Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Սեպտեմբեր 09,2025 12:30

2025թ. սեպտեմբերի 8-ին Թեհրանում, Իրանի հյուրընկալությամբ, կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը։

Կողմերը գոհունակություն են հայտնել եռակողմ հանդիպման կանոնավոր և ամենամյա անցկացման կապակցությամբ: Ամփոփվել է 2023թ. ապրիլին Երևանում կայացած առաջին հանդիպման և 2024թ. դեկտեմբերին Նյու Դելիում կայացած երկրորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների արդյունքներով գրանցված առաջընթացը։ Կողմերը նաև ընդգծել են նշված հանդիպումների արդյունքներով սահմանված նպատակների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ շահերը երաշխավորելու և տարածաշրջանում բարգավաճումն ու բարեկեցությունը խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։ Կողմերը նաև քննարկել և կարևորել են տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է, որ եռակողմ հաջորդ հանդիպումը կանցկացվի Հայաստանում՝ համաձայնեցված ժամկետներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930