Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը պահանջել էր փաստաբանից հանել գլխի վրայի ակնոցը

Սեպտեմբեր 08,2025 13:30

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը 

 

2025 թվականի օգոստոսի 18-ին փաստաբան, հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ, տեղեկացնելով, որ 13.08.2025թ.-ին ՀՀ հակառուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ/0250/01/24 քրեական վարույթով հանրային պաշտպան Զոյա Սակովայի հեռացվելուց հետո (նշված միջադեպին Հանձնաժողովն անդրադարձել է իր 25.07.2025թ. հայտարարությամբ) ստանձնել է մեղադրյալի պաշտպանությունը: Առաջին իսկ նիստին նախագահող դատավորը, տեղեկանալով, որ պաշտպանական կողմը ցանկանում է դատավորին հայտնել բացարկ, մինչեւ բացարկի միջնորդություն ներկայացնելը պահանջել է պաշտպան Խաչատրյանին իր գլխից հանել արեւային ակնոցը։ Դրան ի պատասխան` պաշտպանը հայտնել է, որ ակնոցը հանդիսանում է հարդարանքի մաս եւ հրաժարվել է այն հանել։ Նշվածի արդյունքում նախագահող դատավորը պաշտպանի նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիաներ՝ նկատողություն, տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով եւ եւս մեկ նկատողություն։

Փաստաբանների պալատին ուղղված դիմումով փաստաբանը տեղեկացրել է նաեւ, որ նախագահող դատավորը հայտարարել է, որ նախկին պաշտպանին նույն հիմքով հեռացրել է վարույթից, սակայն պաշտպան Խաչատրյանի նկատմամբ կցուցաբերի այլ վերաբերմունք՝ նրան վարույթից չի հեռացնի եւ նշանակում է տուգանք, որպեսզի պաշտպանն այն իր աշխատավարձից վճարի։

Փաստաբանի պնդմամբ՝ դատավորը խտրական մոտեցում է ցուցաբերել եւ իր խոսքով ու գործողություններով թիրախավորել է իր հանրային պաշտպան լինելու հանգամանքը:

Փաստաբանը նաեւ հայտնել է, որ առարկել է նախագահողի գործողությունների դեմ, հնչեցրել է օրենքի պահանջները, այդ թվում՝ ոչ պատշաճ հագուստով ներկայացող անձանց մասով, ինչին ի պատասխան դատավորը հայտնել է, որ պաշտպանի հագուստը պատշաճ է, սակայն այդպես էլ չի պատճառաբանել, թե ակնոց հանելու իր պահանջը ինչ իրավական նորմով է հիմնավորվում։

Փաստաբանի ներկայացրած հանգամանքները քննարկվել են Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից: Քննարկման շրջանակներում հանձնաժողովն արձանագրում է, որ նույն քրեական վարույթով նույն դատավորի կողմից փաստաբան Զոյա Սակովային ուղղված ակնոցը հանելու պահանջի իրավաչափությանը եւ վերջինիս վարույթից հեռացնելու հարցին արդեն իսկ անդրադարձել է իր 25.07.2025թ. հայտարարությամբ:

Նշված հայտարարությամբ Հանձնաժողովը հորդորել է դատարաններին եւ այլ պետական մարմիններին ձեռնպահ մնալ փաստաբանների մասնագիտական օրինական գործունեությանն անհարկի միջամտություններից, սակայն ստիպված ենք արձանագրել, որ սույն դեպքում փաստաբանի եւ հանրային պաշտպանի թիրախավորումը կրում է շարունակական բնույթ։

Հիշեցնելով իր նախորդ հայտարարությամբ վկայակոչած կարգավորումները եւ վերլուծությունները՝ Հանձնաժողովը վերահաստատում է, որ փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվում են միայն օրենքին, եւ պարտավոր չեն կատարել օրենքից չբխող պահանջներ։ Միեւնույն ժամանակ, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են չմիջամտել փաստաբանական գործունեությանը:

Ավելին, փաստաբանների նկատմամբ դատավարական եւ դրանից բխող կարգապահական պատասխանատվության հիմքերը պետք է հիմնված լինեն բացառապես օրենքով սահմանված մասնագիտական վարքի չափանիշների վրա, որոնք համահունչ են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին եւ ազատություններին։

Հանձնաժողովը կրկին արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում փաստաբանների կողմից դատարաններում եւ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս հանդերձանքի եւ արտաքին տեսքին ներկայացվող հատուկ պահանջներ։

Փաստաբանի կողմից որեւէ աքսեսուար կրելու հարցը դուրս է օրենսդրական կարգավորումից, հետեւաբար, գտնվում է նրա անձնական կյանքի տիրույթում, որին միջամտությունը եւ հատկապես, դրա հետեւանքով վերջինիս նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը չի բխում օրենքից։

Միաժամանակ, Հանձնաժողովն ուշադրություն է հրավիրում նույնանման հանգամանքներում դատարանի ցուցաբերած տարբերակված մոտեցմանը եւ վարույթի պրոֆեսիոնալ մասնակցի նկատմամբ, որի համար սահմանված են մասնագիտական վարքագծի կանոններ եւ դրանց վերահսկողության կառուցակարգեր, նյութական պատասխանատվության միջոց (տուգանք) կիրառելու հանգամանքին:

Ամփոփելով վերոգրյալը, նպատակ չունենալով որեւէ կերպ միջամտել դատական  իշխանության անկախությանը.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է՝ օրենսդրական պահանջների բացակայության պայմաններում փաստաբանի արտաքին տեսքի կամ հանդերձանքի վերաբերյալ հարցը կարող է քննարկվել բացառապես ելնելով ընդհանուր բարեկրթության, ողջամտության եւ համաչափության սկզբունքներից, առաջնորդվելով համընդհանուր ընդունված էթիկական պահանջներով, արդարադատության մարմնին ներկայանալու պատշաճության ընկալումներով եւ իրավաբանական համայնքում ընդունված եւ ձեւավորված վարվեցողության ավանդույթներով,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ դատարանը շարունակում է իր ոչ իրավաչափ գործելակերպը եւ ապօրինի միջամտությունը, մտահոգություն հայտնելով, որ նմանատիպ շարունակական պրակտիկայի ձեւավորումը բացասական հետեւանք կունենա փաստաբանի ազատ մասնագիտական գործունեության համար եւ կարող է ճնշման գործիք դառնալ,

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է վարույթի պրոֆեսիոնալ մասնակից փաստաբանի նկատմամբ տուգանք դատավարական սանկցիա կիրառելու հանգամանքով,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է դատարաններին եւ այլ պետական մարմիններին ձեռնպահ մնալ փաստաբանների մասնագիտական օրինական գործունեությանն անհարկի միջամտություններից:

«Առավոտ» օրաթերթ

06.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930