«21-րդ դարում ունենք մեծ ճանաչում ունեցող երկու հայրենակիցներ՝ Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում, որտեղ ակնհայտ ապօրինություններ են տեղի ունենում նրա նկատմամբ։ Իսկ Սամվել Կարապետյանը գտնվում է Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում՝ վատ պայմաններում՝ թե շոգի տեսանկյունից, թե ընթացակարգային խախտումների։ Իսկապես մենք խոսում ենք 80 օր կալանքի մասին՝ առանց որեւէ իրավական հիմքի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Կարապետյանի պաշտպանական խումբն այսօրվա ասուլիսում ահազանգեց Սամվել Կարապետյանի գործով իրականացվող ապօրինությունների մասին։
«Մենք դասական իմաստով ունենք իրավունքի ճգնաժամ։ Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, որ Սամվել Կարապետյանը, նախկինում երբեւէ արատավորված չլինելով, ունենալով այնպիսի կենսագրություն, որը բնորոշ է ազգային բարերարին, հունիսի 17-ին իր հայտնի հարցազրույցում պարզապես հնչեցրել է հետեւյալ խոսքը՝ մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Այդ նախադասությանը հաջորդում են ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի մի շարք ֆեյսբուքյան գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքի ու հաշվահարդարի ուղիղ խոստումներ պարունակող։ Ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանը ձերբակալվում է, այնուհետեւ կալանավորվում է եւ մինչ օրս կալանավորված է։ Ես հատուկ ընդգծեցի այս հարցազրույցի հանգամանքը, քանի որ Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար»,- ասաց Վարդեւանյանը։
Արամ Վարդեւանյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց իրենք չեն նահանջում, չեն հուսահատվում, որովհետեւ իրավունքը գերակայելու է։ «Իրավունքը գերակայելու է այսպես թե այնպես։ Եթե ՀՀ-ում գործելու է Սահմանադրություն, իրավունքը գերակայելու է։ Հենց վերջնականապես կարձանագրենք, որ Հայաստանում այլեւս Սահմանադրությունը չի գործում, քավ լիցի, այդ ժամանակ կասենք, որ իրավունքը չի գերակայում»,- ասաց Վարդեւանյանը։
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին։ «Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը, պայմաններն այնպիսին են, որ, օրինակ, հիմա դրսում 32 աստիճան շոգ է, այնտեղ 42 է։ Եթե այստեղ լինի 35-36 աստիճան, այնտեղ 45-46 է։ Արդյոք դա որեւէ դժվարություն առաջացրե՞լ է Սամվել Կարապետյանի համար, ոչ։ Մենք խոսում ենք մարդու մասին, ով ունի կենսագրություն, բայց արդյոք սա մարդկայի՞ն է»,- նշեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, եթե Սամվել Կարապետյանին պահում են կալանքի տակ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին քաղաքական մրցակից է համարում, Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Քաղաքական մրցակից դիտարկում է, թե՞ ոչ, կարծում եմ, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանն ասել էր՝ մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, եւ դրան հաջորդեցին անթիվ-անհամար ֆեյսբուքյան գրառումները, այդ թվում՝ սպառնալիքով, երեւի թե այլ բացատրություն, քան քաղաքական մրցակից դիտարկելը, չկա»։
Արդեն 80 օր է՝ Սամվել Կարապետյանը, փաստաբանի ձեւակերպմամբ, ապօրինի կալանավորված է, այնինչ նա իշխանությունը զավթելու կոչ չի հնչեցրել։ Նա ասաց, որ 51 քննիչից բաղկացած խումբը 80 օրվա ընթացքում բառացիորեն մեկ գործողություն է իրականացրել․ «Եկել են ԱԱԾ մեկուսարան, որ փողերի լվացման ակնհայտ ապօրինի մեղադրանք առաջադրեն, որի հիմնավոր կասկածը չհաստատվի։ Երկրորդ գործողությունը, որ արել են, մեր միջնորդությամբ եկել են, Սամվել Կարապետյանին հարցաքննել են։ Այդ հարցաքննության արդյունքն այս գործի վախճանն էր, բայց գործը չի վախճանվում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ