Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է տեսնել կյանքի կոմեդիան, իսկ կյանքի դրամայի ժամանակ ժպիտով ընտրել սերը. Թելման Առաքելյան

Սեպտեմբեր 08,2025 18:25

«Բոհեմ» թատրոնում սեպտեմբերի 10-ին եւ 11-ին կկայանա «Մոնա Լիզա» կատակերգության պրեմիերան՝ «Երիտասարդները՝ մեր ներկան» նախագծի շրջանակում։ Բեմադրիչ, պիեսի հեղինակ եւ գլխավոր դերակատար Թելման Առաքելյանն Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալ կերպ է ձեւակերպում ներկայացման ուղերձը. «Պետք է տեսնել կյանքի կոմեդիան, իսկ  բոլոր խնդիրներից ու բարդ իրավիճակներից հետո՝  կյանքի դրամայի ժամանակ ժպիտով ընտրել սերը»։

Խոսելով Մոնա Լիզայի եւ ներկայացման մեջ սիրային եռանկյունու կապի մասին՝ Թելմանն ասում է. «Մոնա Լիզան ամենաքննարկվող կերպարներից մեկն է, իսկ սիրային եռանկյունին ամենահին երկրաչափական հույզն է, որ մարդն ապրում է։ Երկուսի կապը, կարծում եմ, ակնհայտ է. Մոնա Լիզան  արվեստի այն ստեղծագործություններից է, որ արդեն 500 տարուց ավելի պատից կախված՝ տեսնում է սիրային եռանկյունիների ողջ շարանը»։

Ինչ վերաբերվում է «Երիտասարդները՝ մեր ներկան» նախագծին, մեր զրուցակիցը հավելում է. «Նախագիծը շատ կարեւոր է երիտասարդների համար։ Այն հնարավորություն է ստեղծագործել եւ  բաց է այն երիտասարդների համար, որոնք որոշել են փորձել նոր ներկայացումներ բեմադրել։ Սա արդեն իմ երկրորդ ներկայացումն է՝ այս նախագծի շրջանակում: Առաջինն «Անտանիք ընտանիք» ներկայացումն էր, որն իրոք ունեցավ մեծ հաջողություն »:

Հարցին՝ ի՞նչ կտանի իր հետ հանդիսատեսը ներկայացումից, Թելման Առաքելյանն այսպես պատասխանեց. «Ցանկացած մարդ յուրահատուկ է իր զգացողությունների առումով: Կարող եմ ասել, թե ինչ ենք մենք ներդրել այս ներկայացման մեջ` մեր ստեղծագործական անձնակազմով: Մեր ունեցած ողջ սերը, զարմանքը, քնքշությունը եւ մնացած հույզերը  մինչև վերջին կաթիլը թողնելու ենք բեմում: Հույս ունեմ, որ  մեկ ու կես ժամի ընթացքում կկարողանանք  ապահովել հանդիսատեսի անդադար ծիծաղը»:

Հավելենք, որ ներկայացման մեջ բացի Թելման Առաքելյանից ներգրավված են նաեւ Թամարա Պետրոսյանը, Զառա Սահակյանը եւ Նվարդ Դուդուկչյանը, ներկայացման պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930