Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը չի ներկայացրել Բագրատ սրբազանի դեմ միասնական հայցը. «Վաղեմության ժամկետի հետ կապված ետ էր վերադարձվելու». «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2025 11:05

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իր համակարգի գործերը թողած, դեռեւս հուլիսի վերջին հայտարարել էր, որ Բագրատ սրբազանի դեմ քաղաքացիական հայցով մտնելու է դատարան: Իրավաբանի մասնագիտությամբ Ավանեսյանը որոշել էր դատի տալ Սրբազանին՝ նրա քրեական գործով հրապարակված վիճահարույց ձայնագրություններից մեկի մեջ քաղաքացիներին ուղղված «խորը անասուն» արտահայտության համար։

Քաղաքացիների անունից վիրավորվածի հայցին որոշել էին միանալ նաեւ ուրիշ ՔՊ-ականներ։ Ինքը` առողջապահության նախարարը, հայցի նախաձեռնողն էր: «Եվ այսպես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն՝ նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ: Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել. սիրով ընդունում եմ առաջարկը: Ճիշտ է, մենք ներողամիտ եւ մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է: Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի եւ հանրօգուտ գործի: Հայցին միանալու եւ գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել էր Ավանեսյանը։

Միասնական հայց ներկայացնելու հայտարարությունից 1,5 ամիս է անցել, սակայն Ավանեսյանն իր հայցն այդպես էլ չի ներկայացրել։ Մենք Բագրատ սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանից հետաքրքրվեցինք` որքանո՞վ է տեղյակ՝ խոստացված հայցը ներկայացվե՞լ է դատարան։ Փաստաբանը հաստատեց տեղեկությունը` նման հայց դատարան չի մտել: Այսինքն՝ կարող ենք ասել, որ Ավանեսյանը հասկացել է, որ անհեռանկարային հայց է, ու չի՞ ներկայացրել։ Փաստաբանն ասաց․ «Իրավական առումով, դա կլինի անհատական թե միասնական, իրենց օգտին դրական ելք չէր կարող ակնկալվել, պարզ էր, որ ներկայացնելու էին ներկայացնելու համար։ Կոլեկտիվ կլիներ թե անհատական, ելք չկար այդտեղ, չնայած մեր երկրում ամեն բան հնարավոր է»։

Խմբակային հայց ներկայացնում են այն անձինք, որոնց իրավունքները կոնկրետ խախտվել են, այս պարագայում դժվար է հիմնավորել, թե Բագրատ սրբազանն ինչպես է վիրավորել, եւ երկրորդ` ինչպես է ստացվում, որ հենց իրենց է վիրավորել: Ըստ Քաղաքացիական օրենսգրքի` պետք է կոնկրետ անձի իրավունքը խախտված լինի, որ նրա հայցը դատարանը վարույթ ընդունի։

Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ նախարարը պատրաստվո՞ւմ է հայց ներկայացնել, ինչո՞ւ է այսքան ձգձգվում։ «Հայցը պատրաստ էր,նախատեսվել է ուղարկել դատարան, սակայն հասկանալով, որ վաղեմության ժամկետի հետ կապված ետ էր վերադարձվելու, չենք ցանկացել ավելորդ ծանրաբեռնել դատական համակարգը` նաև դրսևորելով իրավահարգություն»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930