Ինչպես տեղեկացրել ենք, օրերս գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնում հայտնվել էր տհաճ պատմության մեջ։
Նրան իր վստահորդներից մեկի գործով հրավիրել էին այս կառույց, որտեղ տեղի էր ունեցել միջադեպ․ ավագ հարկադիր կատարող Գ․ Շահինյանը ոստիկանների ներկայությամբ հարձակել էր Կարապետ Պողոսյանի վրա, նա էլ կորցրել էր հավասարակշռությունը և ընկել գետնին։
Aravot.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես սեպտեմբերի 4-ին, ժամը 12․20 րոպեին ոստիկանության Մուշ բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնում վիճաբանություն է։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ Կարապետ Պողոսյանը հայհոյել է ավագ հարկադիր կատարող Գ․ Շահինյանին, իսկ նա ձեռքերով հարվածներ է հասցրել Կարապետ Պողոսյանին, վերջինս էլ, կորցելով իր հավասարակշռությունը, ընկել է՝ գլխով հարվածելով գետնին։
Կարդացեք նաև
Կարապետ Պողոսյանը, սակայն հրաժարվել է հաղորդում ներկայացնել։
Դեպքի վայր մեկնած ՀԿԳ ավագ համայնքային ոստիկան Կ․ Իսահակյանը զեկուցագիր է ներկայացրել, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնց մեջ կա ինչպես խուլիգանության, այնպես էլ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք։
Ինքն ունի տուժողի կարգավիճակ, արդեն հարցաքննվել է, ամենայն հավանականությամբ շուտով այս գործը կուղարկվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ ներգրավված են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետը, տեղակալն ու ավագ հարկադիր կատարողը։
Կարապետ Պողոսյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ ելնելով նախաքննության շահերից։
Հիշեցնենք, որ ի սկզբանե տեղեկություններ տարածվեցին, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին ոտք դնելուն պես՝ պետը արհամարհական էր արտահայտվել Կարապետ Պողոսյանի նկատմամբ՝ ասելով՝ «Տեսքդ դուրս չի գալիս»։
Գյումրեցի իրավապաշտպանը, տեսնելով, որ խնդիրներ են ստեղծում, դուրս էր եկել կառույցից։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի բաժնի պետի տեղակալն էլ դուրս է եկել իր հետևից, որի խնդրանքով կես ժամ անց նորից մտել էր շենք ու տեսել ոստիկանության աշխատակիցների, որոնց հրավիրած են եղել այն պատճառաբանությամբ, թե Կարապետ Պողոսյանը բարձր է խոսել։
Ընդդիմադիր քաղաքական գործիչն այս ամենը կապում է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ իր գլխավորությամբ՝ բավական մեծ թվով մտավորականների ու երիտասարդների կողմից Արագածի գագաթին Արցախի դրոշը ծածանելու հետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ