Հասկանալի է, թե Արևմուտքում ինչպես կարող են ընդունել Հայաստանի՝ ՇՀԿ անդամակցության ձգտումները։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Փաշինյանը ոչ միայն այցելի Չինաստան՝ ՇՀԿ գագաթաժողովին մասնակցելու (ինչը սխալ չէ), այլև փորձի ավելի շատ ձգտել դեպի Պեկին։ Ավելին, դրա շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարություն ընդունվեց, որում հայկական կողմն ընդգծում է, թե «վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի և աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին»։ Իհարկե, Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի նման երկրի համար ուղղակի անհրաժեշտություն է, բայց արդյո՞ք Թայվանի հարցն այն թեման է, որի մեջ Հայաստանը պետք է ներքաշվի՝ հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը էական ջանքեր է գործադրում Թայվանի անկախությունը և ժողովրդավարական կարգերը պաշտպանելու ուղղությամբ։
Բնականաբար, այսպիսի քայլերից հետո Արևմուտքում կարող են Հայաստանին ընդունել որպես անկայուն ու անվստահելի գործընկեր, որի ղեկավարությունն իրենց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնությունների ձեռք բերումից հետո վազում է Չինաստան՝ այդ երկրի հակաարևմտյան օրակարգը սպասարկելու համար։
Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի՝ Արևել յան Ասիա այցելության հաջորդ հանգրվանը Չինաստանի տարածաշրջանային մրցակից համարվող Ճապոնիան էր, որը վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը Պեկինի աճող ամբիցիաները զսպելու հարցում։ Ճիշտ է՝ Հայաստանի և Ճապոնիայի ղեկավարների միջև հանդիպում տեղի ունեցավ, սակայն այդպես էլ որևէ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ չստորագրվեց։ Ճապոնիա այցելության թերևս ամենագլխավոր արդյունքն այն էր, որ Փաշինյանին տպավորել էր այն հանգամանքը, որ այդ երկրում աղբ չկա, ու աղբամանները բացակայում են։ Այնինչ, նա կարող էր ավելի շատ ուշադրություն դարձնել Ճապոնիայի տնտեսական մոդելի ու տեխնոլոգիական զարգացման փորձի վրա, որի շուրջ համագործակցությունն առավել քան օգտակար կլիներ Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրողություններին, ապա ՀՀ իշխանությունները որդեգրել են թուրքական ու ադրբեջանական պահանջները հետևողականորեն բավարարելու գործելակերպ, ինչը խոր անվստահություն է առաջ բերում նրանց նկատմամբ Մոսկվայում և Թեհրանում։ Բայց այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը փորձում է պրոռուսական երևալ, դրա շրջանակներում Չինաստանում Փաշինյանը հանդիպում է Պուտինին, հավաստիացնում, որ հակառուսական քայլերի չի գնա։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները ջանքեր են ներդնում Թեհրանին ներկայացնել, որ երբեք հակաիրանական դաշտ չեն մտնի։
Կարդացեք նաև
Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը միաժամանակ փորձում է բավարարել աշխարհաքաղաքական բոլոր ուժերին, ընդ որում՝ նույնիսկ նրանց հակասությունների դաշտ մուտք գործելու միջոցով, ինչն իրականում ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն է, այլ այնպիսի պատկեր է արտացոլում, որ տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերից ոչ մեկը հայկական կողմին չի վստահում։ ՀՀ իշխանությունների որոշումներն ու քայլերը տարերային են ու տատանողական, և կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանն այսպիսի գործելակերպով չի կարող շահած դուրս գալ։ Նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգահեռ Երևանը պետք է կողմնորոշվի, թե որտեղ է իր տեղն ու դիրքը։
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում