Ավելի քան մեկ տարի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը մրցաշրջան 2025-ում անդադար հետապնդող վնասվածքների ու հիվանդության պատճառով վերջին ամիսներին կտրուկ նվազեցրել է մասնակցությունը միջազգային մրցաշարներին, ինչի հետեւանքով WTA վարկանիշային դասակարգման ցուցակում նկատելիորեն զիջել է դիրքերը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դեռեւս վերջնականապես չի ապաքինվել, սակայն արդեն վերադառնում է մեծ կորտ: Նա խոստովանեց, որ ցանկացած անհաջողությունից հետո շատ բարդ է վերականգնել նախկին մարզավիճակը, սակայն ընդգծեց, որ այդ ամենը լավ փորձություն է, որը սովորեցնում է դժվարությունները հաղթահարել եւ խոստացավ, որ անելու է ամեն բան, որպեսզի սկզբի համար վերականգնի այն դիրքը, որ ուներ այս տարվա սկզբին, երբ աշխարհում զբաղեցնում էր 36-րդ հորիզոնականը:
Aravot.am-ը նկատեց, որ խոշոր մրցաշարերում Էլինան, անշուշտ, շփվում է ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի հետ եւ հետաքրքրվեց, թե պատահե՞լ է, որ խոսեն Կարենի՝ նույնպես Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հնարավորության մասին: «Այո, ես Կարենի հետ մրցաշարերում հանդիպում եմ ու դա նաեւ քննարկվում է: Ուրախ էր, որ ես այսպիսի որոշում եմ կայացրել: Նա հաճելի մարդ է եւ ես կարող եմ նրան միայն հաջողություններ մաղթել: Բայց կարծում եմ, որ Հայաստանը ներկայացնելը նրա անձնական որոշելիքն է: Վստահ եմ, որ եթե նա այդպիսի որոշում կայացնի, դա ուրախալի կլինի ոչ միայն ինձ համար, նրա համար, այլեւ հայ ժողովրդի եւ ամբողջ Հայաստանի համար»,-ասաց Էլինա Ավանեսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ