների միջեւ հարաբերությունների ընդլայնմամբ, հյուսիս-հարավ ճանապարհի զարգացմամբ եւ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այն տեխնոլոգիաները, որոնք մենք օգտագործում ենք Իրանում, կարող ենք բերել Հայաստան»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները շատ ավելի լայն են, քան սովորական առեւտրատնտեսական հարաբերությունները․ հայերի ու իրանցիների հարաբերությունները սրտակից հարաբերություններ են եղել, եւ դժվար է այդ հարաբերություններից դուրս գալ։

Ի՞նչն է խանգարում, որ ռազմական ոլորտում եւս հայ-իրանական հարաբերությունները խորանան, հարցին մեր զրուցակիցը պատասխանեց․ «Շատ արտաքին ուժեր կան, դրանցից մեկը պանթյուրքիստական լոբբիստական ազդեցությունն է Իրանում։ Արտաքին այնպիսի ուժերի ճնշում կա, ինչպիսիք են Թուրքիան, Ամերիկան։ Ընդհանրապես Իրանը միջազգային հարաբերություններում ճնշումների տակ է։ Այո, մենք կարող ենք ուղղակիորեն զենք տալ Հայաստանին, սովորեցնել հայերին, թե ինչպես այդ զենքերը պատրաստեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930