Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթը ստորագրելուց հետո հենց Փաշինյանի երեսին Թրամփը մի քանի անգամ օգտագործել է միջանցք բառը»․ Հայկ Մամիջանյան

Սեպտեմբեր 09,2025 16:32

«Փաստաթղթում կա երկու հատված՝ ՀՀ տարածքով անցումը և Ադրբեջանի տարածքով անցումը։ ՀՀ տարածքով անցումը նկարագրված է մանրամասն, կորիդոր բառը՝ բանավոր։ Փաշինյանական հեքիաթը, որ կորիդորը տերմին է, այդպես չէ, անգլերեն լիքը հոմանիշներ կային, որ կարող էր Թրամփն օգտագործել կորիդոր բառի փոխարեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց՝ ժամանակին, երբ հայ-թուրքական արձանագրություններն էին ստորագրվում, հայկական կողմը պարտադիր պայման դրեց, որ ստորագրումից հետո հայտարարություններ չլինեն, որ թուրքական կողմը հնարավորություն չունենա ստորագրելուց հետո հավելյալ օրակարգեր բերել․ «Սա չի արվել օգոստոսյան ստորագրման ժամանակ։ Փաստաթղթի առաջին հատվածում մանրամասն նկարագրվում է, թե ՀՀ տարածքով անցումն ինչ պայմաններով է լինելու, Ադրբեջանի հատվածում նման բան չկա։ Ընդամենը գրված է փոխադարձություն բառը։ Ցանկացած միջազգային իրավունքի մասնագետ կասի, որ նման պայմանագրեր երբեք չեն լինում։ Ինչ կետեր այստեղ են, նույնը այնտեղ պիտի լինի․ փոխադարձություն բառն ընդունելի չէ։ Փաշինյանին ուղիղ հարց են տվել՝ ադրբեջանցին հանդիպելո՞ւ է հայ սահմանապահին, թե՝ ոչ, նա ինչ «կրուտիտ» հնարավոր է բերեց, բայց հստակ պատասխան չի եղել։ Որևէ ՔՊ-ական կամ Փաշինյանը թող վեր կենա ու ասի, որ երաշխավորում են՝ այն անցման ընթացակարգը, որը լինելու է Թրամփի ուղով, իդենտիկ կրկնվելու է Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներն և իրենց բեռները իդենտիկ նույն կերպ են ստուգվելու, ինչ ադրբեջանական բեռները՝ Թրամփի ուղով։ Որ չստացվի, թե մենք Թրամփի ուղին կամերաներով ենք ստուգելու, իսկ իրենք մաքսավորներով են ստուգելու։ Բայց լինելու է այդպես»։

Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Շանհայում կատարվածին, ասաց․ «Փաստացի 20-25 օր ստորագրումից հետո նորմա՞լ է, որ կան տարընթերցումներ։ Ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ կարդա էն անտեր թղթերը, որ տարընթերցումներ չլինեն։ Իրականությունն այն է, որ համաձայնել է տալ ամեն ինչ, որ այդ երեքով կադրերը լինեն, և կարողանա նախընտրական քարոզչության մեջ այդ կադրը օգտագործել։ Երբ Փաշինյանին կոնկրետ հարցնում են՝ ադրբեջանական տարածքով ՀՀ քաղաքացիներն ու իրենց բեռներն անցնելիս ի՞նչ անվտանգային երաշխիքներ են ունենալու, նա պատասխանում է՝ մենք այդ հնարավորությունը մեր հանրությանը կտանք, օգտվում են, թող օգտվեն։ Այստեղ էլ այդպես կիրառեիք, ասեիք՝ մենք Ադրբեջանին տալիս ենք անցնման հնարավորություն, օգտվում են, թող օգտվեն։ Էլ ինչի՞ էր պետք Թրամփի ուղի, հատուկ անցման ռեժիմ, 99 տարվա պատմություն և այլն, օպերատոր, որն իրականացնելու է դա։ Չորս-հինգ սկզբունքը իրականում բացառապես խոսքեր են Փաշինյանի դեմքը փրկելու համար։ Իրենք այդ չորս սկզբունքը տվել են, բայց իրականւթյան մեջ նկատելի է փաստացի միջանցքային տրամաբանությունը։ Ամենախայտառակն այն է, որ Փաշինյանի երեսին Թրամփը հենց ստորագրելուց հետո մի քանի անգամ օգտագործել է միջանցք բառը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930