Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Ավանեսյան. «Ես հայ ընտանիքում եմ մեծացել իսկապես հայկական ավանդույթներով»

Սեպտեմբեր 08,2025 17:30

«Կերոն» զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում այս օրերին ծնողների հետ Հայաստանում է աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկը՝ մեր հայրենակից Էլինա Ավանեսյանը:

Էլինան, որն անցած տարվանից է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ արդեն այս տարվա մարտ ամսին հասցրել է զբաղեցնել WTA վարկանիշային դասակարգման ցուցակի 36-րդ հորիզոնականը, ինչը բացառիկ երեւույթ է հայկական թենիսի համար, հայրենիքում արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջոցառումների՝ վարպետաց դասեր, հանդիպումներ մարզիկների, երեխաների հետ եւ այլն:

Այսօր անվանի մարզուհին հանդիպեց նաեւ լրագրողների հետ, պատմեց մարզական կարիերայի ընթացքի, վնասվածքների, ծրագրերի եւ նոր մարտահրավերների մասին: Էլինան նախորդ այցելությունից մեկ տարի հետո նկատելի առաջընթաց քայլ է տեսնում Հայաստանում թենիսի զարգացման գործում, ուրախանում, որ այս ընթացքում շատացել է թենիսով զբաղվող երեխաների թիվը, իսկ մանուկների աչքերը, որոնք ակնկալիքով նայում են իրեն, ոգեւորում են եւ պարտավորեցնում անել ամեն բան Հայաստանը աշխարհի կորտերում արժանապատիվ ներկայացնելու համար:

Մինչ ասուլիսի սկսվելը, Aravot.am-ը կարճ զրույց ունեցավ Էլինայի հայրիկի՝ Արարատի հետ: Նա ասաց՝ իր մշտական ցանկությունն է եղել, որ եթե Էլինան դառնա պրոֆեսիոնալ թենիսիստուհի, հանդես գա Հայաստանի դրոշի ներքո: «Երբ Էլինան դեռ շատ փոքր էր, ընդամենը տարված էր թենիսով: Իսկ երբ մեծացավ, նրա երազանքն էլ դարձավ Հայաստանը ներկայացնել աշխարհում»,-ասաց ծագումով արցախցի Արարատը: Որոշեցինք լսել նաեւ Էլինային:

-Նախ, բարի գալուստ տուն: Էլինա, հայրդ ասում է, որ տարիքի հետ միասին դու ավելի ու ավելի շատ ես ցանկացել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Ի՞նչն է պատճառը, ընտանեկան դաստիարակությո՞ւնը, թե՞ ինչ-որ արտառոց բան է կատարվել:

-Ես հայ ընտանիքում եմ մեծացել, բնականաբար, հայկական ավանդույթներով: Երբ փոքր է, դեռ չէի հասկանում: Բայց տարիների հետ այդ զգացումը իմ մեջ նույնպես մեծանում էր: Հիմա արդեն հասուն եմ եւ ինքնուրույն եմ որոշումներ կայացնում: Ու հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս պահին Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը:

-Դու մասնակցում ես Ավստրալիայի, ԱՄՆ-ի բաց առաջնություններին, Ռոլան Գարոսին, Ուիմբլդոնյան մրցաշարին: Դրանք հայաշատ երկրներ են: Հայերը գալի՞ս են կորտեր՝ քեզ երկրպագելու եւ աջակցելու:

-Այո, մեր հայրենակիցների աջակցությունը զգում եմ հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Եվ նրանց սերն ու աջակցությունը իսկապես զգում եմ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930