Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը զուգահեռաբար իրականացնում է իր միջազգային բնապահպանական պարտավորություններին հակասող քաղաքականություն. բնապահպաններ

Սեպտեմբեր 09,2025 15:15

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է 2026 թ. հոկտեմբերին հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը և երկու տարով ստանձնելու է դրա Նախագահությունը։

Սա կարևորագույն միջոցառում է, և միանշանակ ողջունելի է մեր պետության ակտիվ ներգրավումը գլոբալ բնապահանական գործընթացներում։ Սակայն պետք է նկատել, որ Հայաստանի կառավարությունը զուգահեռաբար իրականացնում է իր միջազգային բնապահպանական պարտավորություններին հակասող քաղաքականություն, ինչը հարցականի տակ է դնում իրականացվող բնապահպանական միջոցառումների անկեղծությունը և զեկուցվող առաջընթացը։

Կառավարության խնդրահարույց միջոցառումներից են կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում հանքարդյունաբերական գործունեության իրականացումը, Կենսաբազմազանության ռազմավարության նախագծով Էմերալդ տարածքների կրճատումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ՇՄԱԳ) վերաբերող օրենսդրական կարգավորումների վատթարացումը, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի հակաժողովրդավարական փոփոխությունները, Շիկահողի արգելոցի` Ադրբեջանի կողմից գրավված տարածքում կենսաբազմազանության ոչնչացման ուղղությամբ քայլեր չձեռնարկելը և այլն։

Ակնհայտ է, որ այս միտումները չեն նպաստում Հայաստանի բնական միջավայրի պահպանությանը, երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը և մեր պետության միջազգային հեղինակության բարձրացմանը։ Ավելին, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ արդեն իսկ արձանագրվել են բացասական գնահատականներ միջազգային կառույցների կողմից։

Մասնավորապես՝
• Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) բյուրոն իր 2023 թ․ նոյեմբեր-դեկտեմբերին և հետագայում 2025 թ․ ապրիլին կայացած նիստերում մտահոգություն է հայտնել Ամուլսարի հանքարդյունահանման ծրագրի և դրա հետևանքով Հայաստանում Էմերալդ ցանցի տարածքների ու կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության ու ցանցի հնարավոր կրճատման առնչությամբ։ Բյուրոն կոչ է արել կասեցնել Ամուլսարի շահագործման ծրագրի համար տրված բոլոր թույլտվությունները՝ մինչև նոր ՇՄԱԳ-ի իրականացումը, որը հաշվի կառնի տվյալ տարածքում բույսերի ու կենդանիների բոլոր տեսակները, դրանց աճելավայրերն ու ապրելավայրերը։

• Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության հասանելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) կողմերի 7-րդ հանդիպումը 2021 թ․ հոկտեմբերին ընդունել է VII/8a որոշումը, որն արձանագրվել է կոնվենցիայի պահանջների նկատմամբ Հայաստանի կատարողականի, մասնավորապես՝ ՇՄԱԳ գործընթացների անհամապատասխանությունը։ Քանի որ Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել որոշման հանձնարարականների կատարման ուղղությամբ, մեր երկրի կատարողականի հարցը կրկին ներառվելու է կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի և կողմերի 2025 թ․ նոյեմբերին կայանալիք հանդիպման օրակարգում։

Մեր մտահոգությունն ենք հայտնում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության հակասական միջոցառումների կապակցությամբ և հրատապ ենք համարում Կենսաբազմազանության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ու Հայաստանի կարևորագույն պաշտոնավարմանն ընդառաջ լրջորեն վերանայել մոտեցումները՝ համապատասխանեցնելու գործողությունները պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

09 սեպտեմբերի 2025 թ․

Ստորագրություններ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Համայնքային համախմբման ևեւ աջակցության կենտրոն» ՀԿ
«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
Հայկական բնապահպանական ճակատ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930