«Առանձնապես շատ հետաքրքրված չեմ ֆուտբոլով, ուղղակի, երբ խաղում է Հայաստանի հավաքականը, էդ դեպքում նայում եմ խաղը։ Որ ասեմ՝ ֆուտբոլի գիտակ եմ, ուղղակի Հայաստանի հավաքականի համար եմ գնացել այդ խաղին»,- անդրադառնալով լրագրողների դիտարկմանը՝ արդյոք չեք կարծո՞ւմ, որ Հայաստան-Պորտուգալիա խաղից հետո Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (ՀՖՖ) Արմեն Մելիքբեկյանը հրաժարական չպե՞տք է տա, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Ըստ նրա՝ «շատ վատ» էր, որ խաղը պարտվեցինք։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը ֆուտբոլի տոմս գնե՞լ է, նա պատասխանեց՝ ՀՖՖ-ից են իրեն և այլ պատգամավորների տոմս են տվել․ «Տոմսն ինձ տվել էր ֆեդերացիան։ Ֆեդերացիային պետք է ուղղեք հարցը, թե ինչու են տրամադրել տոմս, նաև, որովհետև այլ խաղերին էլ միշտ գնում, նայում եմ Հայաստանի խաղը»։
Լրագրողների դիտարկումը՝ զինաշխատողներին, հաշմանդություն ունեցող, մանկատների երեխաներին տոմս չի հասել, իրեն տոմսեր են տվել և հարցին՝ այդտեղ խտրական վերաբերմունք չկա՞, պատգամավորը պատասխանեց․ «Մարզադաշտը լեփ լեցուն էր։ Որևէ խտրական վերաբերմունք չեմ տեսնում, նամանավանդ մյուս խաղերը նույնպես գնացել, նայել եմ։ Էնպես չէ, որ հենց այս խաղի համար ինձ տոմս տվեցին»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե այդ վերաբերմունքը վերանայվի՞, նա պատասխանեց․ «Վերանայողը ֆեդերացիան պիտի լինի»։ Լրագրողների հարցին՝ որպես արդարության կողմնակից խոստանո՞ւմ եք, որ գոնե Դուք կհրաժարվեք նման դեպքերում և փորձեք հավասարություն մտցնել Ձեր ու քաղաքացիների միջև, այս հարցին Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Եղել են քաղաքացիներ, որոնք ինձնից տոմս են խնդրել, ես դիմել եմ ֆեդերացիային, ինձ տվել են տոմս, ես տրամադրել եմ 5-6 քաղաքացիների»։
Լրագրողների հստակեցմանը՝ այսինքն՝ Ձեր իշխանական դիրքը օգտագործելով՝ Դուք քաղաքացիների համար տոմսի հարց եք լուծե՞լ, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Պատկերացնու՞մ եք, ինչ-որ քաղաքացիների հարց եմ լուծել։ Մարդը չի կարողացել տոմս ձեռք բերել, ես մարդուն տվել եմ տոմս։ Դրանք այնպիսի տոմսեր են եղել, որոնք ֆեդերացիան կարողացել է հատկացնել ինձ։ Ունեցել եմ, տվել եմ, լավ չէ՞։ Եթե ունեի հնարավորություն այդ մարդկանց օգնելու, չօգնեի՞։ Այս հարձակումից հետո անգամ իմ տոմսը իմ ձեռքից կվերցնի ֆեդերացիան»։
Լրագրողների դիտարկմանը՝ մի՞թե սա կոռուպցիոն դրսևորում չէ, նա պատասխանեց․ «Ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ գնացեք դիմեք իրավապահներին, ասեք՝ Հրաչյա Հակոբյանը կոռուպցիա է արել, ֆուտբոլի տոմս է տվել մարդկանց՝ անվճար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ