Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյան Միաբանության 325-ամյակին նվիրված համերգ Սուրբ Ղազար կղզում

Սեպտեմբեր 09,2025 17:00

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում՝ Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակում սեպտեմբերի 7-ին կայացավ «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով նոր մշակութային ծրագիրը:

Ներկա էին Պոլսոյ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ և Մխիթարեան միաբանութեան վանահայր Լեւոն արք. Զէքիեանը, միաբանության հոգևոր հայրերը, հայ և իտալացի ուխտավորներ Իտալիայի տարբեր քաղաքներից։

Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը ՝ դաշնակահար Զոյա Թուխմանովա Կարապետյանի երգեհոնի ուղեկցությամբ հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի և Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները, ինչպես նաև եվրոպական հոգևոր երաժշտություն՝ արժանանալով ջերմ ընդունելության:

«Միասին» ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը, շնորհավորելով Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի առիթով, կարևորեց երեք դար շարունակ անխոնջ կերպով հայ հոգևոր մշակույթը պահպանելու, զարգացնելու և համաշխարհային գիտական մտքին ներդաշնակ ներկայացնելու Միաբանության առաքելությունը, երախտագիտություն հայտնեց համագործակցության առաջարկը գրկաբաց ընդունելու, ջերմորեն հյուրընկալելու, համերգը կազմակերպելու և միջմշակութային երկխոսությունը խրախուսելու համար։

Գևորգ Չիչյանը գնահատականի խոսք հայտնեց ծրագրի նախաձեռնողներ արգենտինաբնակ երաժիշտ, մշակութային-հասարակական գործիչ Գագիկ Գասպարյանին և Անտոնիո Սարաֆյանին՝ տարիներ շարունակ հայկական մշակույթը աշխարհի տարբեր անկյուններում արժանապատվորեն ներկայացնելու և տարածելու համար։

Պոլսոյ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ եւ Մխիթարեան միաբանութեան վանահայր Լեւոն արք. Զէքիեանն իր գոհունակությունը հայտնեց Գագիկ Գասպարյանին, «Միասին» ՀԿ-ին և կարևորելով նման միջոցառումները հույս հայտնեց, որ դուդուկի հոգեթով մեղեդիները մի օր անպայման եկեղեցիներում Սբ. Պատարագի անբաժան մասը կդառնան։

Երեկոյի վերջում Մխիթարյան միաբանության հուշամեդալով պարգևատրվեցին Գագիկ Գասպարյանն ու «Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը։

Ավարտին «Միասին» ՀԿ-ի շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնվեցին Մխիթարյան միաբանությանը, Մայրավանքի վանահայր Տեր Գևորգ վարդապետ Սարգսյանին և Զոյա Թուխմանովա Կարապետյանին, իսկ Գագիկ Գասպարյանը խորհրդանշաբար դուդուկ հանձնեց Մխիթարյան միաբանությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930