Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթը դարձել է մեղադրական եզրակացություն. Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբեր 08,2025 14:10

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործի քննությունը։ Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չցանկանալով խորանալ իրավական մանրամասնությունների մեջ՝ ուզում է եւս մեկ անգամ կրկնել, որ մեղադրական եզրակացությունն ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից. «Սա քաղաքական փաստաթուղթ է, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն եւ այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն…Ըստ էության, քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթը դարձել է մեղադրական եզրակացություն: Եվ սրա հետ է կապված, որ այդ մեղադրական եզրակացության մեջ կան այնպիսի անհեթեթություններ, որոնք համադրելի չեն իրավական, սահմանադրական կամ որեւէ այլ ձեւակերպումների հետ»:

Նրա ձեւակերպմամբ, ամեն հանցագործություն ունի շարժառիթ, իսկ այս մեղադրական եզրակացության մեջ 2 շարժառիթ է նշված՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը եւ իշխանությունը իր մերձավոր Սերժ Սարգսյանին փոխանցելը: Երկրորդ նախագահն ասաց, որ չի հասկանում, թե ինչ ասել է իշխանության ցանկալի համակարգ, քանի որ իշխանական համակարգը պետական ինստիտուտների ամբողջությունն է, եւ ինստիտուտների համակարգը նկարագրված է Սահմանադրության մեջ: Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ համապատասխան գրականություն է ուսումնասիրել, անգամ դիմել է արհեստական բանականության օգնությանը՝ նշյալ հարցի պատասխանը ստանալու համար:

Նաեւ ընդգծեց. «Ստացվում է՝ այս մեղադրական եզրակացությամբ ինձ մեղադրում են այն բանի համար, ինչն իմ պարտականությունն է որպես նախագահ… Սա աբսուրդ է…»։

Ինչ վերաբերվում է մեղադրանքի երկրորդ մասում «ամեն գնով իշխանությունը փոխանցել իր մերձավոր Սերժ Սարգսյանին» հատվածին, այս մասին էլ Ռոբերտ Քոչարյանը հետեւյալը նշեց. «Այս մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ՝ ո՞վ է Սերժ Սարգսյանը…այս մեղադրական եզրակացության մեջ նշված չէ՝ ով է Սերժ Սարգսյանը, հարեւա՞նս է, մանկական ընկե՞րս է, ո՞վ է…Ախր ամեն ինչը չափ պետք է ունենա: Դատախազությունը չգիտի՞, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ էր, նա վարչապետ է դարձել, որովհետեւ 2007թ. եղել են խորհրդարանական ընտրություններ խորհրդարանական ընտրությունների արդյունքում է Սերժ Սարգսյանը դարձել վարչապետ, ոչ թե մտերմության արդյունքում… Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ինքը դարձավ ՀՀԿ առաջնորդ եւ այսպես շարունակ…»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930