Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատել, լինել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենաուժեղ ամենաընդդիմադիր ուժը, մեզ չի հետաքրքրում»․ Հայկ Մամիջանյան

Սեպտեմբեր 09,2025 14:11

«Իմպիչմենտի գործընթացն այս պահին միակ առաջարկված օրակարգն է։ Ոչ մեկը որևէ այլ բան չի առաջարկում։ Իմպիչմենտի գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ առաջնահերթությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հավաստիացրեց՝ մենք շարունակում ենք բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացնել իմպիչմենտի՝ իրականություն դառնալու համար․ «Այդ գործընթացի համար անհրաժեշտ է բոլորի կոնսոլիդացիան։ Առանց հանրային կոնսոլիդացիայի և փողոցային ճնշման այդ գործընթացը հնարավոր չէ»։

Հայկ Մամիջանյանն ասաց՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին փուլում սպասում են «Հայաստան» խմբակցության արձագանքին․ «Անհրաժեշտ է՝ խորհրդարանական ընդդիմության բոլոր ուժերը միանան, խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշումն է պետք, որ Փաշինյանը հեռանա, ինչի խոստումը տվել ենք բոլորս։ Հիմա մենք մեր խոստումը կատարում ենք։ Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կամ կմիանան մեզ կամ առաջարկեն այլընտրանքային օրակարգ, որը չի լինելու»։

Լրագրողների դիտարկմանը՝ «Հայաստան» խմբակցությունն իր ստորագրությունը դրել է, Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Վստահ եմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տարբեր թղթերի տակ օրվա մեջ լիքը ստորագրություններ են դնում։ Այն թուղթը, որ հրապարակել են, որևէ կապ չունի «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած անվստահության գործընթացի ձևաթղթի հետ»։

Լրագրողների հիշեցմանը՝ «Հայաստան» խմբակցությունից հայտարարում են՝ եթե ՔՊ-ից միանան, հաշվեք, որ մեր բոլոր ստորագրությունները ձերն են, Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Երբ ինձ որևէ ընդդիմադիր առաջարկել է անհնազանդություն իրականացնել, ես երբևէ չեմ ասել՝ գնացեք, հինգ հազար մարդ հավաքեք, նոր կգամ, ոչ էլ, երբ հրավիրել են ինձ օրինակ Ազատության հրապարակ հանրահավաքի, չեմ ասել՝ լավ՝ ես ձեր միտինգին միանում եմ, բայց Շառլ Ազնավուրի հրապարակում ու սրճարանում նստած»։

Հայկ Մամիջանյանը հայտնեց՝ ՀՀԿ-ն 2026-ի ընտրությունների հետ կապված ներքին քննարկումներ չի ունենում․ «Մենք 2026-ի ակումբի անդամներ չենք․ փորձում ենք գործ անել, քանի որ մինչև 2026-ի ընտրությունները ձեռքները ծալած նստելը մեզ համար չէ»։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ չեն ծավալվում, պատգամավորը պատասխանեց․ «Մենք ունենք նպատակ՝ այն է՝ իմպիչմենտ՝ իշխանափոխության իրականացումը։ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատել, լինել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենաուժեղ ամենաընդդիմադիր ուժը մեզ չի հետաքրքրում, մեզ մեր երկիրն է հետաքրքրում»։

Լրագրողների հարցին՝ «Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատել»-ը վերաբերում է «Հայաստան» դաշինքի՞ն, Հայկ Մամիջանյանը պատասխանեց՝ ոչ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930