«Մեր պաշտպանության բյուջեն ամեն տարի ավելանում է: Բյուջեի նախագիծը դեռ չի եկել ԱԺ։ Մենք չենք տեսել այն։ Որ դուք ասում եք՝ ռազմական ծախսերի բյուջեն նույնը կմնա, ահա այդ շատը կարող է նույնը մնալ։ Մի բյուջե, որը արդեն իսկ մեծացվել է՝ համեմատած նախորդ տարիների բյուջեների հետ»,-լրագրողների փաստմանը՝ մեր ռազմական բյուջեն 1,7 միլիարդ է, Ադրբեջանինը՝ 5,7 միլիարդ և հարցին՝ մտահոգիչ չէ՞, որ ռազմական ծախսերի համար գումարը ՀՀ պետական բյուջեում չի նախատեսվում ավելացնել, այսպես պատասխանեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Արման Եղոյանը ճեպազրույցում թույլ չէր տալիս, որ լրագրողներն իրենց հարցերն ավարտեին՝ նշելով, թե գիտի նրանց հարցերի տրամաբանությունը։ Լրագրողներից մեկն էլ վրդովվեց՝ էս ի՞նչ անհանդուրժող վերաբերմունք է մամուլի հանդեպ․ չթողեցիք, որ հարցս ավարտեմ, պատգամավորն արձագանքեց․ «Ոչինչ, ես էլ շատ դեպքերում պատասխանս չեմ կարողանում ավարտել»։
Արման Եղոյանը ի պատասխան լրագրողների մտահոգությունների, թե Ադրբեջանի ռազմական ծախսերն անհամեմատ մեծ են ՀՀ-ինից, ասաց․ «Ադրբեջանն ավելի հարուստ պետություն է․ իրենք նավթ են վաճառում, մենք նավթ չունենք»։
Հիշեցմանը՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խնդիրների դեպքում Ադրբեջանի նախագահն ու ՀՀ վարչապետը կարող են իրեն զանգել և հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը, երբ Իլհամ Ալիևը վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո օգտագործեց միջանցք բառը, չի՞ պատրաստվում զանգել Թրամփին, Արման Եղոյանը կրկին թույլ չտվեց, որ լրագրողը հարցն ավարտի ու ասաց․ «Դուք չզգացի՞ք, որ ես Ձեր հարցի տրամաբանության մեջ չեմ մտնելու։ Ես հասկանում եմ, որ Ձեզ պետք է ռեպորտաժ»։ Լրագրողն ի պատասխան ասաց՝ ինձ պետք է ռեպորտաժ, բայց արդյոք Փաշինյանը չի՞ պատրաստվում զանգել Թրամփին, Արման Եղոյանը պատասխանեց․ «Ինձ պետք է իմ ուզած ձևի ռեպորտաժ»։
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը՝ լուրեր կան, որ Փաշինյանը պատրաստվում է այնուամենայնիվ, այս հարցով անհանգստացնել Թրամփին, Արման Եղոյանն այսպես արձագանքեց․ «Կարող եմ հավաստիացնել, որ Դուք վարչապետի մակարդակում կայացվելիք որոշումների վերաբերյալ լուրը չեք կարող ունենալ նախօրոք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ