Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Արտանիշ գյուղը գտնվում է Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Սևանա լեռնաշղթայի հարավային կողմում։ Արտանիշի պատմական անցյալ ունենալու մասին են վկայում պահպանված պատմական հուշարձանները, որոնցից է կիկլոպյան ամրոցը՝ գյուղի արևմտյան ծայրամասում։
Ժամանակը, բնական աղետները, հնարավոր է՝ մարդկային գործոնը մեծ վնաս են հասցրել ամրոցին։ Ոչ մեծ թեքություն ունեցող բլուրը պարիսպներով բաժանված է եղել 3 հատվածի։ Վերին հատվածում եղել է միջնաբերդը, միջին ու ներքին հատվածում՝ բնակելի թաղամասերը։ Շատ կացարան-շինությունների հետքերը, հիմքերը, պատերն այդ են վկայում։
Կարդացեք նաև
Պարիսպների պահպանված որոշ հատվածներ պարզապես հարցեր են առաջացնում՝ ինչպես են առանց տեխնիկայի մարդիկ հսկա քարերը միահյուսել։ Որոշ մասերում պարիսպի մնացորդներն ունեն 3 և ավելի մետր բարձրություն։ Ժամանակին լիճն ավելի մոտ է եղել ամրոցը պահող բլրին, ողողել ափերը։
Հարավային կողմի պարիսպները նույնպես եղել են լճափնյա։ Բլրի արևմտյան կողմում նշմարվում է նաև պատմական ճանապարհը, որը հասել է ամրոցի մուտքին։ Հնարավոր է՝ այլ մուտքեր էլ է ունեցել։
Ամրոցի հյուսիսային և համեմատաբար թույլ կողմում կա մեկ այլ բլուր, որի վրա նույնպես շինությունների հետքեր կան։ Այստեղ երևի դիտակետ կամ աշտարակ է եղել։
Երբ է հիմնվել այստեղ ամրոցը, ով է հիմնել, որևէ տեղեկություն չկա մատենագրության մեջ։
Ըստ ուսումնասիրող հնագետների՝ քանի որ պարիսպները շարված են կոպիտ, անտաշ, ճեղքված բազալտ ժայռաբեկորներից, առանց միացնող շաղախի և մանր քարերի լիցքի, ենթադրել են տալիս, որ այս ամրոցն ունի 3000 և ավելի տարվա պատմություն։
Մինչև երբ է գոյատևել, նույնպես պարզ չէ, բայց սարալանջի հարավային ու ստորին կողմում կա հայկական հնադարյան գերեզմանատուն, հսկա և գրեթե չմշակված քարերով, որոնց վրա խաչեր են քանդակված։ Խաչաքանդակ այդ քարերի մի մասը կանգուն է, որոշներն ընկած են գետնին։
Մի խաչքար, որ գտնվում է գերեզմանոցի եզրին, ունի մոտ 3 մ․ երկարություն, և 1 ք/մ հիմք, երևի ժամանակին եղել է վիշապաքար։ Վերին հատվածը մշակված է։
Երբ իջնում էինք ամրոցից և անցնում գյուղի փողոցներով, ցանկապատերի մեջ խաչքարեր տեսանք։ Պարզ է՝ բերվել են մոտակա միջնադարյան գերեզմանոցից։ Նույն ցանկապատերը հիմնականում կառուցվել են ամրոցի պարիսպներից բերված քարերով։
Ճանապարհի եզրին ընկած է մեկ այլ խաչքար՝ 2, 55 մ երկարությամբ և 55 սմ լայնությամբ։ Քարի վրա 2 մեծ խաչ է քանդակված։ Կան նաև փոքրերը։ Ավելի փոքր չափերով ու 1 խաչով մի շիրմաքար էլ գտնվում է մոտակա պատի տակ։
Արտանիշ գյուղից ոչ հեռու՝ արևմտյան կողմում, բացահայտվել և պեղվել է մի հնավայր, իսկ հարավային կողմում՝ Սևանա լճի ափին՝ Արտանիշ թերակղզու ներքին հատվածում կա ավերակ եկեղեցի։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ