Տեխնոլոգիաների զարգացումը, ժամանակակից իրողություններն ու երկրների առջեւ ծառացած մարտահրավերներն աշխարհում կրիտիկական մետաղների պահանջարկի աճ են ստեղծել։ Հայաստանն անմասն չի մնա այս զարգացումներից։ Կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում էականորեն աճելու է, եւ մասնագետները կարծում են, որ Հայաստանը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել երկրաչափական պրոգրեսիայով աճող այս պահանջարկը լրացնելու խիստ կարեւոր հարցում։
Հայաստանում արդյունահանվող տարատեսակ հանքաքարերում կրիտիկական մետաղների առկայության մասին ճշգրիտ տեղեկություններ դեռ չկան։ Կրիտիկական են համարվում այն քիմիական տարրերը (մետաղները եւ ոչ միայն), որոնք ունեն սահմանափակ կամ խիստ սահմանափակ տարածում երկրակեղեւում, բայց ունեն կենսական կարեւոր՝ կրիտիկական նշանակություն ժամանակակից ու առավելապես ապագայի տեխնոլոգիական արդյունաբերության համար՝ ներառյալ «կանաչ տեխնոլոգիաները»։ Մասնագետներն ասում են, որ այս տարրերը ռազմավարական նշանակության տարրեր են եւ վճռորոշ են լինելու մարդկության ապագայի զարգացման տեսանկյունից այնպես, ինչպես 19-20–րդ դարերում վճռորոշ էին սկզբում ածուխը, այնուհետեւ՝ նավթը։ Կրիտիկական մետաղների թվին են դասվում լիթիումը, կոբալտը, նիկելը, պլատինը, տանտալը, վոլֆրամը, նիոբիումը, ծարիրը, սկանդիումը իտտրիումը, լանթանի խմբի տարրերը պղինձը եւ այլն, ամեն երկիր ինքն է որոշում, թե որ մետաղներն են իր համար կրիտիկական։ Չինաստանը, Ռուսաստանը, Եվրամիության որոշ երկրներ, ԱՄՆ-ն արդեն ունեն կրիտիկական մետաղների իրենց ցանկերը։ Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներն իրենք են իրենց համար սահմանում այդ ցանկերը։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիայի վարիչ Արշավիր Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ նախ ինքներս մեզ հարց պետք է տանք՝ արդյոք մենք ունե՞նք այն արդյունաբերությունը, որը կպահանջի կրիտիկական մետաղների լայն կիրառություն։ «Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չունենք։ Մենք հույս ունենք, որ ապագայում կհասնենք դրան, երբ մեր արդյունաբերությունը մետաղների պահանջարկ կներկայացնի ու կփորձի ֆինանսավորել այդ ուղղությունները, եւ ոլորտը կուսումնասիրվի արդեն մեր տեխնոլոգիական արդյունաբերության պահանջարկից ելնելով, փոխանակ դրսից ներմուծելը։ Այսօր ռազմական տեխնոլոգիաների, մասնավորապես դրոնների մասին շատ են խոսում, դրանց մեջ մետաղներ են, հիմնականում պղինձ, նաեւ հազվագյուտ եւ թանկարժեք մետաղներ։ Այդ ամբողջը ներմուծվում է, եւ դա այն դեպքում, երբ մենք ունենք պղնձի միջին եւ խոշոր հանքավայրեր։ Այսինքն՝ մեր տեխնոլոգիական արտադրության կամ գոնե էլեկտրական հոսանքի կաբելի համար մենք մաքուր պղինձ չունենք, ստիպված դա պետք է ներմուծենք։ Որպեսզի մենք ունենանք կրիտիկական մետաղների մեր ցանկը, որը պետք է կիրառելի լինի մեր արդյունաբերության համար, մենք պետք է ունենանք դրան համապատասխան զարգացած տեխնոլոգիական արդյունաբերություն։ Ամեն ինչ սկսվում է արդյունաբերությունից, նույնիսկ գիտության ռեալ զարգացումն է սկսվում զարգացած արդյունաբերությունից»,- ասում է Արշավիր Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Իսկ արդյունաբերությունը սկսվում է Երկրի ընդերքից ու երկրաբանությունից։ Սա ասվում է թե ուղղակի եւ թե փոխաբերական իմաստով։ Այս առումով երկրաբանները միշտ էլ գտնվել են «առաջին գծում»։
Նրա խոսքով՝ ռազմավարություն պետք է մշակվի կրիտիկական նշանակության մետաղների ոլորտի համար, ավելին, այդ աշխատանքը վաղուց պետք է արվեր՝ դեռևս 2000-ականներին։
Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծված հետազոտական խումբը, որը ֆինանսավորվում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից, ուսումնասիրում է Հայաստանի հազվագյուտ էլեմենտների հնարավոր ներուժը։ «Ինչո՞ւ է սա այդքան կարեւոր, որովհետեւ այս հազվագյուտ էլեմենտներն օգտագործվում են բաձր տեխնոլոգիական ոլորտում, այսօր հնարավոր չէ պատկերացնել կյանքը առանց այդ մետաղների՝ սկսած ձեռքի գաջեթներից, համակարգիչներից, մինչեւ տիեզերական տեխնոլոգիաներ, ռազմական արդյունաբերություն, ամբողջ արտադրությունը այսօր հիմնվում է այս մետաղների վրա»,- նշում է Հովհաննիսյանը։
Ապագայի տեխնոլոգիաների մասին խոսելիս՝ մասնագետն առանձնացնում է պղնձի դերը, պղինձը միակ մետաղն է, որը չի կարող փոխարինվել այլ մետաղով։ Աշխարհում պղնձի պահանջարկը կտրուկ աճում է։ «Ամեն ինչի հիմքում ընկած է պղինձը, վերոհիշյալ կրիտիկական մետաղները անիմաստ են առանց պղնձի, իսկ մենք ունենք այդ պղինձը, որը, նույնիսկ 21-րդ դարում դեռեւս միակ անփոխարինելի մետաղն է։ Այսինքն՝ եթե մենք վաղը-մյուս օրը այս ուսումնասիրությունների արդյունքում պարզենք, որ հազվագյուտ էլեմենտները մեզ մոտ գուցե այնքան շատ չեն, որ սկսենք որպես արդյունաբերական հանքավայրեր արդյունահանել, բայց մենք միեւնույն է՝ ունենք պղինձ եւ ունենք շատ պղինձ։ Մեր նման փոքր երկրի համար մեր ունեցած հանքավայրերը գիտանտ են, երեւի աշխարհում Չիլիից հետո երկրորդ տեղում ենք մեկ շնչին ընկնող պղնձի պաշարների հանքավայրերի ծավալով։ Մեր ունեցած հնարավորությունները համադրելի են այն հնարավորությունների հետ, որն ունի մեր հարեւան երկիրը՝ ունենալով նավթ ու գազ։ Ընդ որում, նավթի ու գազի դերը գնալով պակասում է։ Պետք է նշեմ, որ մեր, հանքարդյունաբերության ոլորտի առավել տեղեկացված տնտեսվարողները նույնպես մտածում են պղնձի՝ ոչ շատ հեռու ապագայում սպասվելիք շատ լուրջ համաշխարհային դեֆիցիտի մասին»,- նշում է մասնագետը։
Մեր ներուժը ճիշտ օգտագործելու համար առաջին հերթին պետք է ունենանք ճիշտ սեփական մետալուրգիա, պղնձի արտադրություն, այսինքն՝ ռաֆինացված մաքուր պղնձի ստացում․ «Սա մեր ապագայի նավթն է, նույնիսկ եթե մենք ուրիշ ոչինչ չունենանք, պղինձը մեզ շատ է առաջ տանելու, բայց դրա համար մեզ պետք է լինելու հետագայում ստանալ մաքուր պղինձ։ Իսկ եթե ոչ, դա նույնը կլինի, որ մենք նավթային խողովակով հում նավթը արտահանենք, փոխանակ մշակենք, ստանանք բենզին, ավիավառելիք, քիմիական տարատեսակ եւ թանկ արժեցող նյութեր։ Ովքեր ասում են՝ մենք աղքատ երկիր ենք, նրանք սխալվում են, մենք հարուստ երկիր ենք, ունենք հարուստ ընդերք։ Նավթ չունենք, և գուցե դա բարեբախտություն է, որովհետեւ այս փոքր երկիրը շատ արագ կաղտոտվեր։
Այսօր Հայաստանում արտադրության և շինարարության համար պղինձ է ներկրվում Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից։ Արշավիր Հովհաննիսյանի խոսքով՝ ապագա տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալու համար մենք պետք ունենանք մեր վերամշակված պղինձը։ Պղնձի գինն աշխարհում այնքան արագ է աճում, որ հետագայում ներմուծումը կարող է դառնալ ոչ շահավետ, իսկ մեր ցանկացած արտադրանքը՝ ոչ մրցունակ։
Մեր զրուցակցի խոսքով՝ հենց պետությունը պետք է հանքարդյունահանողներին որեւէ կերպ աջակցի, ֆինանսական կամ այլ տիպի երաշխիքներ տրամադրի, որպեսզի հնարավոր լինի ստեղծել մետալուրգիական արտադրություն։ Դա մասնավորին այնքան էլ պետք չէ (պահանջում է խոշոր ներդրումներ, ծախսերի վերադարձի շատ երկար ժամանակ, թանկարժեք բնապահպանական լուծումներ), պետությանն է պետք, եւ տնտեսվարողին պետք է համոզել, աջակցել, պաշտպանել ու բերել այդ դաշտ։
Երկրորդ հարցը, մասնագետի խոսքով, այն է, որ շատ հնարավոր է՝ մենք ունենք այլ հանքավայրեր, որոնք դեռևս հայտնաբերված չեն։ ԽՍՀՄ փլուզումից հետո պետական մակարդակով լուրջ աշխատանքներ չեն իրականացվել նոր հանքավայրերի որոնման եւ հայտնաբերման ուղղությամբ։ Պետք է նոր ուսումնասիրություններ սկսվեն, եւ այդ աշխատանքները պետք է իրականացնի պետությունը կամ պետական կառավարման ներքո գտնվող որեւէ ֆոնդ։
ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ նորաստեղծ հազվագյուտ մետաղների հետազոտական խմբի հիմնադիր ու ղեկավար Սամվել Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2022 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է հասկանալ, թե Հայաստանում կրիտիկական մետաղների ինչ պոտենցիալ կա։ Արդեն որոշակի տվյալներ հավաքագրել են։ «Այս փուլում մենք հետազոտում ենք տարբեր հանքավայրերում այդ մետաղների առկայությունը, բաշխվածությունը եւ թե մոտավոր ինչ պարունակություն ունեն։ Դրա հաջորդ փուլը լինելու է այն, որ եթե որոշ մետաղների դեպքում կան բարձր պարունակություններ, պետք է հասկանալ դրանց ծավալները եւ գնահատել ռեսուրսները։ Հետո արդեն այդ տվյալները տրամադրվելու են կառավարությանը, քանի որ մեր ծրագիրը պետական ֆինանսավորմամբ է»,- նշեց Սամվել Հովակիմյանը։ Նա նշում է, որ այս փուլում կարող են ասել՝ արդեն կան որոշակի մետաղներ, որոնք ունեն պոտենցիալ՝ օրինակ՝ ռենիումը, տելուրը։ Բայց դա դեռեւս չբացահայտված պոտենցիալ է։ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ այս աշխատանքներն իրականացնելու համար։
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը եւս արդեն ունի ժամանակակից լաբորատորիա, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել Հայաստանում առկա պաշարի մասին։ Ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Արամ Մանուկյանն ասում է՝ այն որ մեր երկրում այս ուղղությամբ ճշգրիտ տվյալներ չկան, դա ինչ-որ առումով հասկանալի է, քանի որ ընդամենը վերջին տարիներին է Հայաստանի հետազոտական բազան համալրվել ժամանակակից գերճշգրիտ սարքերով։ Այն, ինչ արվել է սովետական տարիներին, արվել է ինչ-որ ճշգրտությամբ, բայց գիտությունն ու տեխնիկան զարգանում են, եւ ճշգրտության տոկոսայնությունը գնալով մեծանում է։ Իսկ Հայաստանում առկա պաշարների մասին հիշատակվում է բաց աղբյուրներում, այդ ինֆորմացիայից բացի, այլ տեղեկություն չունեն հայ մասնագետները, ասում է նա։
«Մենք մեր պաշարների մասին պատկերացում կկազմենք երկու կարեւոր հարց լուծելով՝ առաջինը, եթե դա հայտարարվի պետական ծրագիր։ Երկրորդ, եթե այդ ծրագրի իրականացման համար կիրառվեն այն թանկարժեք սարքերը, որոնք մենք արդեն ձեռք ենք բերել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ոչ միայն իրենց ինստիտուտում, այլ մի շարք այլ ինստիտուտներում գիտական սարքեր կան, որոնց օգտագործմամբ արդեն կարելի է բարձր ճշգրտությամբ վերլուծել Հայաստանի հանքանյութերի ամբողջ մետաղական բազան։ «Այդ ամբողջ բազան միավորելով՝ կարող ենք մրցունակ ու գերկարեւոր ծրագիր իրականացնել»,- հավելեց նա։
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտական աշխատանքները նոր են սկսվել, մոտ մեկ տարի առաջ է ձեռք բերվել ժամանակակից միկրոսկոպը, որը համարվում է «ամենաուժեղ աչքը»։ «Եվ մենք արդեն ուզում ենք քիչ-քիչ մտնել այդ գործի մեջ, հասկանալ՝ վերջիվերջո ինչ ունենք ու ինչքան ունենք։ Որպեսզի մենք կարողանանք լավ հետազոտություն անել, մեզ պետք է պետության աջակցությունը, սա պետք է դառնա պետական թիրախային ծրագիր, ինչո՞ւ, որովհետեւ այդ հանքանյութերը մեզ պետք է տրամադրեն պետությունը կամ մասնավորը, այդ ամբողջ հետազոտությունը պետք է լինի թիրախային։ Կախված տեղից ու դիրքից, թե որտեղից է այդ նմուշը վերցվել, դա նույնպես կարեւոր է համալիր պատկեր ստանալու համար։ Այնպես որ, առանց պետական աջակցության այդ աշխատանքը միանշանակ հնարավոր չէ իրականացնել։ Ես նույնիսկ կասեի, որ դա պետք է լինի փակ թեմա, բաց աղբյուրներում տեղեկատվություն չպետք է լինի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ