Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է սահմանել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու պահանջ

Սեպտեմբեր 08,2025 15:45

Քննարկվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումները

Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջեւ դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել եւ բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը եւ վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետեւանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահպանման եւ հիվանդությունների կանխարգելման հարցը: Այս մասին սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը եւ հավելել, որ որակյալ լաբորատոր հետազոտությունների հետ կապված հարցերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում:

Զեկուցողը նշել է, որ մեր երկրում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ, անկախ կազմակերպական իրավական ձեւից, գերատեսչական պատկանելիությունից, գործունեության տվյալ տեսակի համար ենթակա են լիցենզավորման՝ Առողջապահության նախարարության կողմից:

Թեպետ լիցենզավորման համար գործող պահանջները սահմանված են, այնուամենայնիվ, որակի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները ներառված չեն լիցենզավորման գործընթացներում:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումներով Կառավարությունն առաջարկում է սահմանել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու պահանջ, միաժամանակ օրենքով Կառավարությանը վերապահել լիազորություն` սահմանելու որակի կառավարման համակարգը եւ ներդրման կարգը:

Նշվել է, որ միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններն կարիք չեն ունենա ներդնելու որակի անհրաժեշտ համակարգը:

Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունում որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կազմակերպության լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից կկասեցվի այնքան ժամանակ, մինչեւ լրացվի այդ բացը: Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ստեղծմանը:

Հարակից զեկուցող, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ազգային ժողով​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930