Սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օրն է՝ հաստատված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Սա ևս մեկ հնարավորություն է` բարձրաձայնելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմների և բռնի տեղահանության հետևանքով հազարավոր հայ աշակերտների և ուսանողների կրթություն ստանալու իրավունքի խախտումների և ադրբեջանական զինված ուժերի կողմից կրթական հաստատությունների թիրախավորման բազմաթիվ դեպքերի մասին։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո խախտվել է հազարավոր ուսանողների և աշակերտների կրթության իրավունքը․ մասնավորապես` ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 13-րդ և 14-րդ հոդվածները և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը, քանզի նրանք չեն կարողացել իրենց ուսումը շարունակել իրենց իսկ ուսումնական կենտրոններում՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հնարավորությամբ։
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղաարաբաղի տասնյակ ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ և այլ ուսումնական կենտրոններ ռազմական թիրախ են դարձել՝ թույլ չտալով աշակերտներին և ուսանողներին ստանալ կրթություն, իսկ ուսուցիչներին և դասախոսներին՝ զբաղվել իրենց առաքելությամբ։ Ի մասնավորի 2020 թվականի հոկտեմբերի 3-ին թիրախավորվել են Թարթառի N1 և N5 դպրոցները, հոկտեմբերի 4-ին՝ Ստեփանակերտի N10 և N12 դպրոցները, N1 մանկապարտեզը, երաժշտական դպրոցը, Կարմիր Շուկա գյուղի միջնակարգ դպրոցը և այլն։
Այս համատեքստում ընդգծենք, որ հակամարտության գոտիներում կրթական հաստատությունների վրա հարձակումները սպառնում են ոչ միայն քաղաքացիների կյանքին և առողջությանը, այլ նաև ամբողջ հասարակության ապագային։
Կարդացեք նաև
ՄԱԿ-ը վերահաստատում է, որ յուրաքանչյուր մարդու կրթություն ստանալու իրավունքը բացարձակապես չի ճանաչում ո՛չ սեռ, ո՛չ տարիք, ո՛չ ռասա կամ էթնիկ պատկանելիություն։ Չնայած Միջազգային մարդասիրական իրավունքի՝ կրթություն ստանալու վերաբերյալ հիշյալ պնդումներին՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանությամբ հազարավոր աշակերտներ և ուսանողներ զրկվեցին իրենց կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունքից։
Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 9-ին ՄԱԿ-ի 64/290 բանաձևը շեշտում է արտակարգ իրավիճակներում կրթություն ստանալու իրավունքի իրացման կարևորությունը, և դատապարտում քաղաքացիական անձանց և Միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը պատերազմական գործողություննրի ժամանակ, քանզի դրանք կարող են դառնալ Ժնևի կոնվենցիաների և Հռոմի կանոնադրությունների կոպիտ խախտումներ։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը միանում է կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օրվա նպատակին և գաղափարին՝ կոչ անելով ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային հանրությանը հետևողական լինել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր երեխաների, աշակերտների և ուսանողների՝ իրենց հայրենիքում, սեփական բնապատմական լանդշաֆտում, համայնքի հետ փոխգործակցության միջավայրում կրթություն ստանալու անժխտելի իրավունքի իրացմանը։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ