Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոնեցկի դատարանի» որոշումը՝ Հայաստանում կալանավորման հիմք․ իրավապաշտպանն ահազանգում է. Civilnet

Սեպտեմբեր 09,2025 13:45

civilnet.am. Հայաստանում ժամանակավոր՝ 40 օրով կալանավորվել է Վրաստանի քաղաքացի Գիորգի Նոդարի Կինոիանին: Կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սա որակում է վտանգավոր նախադեպ, որով Հայաստանը ոչ միայն օրինականացնում է անօրինական կազմավորման որոշումը, այլև դառնում է քաղաքական հետապնդման մասնակից։ Ավելին, ըստ Սաքունցի, Վրաստանի ոստիկանությունը նույն անձի վերաբերյալ տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել՝ ԴԺՀ-ն որակելով «ինքնահռչակ հանրապետություն», որի որոշումները չեն կարող իրավական հիմք լինել։

Սաքունցի խոսքով՝ 2025-ի սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի դատախազ Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1996-ին ծնված Գիորգի Կինոիանիի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Կալանավորման որոշման հիմքը եղել է ՌԴ իրավասու մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը՝ ՌԴ Քրեական օրենսգրքով (վարձկանի մասնակցությունը [Ուկրաինայի] զինված գործղություններին)։ Ձերբակալման արձանագրությունը ստորագրել է ոստիկանության ավագ լեյտենանտ Մհեր Սաթուրյանը։

Վտանգավոր նախադեպ
Ըստ Սաքունցի՝ հայկական կողմին տրամադրված փաստաթղթերում առկա է ԴԺՀ-ի գերագույն դատարանի՝ 2024-ի հոկտեմբերի 25-ի դատավճիռը, որի վրա ռուսերեն գրված է․ «Верховный суд Донецкой Народной Республики, приговор именем Российской Федерации» (Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարան, դատավճիռ՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության)։

«Սա ուղղակի միջազգային մեծ սկանդալ է»,- նշում է իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ հայկական դատարանը, ընդունելով ԴԺՀ-ի որոշումը, անտեսել է այն հանգամանքը, որ այդ կազմավորումը ՄԱԿ-ի անդամ չէ և ճանաչված չէ նաև Հայաստանի կողմից։ Իրավապաշտպանը նշում է, որ սա ստեղծում է ռիսկեր, քանի որ Հայաստանը փաստացի կատարում է մի կառույցի որոշում, որը լեգիտիմ չէ։

«Դա քիչ է, հիմա էլ ապօրինի կազմավորման, ապօրինի դատարանի որոշումն ես հիմք ընդունում։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ բան է։ Այ սա է ռիսկերը»,- ասում է նա։

Սաքունցը մանրամասնում է, որ ձերբակալման մասին որոշումը ստորագրել է ոստիկանության աշխատակից Մհեր Սատուրյանը, դատարանում հայցը պաշտպանել է դատախազ Կարապետյանը, իսկ որոշումը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։

«Սրանք բոլորը անհապաղ պետք է հեռացվեն աշխատանքից՝ նվազագույնը, եթե չասենք, որ քրեական գործ պետք է հարուցվի այս բոլոր անձանց նկատմամբ՝ օրենքով չճանաչված դատարանի, այսինքն՝ ապօրինի դատարանի կողմից մարդու նկատմամբ մեղադրանքը հիմք ընդունելու, մարդուն թե՛ ձերբակալելու, և թե՛ կալանավորելու համար»,- եզրափակում է Սաքունցը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930