Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել-Ադրբեջան գործընկերության ապագան․ կդիմանա՞ այն Իրանում ռեժիմի փոփոխությունից հետո

Սեպտեմբեր 09,2025 00:50

Այսօր Երուսաղեմն ամբողջությամբ կողմնակից է Բաքվին: Իսրայելական լրատվամիջոցները բազմիցս հրապարակում են հաճոյախոս գնահատականներ վերլուծաբանների կողմից, որոնք մասնակցում են ադրբեջանական ճանապարհորդությունների եւ մասնակցում «խավիարային դիվանագիտությանը»: Բայց ի՞նչ կլինի Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հետ, եթե գործընկերությունն իսկապես հաջողի Իրանի Իսլամական Հանրապետությանը վերջ տալու գործում:

30-ամյա գործընկերությունը հիմնված է զենքի եւ էներգիայի փոխանակության վրա՝ բերելով շահույթ երկու երկրներին էլ: Ադրբեջանական նավթը կազմում է Իսրայելի սպառման 40-60 տոկոսը: Իսրայելական զենքը, մինչդեռ, Ադրբեջանին տվեց որակական առավելություն, որը նա մեծ ազդեցությամբ կիրառեց Հայաստանի դեմ՝ մարտնչելով Լեռնային Ղարաբաղի 35-ամյա հայկական կառավարման դեմ: Այդ նույն իսրայելական զենքը, տեսականորեն, կարող է նաեւ օգնել զսպել Ադրբեջանի դեմ Իրանի ցանկացած գործողությունը:

Գուցե Իսրայելի՝ Ադրբեջանի նկատմամբ ընկալումը ձեւավորող ամենակարեւոր գործոնը Իսրայելի հաշվարկն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնում է Իսրայելի ամենամեծ ռազմավարական մարտահրավերը: Իսրայելցի պաշտոնյաները սխալ չեն։ Իրանական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն կոչ են անում Իսրայելի ոչնչացմանը, այլեւ գործում են դրա ուղղությամբ: Խաղաղ ատոմային ծրագրերի համար անհրաժեշտ չէ գաղտնի ցենտրիֆուգային կասկադներ կառուցել՝ խորը թաղված լեռների տակ, եւ խաղաղության եւ գոյակցության վրա ուղղված երկրները չեն հովանավորում ահաբեկչական պրոքսի խմբեր Լիբանանից մինչեւ Գազա եւ Իրաքից մինչեւ Եմեն:

Ադրբեջանի 766 կիլոմետր երկարությամբ սահմանը Իրանի հետ, տեսականորեն, իսրայելական գործակալներին հնարավորություն է տալիս ներթափանցել: Իրականում, այս հաճախ մեջբերվող պատճառը կարող է պակաս կարեւոր լինել, քան Ադրբեջանի պատրաստակամությունը հյուրընկալել գաղտնալսող կայաններ եւ թույլ տալ իրանցիներին լքել իրենց երկիրը՝ հանդիպելու իսրայելցիների հետ: Իրաքյան Քուրդիստանի սահմանը Իրանի հետ շուրջ 500 կիլոմետր երկարություն ունի եւ շատ ավելի անցանելի է ու նպաստավոր գործակալներ ներթափանցելու համար: Բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաեւ բաց կերպով գործում է Իրաքյան Քուրդիստանում: Այսպիսով՝ Իրաքյան Քուրդիստանի շրջանը անվտանգ չէ մշտական գրասենյակների կամ հարմարությունների համար:

Երբ Իսրայելը ծածուկ կերպով վերհանեց Իրանի ատոմային արխիվները, այն արեց Ադրբեջանի միջոցով, որովհետեւ սահմանն անցնելուց հետո նրանք կարող էին ավելի լավ երաշխիք ունենալ տեղական կառավարության կողմից պաշտպանության: Իրաքյան Քուրդիստանում, ի հակադրություն, երբ Քուրդիստանի հայրենասիրական միության ղեկավարը՝ Բաֆիլ Թալաբանին, վերջերս ձերբակալեց հետախուզության նախկին պետ իր զարմիկին՝ Լահուր Թալաբանիին, նա նախ թույլտվություն էր ստացել Թեհրանի կողմից աջակցվող Բադր կորպուսի ղեկավար Հադի ալ-Ամիրիից:

Իսրայելի ռազմավարական հաշվարկը կփոխվի, երբ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի ունենա: Ինչպես հենվում էր իրանական նավթի վրա 1979թ. Իսլամական հեղափոխությունից առաջ, այնպես էլ նա, հավանաբար, կվերադառնա իրանական շուկա: Այս կլինի Ադրբեջանի հաշվին երկու պատճառով. առաջին՝ Իսրայելը եւ նրա արեւմտյան գործընկերները կցանկանան աջակցել նոր իրանական կառավարությանը, երբ այն փորձի վերականգնել, վերակառուցել երկիրը, գուցե պայքարել նախկին ռեժիմի մնացորդների դեմ եւ ցույց տալ Իսլամական Հանրապետության կողմից դաստիարակված իրանցիների սերնդին, որ Արեւմուտքի նկատմամբ ուղղվածությունը շահույթ է բերում:

Երկրորդ՝ ադրբեջանական նավթային արտահանումը Իսրայել անցնում է Թուրքիայի միջոցով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տալով հնարավորություն կտրել այս արտահանումը: Եթե Իրանի ռեժիմը փոխվի, ինչպես Իսրայելը, այնպես էլ, գուցե, Եվրոպան կցանկանան խուսափել թուրքական ճանապարհից եւ այսպիսով փնտրել այլընտրանքներ Ադրբեջանին:

Հիրավի, Թեհրանում ռեժիմի փոփոխությունից հետո Թուրքիան կփոխարինի Իրանին որպես Իսրայելի ամենամեծ աշխարհաքաղաքական թշնամի, եւ Բաքվի թույլատրելի հարաբերությունը Անկարայի հետ ավելի խնդրահարույց կդառնա:

Հեյդար Ալիեւը, նախկին խորհրդային փոխվարչապետը եւ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունը նկարագրել է որպես «մեկ ազգ, երկու պետություն»: Երբ 1990-ականներին Թուրքիան աշխարհիկ ժողովրդավարություն էր , Ադրբեջանը՝ որպես Թուրքիային դռկից երկիր, ակտիվ էր Իսրայելի համար: Այսօր Իսրայելը պետք է լրջորեն վերաբերվի նախագահ Էրդողանի կատարած հաճախակի սպառնալիքներին եւ այնպիսի գործողություններին, ինչպիսին է թուրքական առեւտրային բոյկոտը: Այսպիսով, ապագայում կարեւոր է լինելու հետախուզական մուտքը թուրքական սահմանին: Իրանը սեղան է բերում ավելի քան 500 կիլոմետր սահմանագիծ Թուրքիայի հետ: Ադրբեջանը, մինչ դեռ, ունի ընդամենը 17 կիլոմետր սահման Թուրքիայի հետ:

Ադրբեջանի պաշտպանությունը Իրանի ազերի էթնիկ բնակչության նկատմամբ կարող է նաեւ խնդիր դառնալ ապագա Իրանում: Իրանի ազերի էթնիկ բնակչությունը 50 տոկոս ավելի մեծ է, քան անկախ Ադրբեջանի ամբողջ բնակչությունը: Դա իրանցիների համար զգայուն թեմա է։ Վերջին 150 տարիներին իրանցիները տասնյակ անջատողական շարժումներ են տեսել: Իրանական միասնությունը Իրանի նոր ղեկավարների համար սակարկման առարկա չի լինի: Իսրայելական արտաքին քաղաքականությունը երբեք զգացմունքային չի եղել. այն խիստ իրատեսական է: Հարկադրված լինելով ընտրություն կատարել Ադրբեջանի եւ հետ-Իսլամական Հանրապետության Իրանի միջեւ՝ Իսրայելը կընտրի Իրանին:

Այսօրվա հարցը Իսրայելի համար հետեւյալն է. ուժգնացնելով Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը՝ Բաքվի հանդեպ հանձն առնված խոստումները եւ ադրբեջանական գործընկերներին տրված պայմանագրերը ո՞ր պահին կվերածվեն ակտիվներից պարտավորությունների՝ այն դեպքում, եթե Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր կարիերան ավարտի արտագաղթի մեջ՝ Բաշար ալ-Ասադի կողքին կամ կախաղանի վրա՝ որպես մի Սադամ Հուսեյն:

Ինչպես ցույց տվեցին Իրանի 1979թ. Իսլամական հեղափոխությունը եւ 1991թ. Խորհրդային Միության փլուզումը, հիմնական իրադարձությունները հաճախ վերաձեւակերպում են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային կարգը: Իսլամական Հանրապետության վախճանը կլինի նույնքան կարեւոր, եւ նրա երկրորդ կարգի ազդեցություններն էլ կլինեն հետաքրքիր: Օրինակ, Արեւելք-Արեւմուտք Զանգեզուրի միջանցքի նկատմամբ առկա խանդավառությունը կարող է դառնալ պակաս կարեւոր, քան Հայաստանի եւ Իրանի միջով անցնող հյուսիս-հարավ միջանցքը։

Վաշինգտոնի եւ Երուսաղեմի համար կարճաժամկետ առավելությունը կարեւոր է, բայց երկարաժամկետ հաջողությունը նաեւ պահանջում է երկարաժամկետ խաղ մղել:

Մայքլ ՌՈՒԲԻՆ

Արտահայտված տեսակետները հեղինակի սեփականն են եւ կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։

 

Հոդվածի բնագիր անգլերեն տարբերակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930