Այսօր ավագանու անդամների մեծամասնությունը կողմ քվեարկեց անշարժ գույքի հարկի արտոնություններ սահմանելու ու համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին որոշման նախագծին: Մինչ քվեարկությունը, նախագիծը քննադատեցին ընդդիմադիր խմբակցությունների անդամները:
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը (լուսանկարում) կոչ արեց դուրս գալ, քայլել Երեւանի փողոցներով եւ արձանագրել. «Պատշաճ վարչարարություն չի կատարվում կառուցապատողների հանդեպ: Երկու տարբերակ կա՝ ինչու կարող է նման բան լինել. կա՛մ ձեզ փող են տալիս, չեք ճնշում իրենց, կա՛մ վատ եք աշխատում, չեք կարողանում իրենց վերահսկել: Երկու դեպքում էլ տուժում ենք մենք՝ բոլորս: Երեւանի բոլոր խնդիրների մեջ ամենախոցելի խավը կառուցապատողներն են, որից ոչ մի բան չեք կարողանում ստանալ: Մայթերը քանդում են, չեք կարողանում հետ բերել, մարդկանց շենքերի վրա շենքեր են կառուցում, մարդկանց տանում եք դատարան, դատարաններում բյուրոկրատիայով տարիներով մնում են»:
Ավագանու անդամը նաեւ նկատեց, որ մեծ խնդիր ունենք խնդրի պատճառահետեւանքային կապի բացակայության հետ. «Չենք ուզում տեսնել՝ խնդիրը որտեղից է գալիս, ինչ հետեւանքներ է առաջացնում եւ ով է գլխավոր տուժողը. տուժողը հա՛մ բնակարան գնողն է, հա՛մ կառուցապատողն է, հա՛մ այդ թաղամասում ապրողն է: Իսկ մեղավորը այդ երեքից որեւէ մեկը չէ: Մեղավորն այստեղ նստած է, այս շենքն է, որ արդեն 7 տարի իշխանության են ու այդ ընթացքում աննախադեպ քանակի շինարարություն է տեղի ունենում…այս շինարարական պիկի արդյունքում 50 ընտանիք հարստանում է, մի ամբողջ քաղաքի բնակչություն ապրում է քաղցկեղի մեծ հավանականություն ստեղծող միջավայրում»:
Կարդացեք նաև
Նույն խմբակցությունից ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ շարունակեց. «Պարո՛ն Ավինյան, իմ ելույթները մեկ-մեկ դրեք նայեք, այս խնդրի մասին մի քանի տարի առաջ ասել եմ: Ասել եմ, որ շինարարներն այս օրի են ընկնելու, մեր քաղաքացիներն անտուն են մնալու…հիմա հարց՝ քանի՞ միլիարդ դրամի մուտք չի լինելու այս արտոնության արդյունքում»:
-Մենք բոլորով հավաքվել եւ ձեր ելույթներն ենք լսել,- կատակեց Ավինյանը:
Նույն խմբակցությունից Մանուկ Սուքիասյանն էլ շարունակեց. «Մեծամասամբ կառուցապատողները ժամկետները չեն պահում ու վերջին շրջանում գնացել եք ժամկետները չպահպանելու եւ շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար որոշակի խստացումների, այդ թվում ֆինանսական տեսքով: Ի՞նչ է ստացվում՝ մի կողմից խստացնում եք, մյուս կողմից արտոնություններ եք տալիս, ասում եք՝ բա որովհետեւ ճգնաժամ կա, տները չեն վաճառվում: Է, չտայիք այդքան շինթույլտվություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ