Նիկոլ Փաշինյանի` ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին «Հրապարակը» հարցրեց` ինչպե՞ս է ստացվում, որ անգամ այսպիսի պայմաններում, երբ Փաշինյանը հայտարարում է, որ Բաքվի հետ բոլոր խնդիրները կարգավորվել են, եւ մենք մտել ենք աննախադեպ խաղաղության դարաշրջան, Ադրբեջանը թույլ չի տալիս, որ իր օդային տարածքով հայկական ինքնաթիռներ թռչեն, իսկ ՀՀ վարչապետի համար մեկանգամյա ժեստ է անում` բացելով, այնպես, որ ՀՀ իշխանությունը երախտապարտ է, հուզված է դրանից: Առհասարակ, ո՞ր դեպքերում են կողմերը փակում միմյանց համար օդային տարածքները:
Ճաղարյանը, անդրադառնալով նշված հարցին, ասաց. «Ադրբեջանի օդային տարածք հայկական օդանավերը չեն կարող մուտք գործել, այն հասարակ պատճառով, որ հայկական օդանավերի մուտքն Ադրբեջանը համարում է խիստ վտանգավոր: Հայաստանին համարում են պատերազմող կողմ:
Ինչ վերաբերում է մեզ, ապա, այո, մեր օդային տարածքներն ադրբեջանական կողմն օգտագործում է, հղում անելով միջազգային կարգավորումներին: Այո, միջազգային կարգավորումները թույլատրում են, որ ոչ վայրէջքային, ոչ թռիչքային պայմաններում կողմերն օգտագործեն միմյանց տարածքները: Այդտեղ ոչ մի սահմանափակում չի կարող լինել: Իկաոյի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության անդամ բոլոր երկրները կարող են օգտագործել միմյանց օդային տարածքները` ազատության առաջին եւ երկրորդ աստիճաններով: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կարգավորումներում կան ազատության աստիճաններ: Դրանք հետեւյալն են` օգտվել օդային տարածքից` առանց վայրէջքի: Երկրորդ աստիճանը տեխնիկական վայրէջքի մասին է: Այսինքն` վայրէջք ոչ կոմերցիոն նպատակներով: Հիմնականում նման դեպքեր լինում են լիցքավորման նպատակներով, այլ առիթներ դժվար թե լինեն: Ազատության երրորդ աստիճանն էլ այն է, երբ թռիչքները կատարվում են երկու պետությունների միջեւ: Այդպես գոյություն ունի վեց եւ ավելի, մինչեւ ինը աստիճան: Եթե հստակ պատճառներ չեն նշվում, թե ինչու է արգելք դրված, ապա ազատության առաջին աստիճան է:
Ադրբեջանը, հղում անելով Քաղաքացիական ավիացիայի ազատությանը, Հայաստանից պահանջում է ազատության առաջին աստիճան, ասում է` մենք ի՞նչ ունենք իրար հետ: Ադրբեջանական կողմը Հայաստանի օդային տարածքն օգտագործում է օդանավերով, այդ թվում` բեռնատար «սիթքլեյ»-ը ողջ պատերազմի ժամանակ: Ինչ վերաբերում է հայկական կողմին, մենք չունենք նման թույլտվություն: Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջումների է գնում ամեն հարցում: Նիկոլ Փաշինյանը տարածքներ է հանձնում, գյուղեր` Տավուշից, իսկ Ալիեւն անգամ իր օդային տարածքները Հայաստանի համար չի բացում: Ադրբեջանը միակողմանի ստանում է այն, ինչ ուզում է, եւ մերժում է այն, ինչ իրեն պետք է»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում