«Մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին, մասնակցելու ձեւաչափը լինելու է դաշինքը»,- այսօր «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսում ասաց նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Հարցին, թե ո՞ւմ հետ կհամագործակցեն եւ ո՞ւմ հետ չեն համագործակցի, նա պատասխանեց․ «Համագործակցելու ենք բոլոր այն անձանց հետ, ում իրական նպատակը Հայաստանին այս չարիքը բերած եւ ՀՀ տակ ամենօրյա ռեժիմով ռումբեր տեղադրող իշխանությանը հեռացնելն է։ Կհամագործակցենք այն անձանց հետ, ովքեր գաղափարային առումով դեմ են այսօրվա իշխանության արժեհամակարգին, ում ծրագրերը, գաղափարները եւ արժեհամակարգը մոտ են մեր արժեհամակարգին, գաղափարներին ու ծրագրերին»։
Նաիրի Սարգսյանը նշեց, որ «Հայաստանը ես եմ»-ն ի սկզբանե հանրահռչակվել էր որպես հասարակական-քաղաքական միավոր, բայց փոփոխվել է եւ դարձել քաղաքական-հասարակական։
«Բաց ու թափանցիկ ենք, պատկերացրեք՝ նախորդ մեկ տարվա ընթացքում մեր հետեւում որքան փնտրած կլինեն տարբեր ուժերի, գործիչների, եթե որեւէ մեկի ականջը կարողանային տեսնել կամ նշմարվեր թեկուզ, վաղուց դրա մասին կխոսեին։ Եթե մարդիկ կան, ովքեր փորձում են մեր հետեւում որեւէ մեկի ականջները փնտրել, խորհուրդ կտամ ուղղակի անօգուտ գործով չզբաղվել։ Որեւէ մեկին չեն կարող գտնել, որովհետեւ մեզ համար գերական Հայաստանի շահն է եւ մենք այդ շահի գիտակցումով ենք առաջնորդվում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօրվա ասուլիսում Նաիրի Սարգսյանը հիշեցրեց, որ կառավարությանն ուղղված պահանջ-առաջարկներ էին ներկայացրել։ ՀՀ առջեւ ծառացած խնդիրների խորքային վերլուծություն են իրականացրել, այնուհետեւ մշակել են դրանց լուծման ուղիները եւ ներկայացրել կառավարությանը։ «Բայց մենք որոշել ենք այդ առաջարկներն այլեւս չներկայացնել այս կառավարությանը՝ հետագայում հասարակության հետ մենք դա կդարձնենք քննարկման առարկա եւ ծրագրային դրույթներ՝ ՀՀ առջեւ ծառացած խնդիրները լուծելու նպատակով»,- նշեց նա։ Սարգսյանը ներկայացրեց այդ 18 պահանջ-առաջարկները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ