Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ Bjarke Ingels Group-ը (BIG)՝ «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ

Սեպտեմբեր 08,2025 16:45

Սեպտեմբերի 4-5-ին դանիական հեղինակավոր BIG ընկերության պատվիրակությունը՝ BIG-ի գործընկեր Քեթրին Հուանգի գլխավորությամբ, Երևանում էր։ Այցի նպատակը «Այբ»-ի ղեկավարության ու գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի ճարտարապետական հայեցակարգի վերջնականացումն  ու հաստատումն էր։ Հայեցակարգի մշակման աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ:

«Այբ»-ի համագործակցությունը ճարտարապետական առաջատար կազմակերպության հետ ոչ միայն կրթության ոլորտում կարևոր ձեռքբերում կլինի մեր երկրի համար, այլ նաև կրթության ճարտարապետության հավակնոտ նախագիծ՝ համաշխարհային մակարդակով: BIG-ը համարվում է աշխարհի լավագույն և նորարարական ճարտարապետական ընկերություններից մեկը, որը հիմնադրվել է դանիացի հեղինակավոր ճարտարապետ Բյարկե Ինգելսի կողմից և նախագծեր է իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում՝ ստեղծելով շենքեր, որոնք փոխակերպում են քաղաքային տարածքները և դարձնում դրանք զբոսաշրջային հայտնի կենտրոններ:

«Կրթությունն է, որ փոխում է քեզ ու քո կյանքի ուղղությունը։ Հետևաբար, այս նախագիծը լի է ձգտումով, հավակնությամբ ու ներշնչանքով, և դրա մի մասնիկը լինելը մեզ համար մեծ նշանակություն ունի: Շատ ոգևորիչ է աշխատել հենց այստեղ՝ Հայաստանում։ «Այբ»-ն իրոք առանձնահատուկ վայր է և զգացվում է մեծ ցանկություն՝ ստեղծելու լավագույնը և ձգտելու գերազանցության: Մեզ համար մտածելու հնարավորություն է, թե ինչպես կարող են ճարտարապետական տարածքները ձևավորել սովորելու մշակույթ ու միջավայր»,- ասում է BIG-ի գործընկեր Քեթրին Հուանգը:

Ավագ դպրոցի՝ «Այբ» կրթական ավանում կառուցվելիք նոր մասնաշենքը կմեծացնի մրցունակ, որակյալ ու նորարար կրթության հնարավորությունները՝ միաժամանակ կրկնապատկելով ավագ դպրոցի աշակերտների թիվը։ Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն, քանի որ ավագ դպրոցում աշակերտների շուրջ 70%-ը սովորում է բարերարների աջակցությամբ։

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքով՝  կրթությունը մշտապես զարգանում է, և մենք պատրաստում ենք երեխային մի ապագայի, որի մասին մենք էլ պատկերացում չունենք․ «Դա նշանակում է, որ կրթությունը շատ ավելի հեռու պետք է նայի, և այսօրվա գործողությունները միտված են շատ ավելի հեռու ապագայի: Բացի դրանից, այս նախագիծն ունի սոցիալական մեծ նշանակություն, և մեզ համար կարևոր է, որ երեխայի կրթությունը կախված լինի ոչ թե ընտանիքի վճարունակությունից, այլ բացառապես երեխայի կարողություններից, և մենք ուզում ենք հնարավորինս շատ երեխաների տալ այդ հնարավորությունը»:

Նախագիծը, բացի միջազգային ճարտարապետական ընկերությունից, ունի նաև հայաստանյան գործընկերներ․  «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը հանդես է գալիս որպես գործադիր ճարտարապետ, իսկ ծրագրի կառավարումը ստանձնել է «Պրոդեկո» կազմակերպությունը:

«Այբ» կրթական ավանում նոր մասնաշենք կառուցելու նախագծին միացել է նաև Revizto-ն՝ որպես հովանավոր և գործընկեր տրամադրելով համաշխարհային առաջատար ծրագրային լուծումներ, որոնք կնպաստեն նախագծման և շինարարության հաջող իրականացմանը։

Նախագծի իրականացման առաջին խոշոր ներդրումն արդեն կատարել է «Հենդերսոն Հայաստան» ընկերությունը:  Նոր մասնաշենքը նախատեսվում է ամբողջությամբ կառուցել բարերարների ու «Այբ» համայնքի միջոցներով:

Ծրագրի այս փուլում BIG-ի, «Այբ»-ի ու գործընկերների պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի հետ:

«Այբ»-ի գաղափարախոսությամբ՝ կրթական միջավայրը պարզապես ֆիզիկական տարածք չէ. այն կրթության կազմակերպման ուրույն դերակատար է, և ճարտարապետական յուրաքանչյուր լուծում պետք է արտացոլի մեր արժեքներն ու գաղափարները։

 

«Այբ» դպրոցի մասին

«Այբ» դպրոցը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից 2011 թվականին: Դպրոցն ապահովում է ամբողջական կրթություն միջազգայնորեն մրցունակ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու ծրագրով, որը հիմնված է արժեքահեն կրթության վրա։ «Այբ» ավագ դպրոցը Հայաստանի ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է․ այստեղ աշակերտների շուրջ 70%-ը սովորում է բարերարների աջակցությամբ։

Դպրոցի առաքելությունն է` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930