Ավագանու նիստում այսօր քննարկվեց նաեւ հետեւյալ հարցը՝ արտոնություն տալ այն կառուցապատողներին, որոնք ավարտական ակտը ստանալու համար օգտվել են արտոնությունից՝ 3 ամսով անվճար երկարաձգել են ժամկետը, բայց ինչ-ինչ պատճառներով՝ ուրբան համակարգի հետ կապված խնդիրներով չեն հասցրել ստանալ:
-Ձեր տեղը, եթե լինեի, կներկայացնեի՝ մենք ունեցել ենք այսքան շինարար, որոնք դիմել են էդ ձեր ուրբանի խնդիրները կներկայացնեի, որ դրա պատճառով 20 շինարար ունեցել է այս խնդիրը, այդ շինարարի համար եղել է այսքան բեռ, այսքան խնդիր, ինչն ավելի արժանահավատ կլիներ: Իմ մոտ տպավորություն կա, որ այս արտոնությունն էլ մի հատ անուշ ախպոր վրով կարված արտոնություն է: Ու ես այդ համբերությունն ունենալու եմ, որ երեք ամիս հետ հարցումներ եմ անելու, տեսնեմ հատիկ առ հատիկ՝ ով է այդ խոշոր ձուկը, որ օգտվելու է այդ արտոնությունից,- ներկայացվող արտոնություն տրամադրելու նախագծին այսպես արձագանքեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
-Քանի՞ շինարար է դիմել, ի՞նչ չափի նախագծեր են եղել, սրա տակ էլ ֆինանսական կոմպոնենտ կա,- շարունակեց Մանուկյանը, հասցեական տվյալներ պահանջելով:
Կարդացեք նաև
-Հասցեական որեւէ կառուցապատողի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տալու նպատակահարմարությունը չեմ տեսնում,- պատասխանեց նախագիծը ներկայացնող՝ քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը,- Զինվեք համբերությամբ, կանենք այդ արտոնությունները, դուք կտեսնեք: Մենք հարցին հասցեական չենք մոտեցել, մոտեցել ենք բոլորին մեկ հարթակի վրա: Արդյոք դրանց մեջ որեւէ մեկը կա, ում ուզում եք կապել ինչ-որ մեկի հետ, ասեմ՝ չկա, հանգիստ եղեք, սա արվում է բոլորի համար:
-Բա ի՞նչ, քնեցիք, արթնացաք, որոշեցիք, որ մարդկանց երեք ամիս արտոնություն տա՞ք: Երեխուն կաթ տալիս են, երբ լաց է լինում: Եթե ինչ-որ մեկը չի դիմել, որ նման խնդիր կա, դուք ձեզնով ինչո՞ւ եք որոշել մարդկանց արտոնություն տալ: Իրենց համար կարող է շատ հարմար էր, այդ փողերն էլ բերում խելոք տալիս էին, մենք էլ դրա փոխարեն մանկապարտեզներն ավարտում էինք: Այսինքն՝ ինչ-որ մեկը ձեզ դիմել է ու դա հասցեական է, մի՛ խուսափեք, որ դա այդպես է, եթե չկա ուրեմն այստեղ էլ կառավարման խնդիր կա,- արձագանքեց ավագանու անդամ Մանուկյանը:
Նույն խմբակցությունից Մանուկ Սուքիասյանն էլ շարունակեց. «Մենք պե՞տք է աղմուկ անենք, որ գնաք ցանցերի հետեւից, բա ձեր բան ու գործն ի՞նչ է, ինչի՞ համար եք աշխատավարձ ու պարգեւավճար ստանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ