Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում՝ դա ցուցիչ է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել որոշ պայմանավորվածություններից»

Սեպտեմբեր 08,2025 14:00

Արմեն Վարդանյանը՝ Ալիևի՝ վաշինգտոնյան հանդիպումից հետո էլ «միջանցք» տերմինն օգտագործելու մասին

 

«Միգուցե ներքին լսարանի համար է Ալիեւն օգտագործում «միջանցք» տերմինը՝ իր դեմքը փրկելու համար, մյուս կողմից՝ ՀՀ-ին ավելի ջղաձիգ դարձնելու համար։ Ալիեւը լավ գիտի, որ դա ՀՀ-ի համար կարմիր գիծ է, եւ ժամանակ առ ժամանակ օգտագործում է այդ տերմինը, որը ՀՀ իշխանությունների կողմից բացասաբար է ընդունվում»,-«Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» միջանցքի եւս մեկ կարեւոր հատված»։

Արմեն Վարդանյանը հիշեցրեց՝ Իլհամ Ալիեւը երկու-երեք տարի առաջ այնպիսի հռետորաբանություն էր օգտագործում, որ ՀՀ-ն ուզի-չուզի միջանցք է տրամադրելու Արբեջանի ուզած պայմաններով, որ Ադրբեջանն անարգել ելումուտ անի։ Ըստ քաղաքագետի՝ Վաշինգտոնում լրիվ այլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ Ադրբեջանում հասկանում են, որ դա անիրականանալի է։

Մեր այն հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ Ալիեւի այս հռետորաբանությունն այն ցուցիչն է, որ խախտվում է վաշինգտոնյան պայմանավորվածությունը, նաեւ Նիկոլ Փաշինյանն էր մտահոգություն հայտնել այդ առիթով՝ նշելով, որ «Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում», Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ դա ցուցիչ է, որ Ադրբեջանը կարող է այսպես ասած հրաժարվել որոշ պայմանավորվածություններից։ Երբ գա դրա իրագործման՝ երթուղու գործարկման պահը, այդտեղ արդեն չգիտեմ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է այնպիսի ներդրումներ անել, կամ պատրա՞ստ է, արդյոք, վճարել ՀՀ-ին, իսկ անցումը ՀՀ-ի տարածքով ենթադրում է նաեւ գումարների տեսքով վճարում ՀՀ-ին, որը բերելու է Հայաստանի ուժեղացման։ Միգուցե նաեւ չցանկանա այս պայմաններով»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ կես տարվա մեջ ամեն ինչ պարզ կլինի՝ այն բանից հետո, երբ ադրբեջանցիներն արդեն կմոտենան ՀՀ-ի սահմանին իրենց ենթակառուցվածքները սարքելով. «Հիմա Ադրբեջանը կառուցում է Բաքու-Հորադիզ-Աղբենդ երկաթուղին, որով Բաքվից երկաթուղային գիծը հասնում է դեպի ՀՀ սահման՝ Արաքս գետի մոտ, դրան զուգահեռ նաեւ շատ խոշոր մայրուղին՝ մի քանի գծերով։ Դրանից հետո արդեն պետք է որոշի՝ այդ անցումը ո՞նց է շարունակվելու Հայաստանի տարածքով՝ դեպի Նախիջեւա՞ն, թե՝ պետք է ՀՀ-ի տարածքը շրջանցելով՝ անցնի Իրան եւ այնտեղից գնա։ Մոտակա կես տարվա ընթացքում պարզ կլինի իրոք Ադրբեջանը շահագրգռվա՞ծ է ՀՀ-ի երթուղուց օգտվել այն պայմաններով, ինչպես Վաշինգտոնում են պայմանավորվել, թե՝ հնարավոր է, որ խուսափի դրանից։ Ալիեւն էլ ասաց, որ ՀՀ-ի տարածքով երթուղու դիմաց ՀՀ-ն կարող է մեծ գումարներ ստանալ։ Վճարներ գանձվելու են, իսկ դա ուժեղացնելու է ՀՀ-ին։ Արդյոք դա Ալիեւն ուզո՞ւմ է։ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում ասի՝ չեմ ուզում ՀՀ-ի բյուջեի այդ գումարները վճարել, Իրանի տարածքով եմ անցնում»։

Մեր հարցին՝ հատկապես այն համատեքստում, որ Իլհամ Ալիեւն արդեն չի պահում պայմանավորվածությունները, արդյոք ճի՞շտ էր Աննա Հակոբյանի՝ Ալիեւի ու Էրդողանի կանանց հետ ուրախ ֆոտոշարքը, ինչը քննադատության առարկա դարձավ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Եթե իմանամ՝ դրա դիմաց ՀՀ-ն ինչ-որ բան է ստանալու, կասեմ՝ նորմալ է, բայց չեմ տեսնում, որ դա ինչ-որ շոշափելի արդյունքի է բերելու։ Նույնիսկ լարվածության մեղմացմանը գուցե կարող է չնպաստել։ Միգուցե կան բաներ, որ մեզ համար տեսանելի չեն, միգուցե այսպիսի քայլերով կարելի է փոխվստահության մթնոլորտը մեծացնել, այդ դեպքում խնդիր չեմ տեսնում։ Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել եւ միանշանակ չէր ընդունվելու։ Ուղղակի պիտի հասկանալ՝ ի՞նչ մոտիվացիա ու հաշվարկներ կան այդպիսի քայլերի գնալուց առաջ։ Կոնկրետ այդ հարցի պատասխանը չունեմ՝ ինչի՞ համար է Աննա Հակոբյանը գնացել այս քայլին ու ի՞նչ է ստանալու դրա դիմաց»։

Մեր այն դիտարկմանը՝ Չինաստանում Պուտին-Ալիեւ հանդիպում չկայացավ, պարզապես ձեռքսեղմում տեղի ունեցավ Պուտինի եւ Ալիեւի միջեւ եւ հարցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Նաեւ ռուս պաշտոնյաներն են ասում, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիր կա։ Այդ մասին էլ Պուտինն ու Օվերչուկը օրերս հայտարարեցին։ Այնպես որ, միայն բարեւելով չէ դրսեւորվում, որ այդ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ կա։ Այս պահին որեւէ նախանշան չկա, որ այդ ճգնաժամը գնում է լուծման, քանի որ Ադրբեջանն իր պահանջներն ունի. մասնավորապես կործանված ինքնաթիռի հետ կապված փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից, իսկ ՌԴ-ն չի պատրաստվում փոխհատուցում տալ, ավելին, ՌԴ-ի ճնշումները շարունակվում են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ։ Նաեւ տեսնում ենք, որ Ուկրաինայում Սոկարի ենթակառուցվածքներն են թիրախավորվում։ Եվ կարծես թե ռուսական կողմն էլ ինչ-որ վիրավորվածության, նեղվածության զգացում ունի Ալիեւի կողմից եւ փորձում է վրեժ լուծել նրանից»։

 Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930