2025 թվականի հունվար-հուլիս ամիսների վիճակագրական պատկերը, որը վկայում է տնտեսական ակտիվության աճի դանդաղման մասին, այն է՝ տարեկան տեմպը 7,1 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,6 %-ի դիմաց, ավելի քան հուշում է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի տեմպերը աստիճանաբար զիջում են, իսկ ապագայի վերաբերյալ անորոշություններն ու ռիսկերն՝ ավելանում։
Տնտեսական ակտիվության արգելակման հիմնական գործոններից է արդյունաբերության հատվածի դինամիկ վատթարացումը։ Եթե մեկ տարի առաջ արդյունաբերության ոլորտը համարվում էր տնտեսության հիմնական շարժիչ ուժը՝ ապահովելով 15,7 % աճ, ապա այս տարի նույն հատվածը արձանագրել է 9,8 % անկում։ Արդյունաբերության դանդաղումը, որը ձևավորում է ոչ միայն արտադրության, այլ նաև արտահանման ու զբաղվածության հիմնական հիմքը, կանխորոշում է տնտեսական ակտիվության ողջ կառուցվածքի փոփոխությունը։ Այս գործընթացն, ըստ էության, ազդում է ամբողջ մակրոտնտեսական դինամիկայի վրա՝ իջեցնելով տնտեսության մրցունակությունը, կրճատելով արտահանման հնարավորությունները ու խորացնելով արտաքին առևտրի դեֆիցիտը։
Մեկ այլ առանցքային գործոն, որը նպաստել է տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը, առևտրի ոլորտի զարգացման տեմպերի կտրուկ անկումն է։ Եթե անցյալ տարի առևտրի ոլորտն արձանագրում էր 21,4 % աճ, ապա 2025 թվականի հունվար-հուլիսին գրանցվել է ընդամենը 4,2 % աճ։ Առևտրի ոլորտի նման դանդաղումը, որը մի կողմից պայմանավորված է ներքին սպառման ու գնողունակության տատանումներով, մյուս կողմից՝ արտահանման ու ներմուծման ծավալների կրճատմամբ, հանգեցնում է տնտեսության շրջանառվող կապիտալի նվազմանը, շուկայում ակտիվության անկմանը և բիզնես միջավայրի որոշակի սառեցմանը։
Այս կառուցվածքային փոփոխությունների և տատանումների ֆոնին հատկապես մտահոգիչ է արտաքին առևտրի դինամիկայի կտրուկ անկումը։ 2025 թվականի հունվար-հուլիսին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4,5 տրլն դրամ (11,4 մլրդ դոլար), ինչը տարեկան կտրվածքով նվազել է 42 %-ով, և սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն ցուցանիշը գրանցել էր 95 % աճ։ Սա պայմանավորված է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման արտահայտված անկմամբ, համապատասխանաբար, տարեկան 49,6 % և 35,8 %-ով։ Իսկ անցյալ տարի երկու ցուցանիշներն էլ զգալի աճ են գրանցել՝ արտահանման դեպքում՝ 2,2 անգամ, ներմուծման դեպքում՝ 79,1 %։ Արտաքին առևտրաշրջանառության նման անկումը վկայում է ոչ միայն արտաքին շուկաների նկատմամբ կախվածության, այլ նաև մրցունակության, լոգիստիկայի, փոխարժեքային տատանումների և արտաքին պահանջարկի անկման մասին։ Իսկ բուն արտահանման անկումը ոչ միայն կրճատում է արտարժութային մուտքերը, այլև ազդում է արտադրության ծավալների, զբաղվածության և բյուջետային եկամուտների վրա։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում