Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց կոռուպցիայի մասին եք մտածում, մի հատ առաջարկում եմ մտածենք այն փաստի մասին, ինչպես է Հայկ Մարությանը մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք». Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 09,2025 15:24

-2010-ին, երբ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետն էր, իր առաջին գործերից մեկն էր փեսային քաղաքի կենտրոնում գովազդային վահանակների 10 կետ նվիրելը, որով մի սյուն ես տնկում, էկրան ես դնում ու ամսական կարող ես 50-100 միլիոն դրամ աշխատել այդ տասը վահանակի համար: Պարոն Ավինյանը քաղաքապետ դարձավ ու որոշեց 22 վահանակ կենտրոնում առանց մրցույթի տալ երկու անձի: Մեկը 2023-ին նորաստեղծ «Ինշին ՍՊԸ»-ի հիմնադիրն էր՝ Էդուարդ Այվազյանը, որը ներկայումս «Ավտոբուս ՓԲԸ»-ի տնօրենն է, մյուսն էլ դարձավ նախարարի օգնական: Եթե Կարապետյանի փեսան 100 միլիոն էր ստանում քնելու ժամանակ, սրանք 300-400 միլիոն դրամ են ստանում, վատ գործ չէ, պարոն Ավինյան,- այսօր ավագանու նիստում մտքերի փոխանակման ժամանակ ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

Նա նաեւ հիշեց, որ 2018-ին, երբ ՔՊ-ն գալիս էր իշխանության, հայտարարում էին, որ ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու. «Ասում էիք՝ կոռուպցիան ենք արմատախիլ անելու, հիմա տեսնենք: Մի երեք ամիս առաջ Ազարյան անվամբ մարզասրահը առանց մրցույթի 12,5 միլիոն դոլարով տվել են «Զովեր քընսթրաքշն ՍՊԸ»-ին, այն մարդկանց միջոցով , որոնք մեծ նվիրատվություն են արել ՔՊ-ին… Ամռանը նստած շոգին լուրերն եմ կարդում, մեկ էլ տեսնում եմ էկրանին մի դղյակի նկար Սեւանի ափին է, մտածում եմ՝ նախկինները չեն վերադարձել, էս ումը կարող է լինել: Մեկ էլ նայեմ, տեսնեմ Ավինյան dady-ինն է, ջակուզի, լողավազան, տեսնես աղջիկներին ո՞վ կբերի, Ալեն Սիմոնյա՞նը: Սա ձեր պատկերն է, ժողովուրդ: Որ ասում եք՝ չեն պլստալու, չեն լկստվելու, աղվեսները սաղ լկստվում են»:

Ավինյանը մեկնաբանեց ավագանու անդամի բարձրացրած հարցերը: Հատկապես հոր դղյակի վերաբերյալ ասաց՝ ապշում է. «Կարելի է ամեն ինչին կոռուպցիա անունը դնել, մեկ հարկանի առանձնատունը կոչել դղյակ: Կարելի է ամեն ինչը այնպես խեղաթյուրել»: Քաղաքապետը պատմեց, որ վերջին ամիսներին լրատվամիջոցներից մեկից անընդհատ հարցումներ է ստացել ու բովանդակությունը հետեւյալն էր. «Մինչեւ 2018 թվականը ոնց որ սոված էիք, 2018-ից հետո կտրուկ հարստացաք… հենց կոռուպցիայի մասին եք մտածում, մի հատ առաջարկում եմ մտածենք այն փաստի մասին, ինչպես է Հայկ Մարությանը մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930