Լրահոս
Օրվա լրահոսը

Շոուի հաղթարշավը Հայաստանում եւ աշխարհում

Սեպտեմբեր 09,2025 10:00

Իմ պատանեկության տարիներին մենք հիանում էինք «Արարատ – 73»-ի ֆուտբոլիստների, առաջին հերթին՝ Էդուարդ Մարկարովի եւ Արկադի Անդրեասյանի խաղով: Բայց մեր մտքով չէր անցնի հրճվանքից լաց լինել կամ ուշաթափվել, եթե նրանց տեսնեինք: Պելեին էլ տեսնեինք, այդ աստիճանի չէինք հուզվի: Ֆուտբոլիստների շուրջ չկար այսօրվա աժիոտաժը՝ «ախրանա», «սելֆի» եւ այլն:

Մոտավորապես նույն շրջանում կար ֆանատիկ պաշտամունք, ասենք, Էլվիս Փրեսլիի կամ «Բիթլզի» հանդեպ՝ նրանց համերգների ժամանակ մարզադաշտերում դեռահաս աղջիկները հիստերիկ էքստազի մեջ էին ընկնում: (Բայց դժվար եմ պատկերացնում, որ Գլեն Գուլդը կամ Վիլհելմ Ֆուրտվենգլերը նման էմոցիաներ առաջացնեին): Զանգվածային էքստազը հաճախ ծնվում է այն ժամանակ, երբ ձեւը, լայն իմաստով՝ շոուն, ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում, քան բովանդակությունը: Իսկ 20-21-րդ դարում այդ ամենն ուղեկցվում է տեղեկատվական ագրեսիվ աղմուկով:

Շոումենները, որպես կանոն, հաջողություն են ունենում նաեւ քաղաքականության մեջ: Դասական օրինակ է Դոնալդ Թրամփը: Մի կողմ թողնենք մեզ վերաբերող դրվագը, երբ նա հերոսաբար հաշտեցնում էր «Աբեր-բաջանն» ու «Ալբանիան»՝ հավակնելով Նոբելյան մրցանակի: Այդ «պատմական փաստաթղթերի ստորագրումից» մոտ երկու շաբաթ առաջ Շոտլանդիայում Թրամփն եւ Եվրահանձնաժողովի նախագան Ուրսուլա ֆոն դեռ Լայենը նույնպես «պատմական գործարք» են կնքել. ԵՄ ապրանքների մաքսատուրքը կազմելու է 15 տոկոս՝ դրանից առաջ Թրամփը սպառնում էր 30 տոկոսով: Դրա դիմաց ԵՄ-ն պարտավորվում է ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա եւ էներգակիրներ գնել 750 միլիարդ դոլարի եւ ներդրումներ անել ամեն ամերիկյան տնտեսության մեջ 600 միլիարդ դոլարի:

Շատ քիչ հավանական է, որ այդ գործարքը կյանքի կոչվի: Բայց դա կարեւոր էլ չի: Կարեւորը լուսանկարներն են, ձեռքսեղմումները, ժպիտները, տեղեկատվական աղմուկը: Շոտլանդիայում կնքած գործարքը նույնքան իրատեսական է, որքան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 2050 թվականին աշխարհի առաջնության մեդալակիր դառնալը: Բայց կարեւորը նման «նպատակի» մասին հրապարակավ հայտարարելն է, ցանկալի է՝ մարզադաշտում, եւ այդ պահին բուռն ծափահարություններ կորզելը: Թե ինչ է դրան հետեւելու, շատ քչերին է հետաքրքրում:

…Ռոնալդուն, իհարկե, ֆուտբոլի մեծ վարպետ է՝ այն, ինչ նա ունի փողի եւ փառքի առումով, ինչպես ասում են, «հալալ է»: Խնդիրը Ռոնալդուն չէ, ոչ էլ այն չափազանցված զգացմունքները, որոնք նա առաջացնում է: Խնդիրն այն մթնոլորտն է, որը ստեղծվել է ողջ աշխարհում, երբ իրական դեպքերը, մարդիկ, խնդիրները փոխարինվում են «սիմուլյակրով»՝ լուսանկարով, պատկերով, իմիտացիայով, պատրանքով, ավատարով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930