Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից ԿԲ նախագահը դրական ազդակներ է սպասում

Սեպտեմբեր 09,2025 12:25

Օգոստոսի 8-ից հետո ինչպիսի՞նն է եղել ներքին շուկայի արձագանքը՝ ՀՀ ԱԺ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ԿԲ նախորդ տարվա հաշվետվության քննարկման ժամանակ։ Պատգամավորը նկատի ուներ ՀՀ ֆինանսական շուկայի վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել կամ ինչպե՞ս է ՀՀ ներքին ֆինանսական շուկան արձագանքել Վաշինգտոնում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված համաձայնագրերին։

«Մենք տեսնում ենք, որ համաշխարհային շուկայում կա Հայաստանի ռիսկի հավելավճարի նվազում, բայց ներքին շուկայում էական փոփոխություն չի եղել․ դոլարի հոսքը ինչպես կար, այնպես շարունակվում է»,-պատասխանեց Մարտին Գալստյանը։

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ նախկինի համեմատ, օրինակ տրանսֆերների միջոցով Հայաստան եկող դոլարի հոսքը նվազել է, նաեւ արտահանումն է նվազել՝ «քիչ ենք ծախում, քիչ դոլար է գալիս»։ ԿԲ նախագահը հակադարձեց՝ միայն տրանսֆերների հոսքով դատողություններ չի կարելի անել․ «Մեր բանկային համակարգի արտահանելի դառնալն է նաեւ մեր տնտեսության զարգացման ճանապարհը, իսկ այդտեղ բավականին ֆինանսական ներհոսք կա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մինչ այդ, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համանման հարցին, Մարտին Գալստյանն ասել էր․ «Խաղաղության գործընթացի վերաբերյալ մեր միջազգային գործընկերներից ստացած ազդակները եւ արձագանքները բավականին դրական են։ Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պայմաններում մենք կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե ռիսկի հավելավճարի նվազման տեսանկյունից, թե դեպի Հայաստան ներդրումների հոսքի առումով»։

ԿԲ նախագահն անգամ հավանական համարեց, որ գործընթացի արդյունքում տնտեսական աճի վերանայումներ լինեն․ «Նախկինում A տիպի ռիսկերի մեջ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված երկրի ռիսկի հավելավճարի բարձր մնալու վտանգը բավականին մեծ էր։ Հիմա այդ վտանգը, մեր գնահատմամբ մեղմվել է։ Ուստի, A տիպի ռիսկերի շոկային մասի ազդեցությունը եւս մեղմվել է։ Այն ազդեցություն կունենա նաեւ մեր որոշումների վրա»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն իր ելույթում հակադարձեց ԿԲ նախագահին․ «Դուք այստեղ պնդում եք, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները այնքան են ներհոսել, որ արտաքին առեւտրի կրճատումը կարողացել են չեզոքացնել, մի հատ էլ դրական ազդել ազգային արժույթի կայունացման վրա՞։ Ձեր հրապարակած վիճակագրությունն ու պետական հրապարակված վիճակագրությունն այս դեպքում աղերս չունեն ուրեմն։ Մի հատ բացատրեք՝ այդ օտարերկրյա ներդրումները որտեղի՞ց են եկել, ի՞նչ ծավալով են եկել, որ չեզոքացրել են արտաքին առեւտրի բացասական միտումը»։

Ընդդիմադիր պատգամավորը խոսեց ԿԲ նախագահի կողմից ներկայացված թվային մանիպուլյացիաներից՝ նկատելով, որ նվազագույն զամբյուղի որոշ ապարանքներ թույլ են տվել ապահովել դա՝ ստանալով գեղեցիկ պատկեր, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Բանկերը տնտեսությունը ֆինանսավորելու փոխարեն դարձել են շատ մեծ լոմբարդներ»,- սա էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի բնութագիրն է ՀՀ բանկային համակարգին։ Պատգամավորը տարակուսած է քաղաքացիների՝ մինչեւ 1000 ԱՄՆ դոլար վարկային չմարված պարտավորությունները փոխհատուցելու կառավարության քաղաքականությունից։ Հարցը նա դիտարկում է պոպուլիզմի եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում․ «Մարդիկ «այֆոն» են առնում, չեն կարողանում վճարել՝ կառավարությունն էլ կաշառք է բաժանում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իր զեկույցում ԿԲ նախագահն ասել էր, որ 2025-ի համար տարբեր ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4.9-5.3 տոկոսի միջակայքում, թեեւ վերջին ամիսներին զարգացումները տարվա վերջում ավելի բարձր աճի ազդակներ են պարունակում։ Իր գնահատմամբ, տարվա սկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, իսկ վերջին ամիսներին դիտվում են նաեւ աճի արագացման միտումներ՝ պայմանավորված հատկապես արտահանելի ծառայությունների՝ ՏՏ, զբոսաշրջություն, ֆինանսական ոլորտի էական ակտիվությամբ։ Տարվա ընթացքում տնտեսական ակտիվության վրա մեծ ազդեցություն է ունեցել շինարարության ոլորտի բարձր աճը․ «Այնուամենայնիվ, տարեսկզբից տնտեսական աճի տատանողականությունը կրում է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ»։

Գնահատելով գնաճային միջավայրն ու ԿԲ քաղաքականությանը, Մարտին Գալստյանն ասաց․ «Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6 տոկոս։

Սա հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենի ու առանձին տատանողական բաղադրիչների գների աճով։ Պահպանվում են ոչ պարենային ապրանքների մասով արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանում արտադրողների գների նվազմամբ։ Տարեսկզբին սպասումներին համահունչ են աճել նաեւ կարգավորվող ծառայությունների, մասնավորապես տրանսպորտի սակագները»։

ԿԲ նախագահը հայտարարում է՝ գնաճային սպասումները նվազում են՝ մոտենալով թիրախային նպատակի։ ԿԲ դրամավարկային քաղաքականության համաձայն, 2025-ին 12-ամսյա գնաճը գնահատվում է 3 տոկոսի շրջակայքում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930