Տևական ժամանակ է՝ Գիտությունների ազգային ակադեմիան անորոշության մեջ է, քանի որ նախատեսված է ԳԱԱ ինստիտուտները միավորել բուհերի հետ։
Այս ամենը նախատեսված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով. առաջարկը ներկայացրել է Կառավարությունը։ Չնայած ԳԱԱ ակադեմիկոսներն արդեն արտահայտել են իրենց կարծիքը՝ անթույլատրելի համարելով միավորումը, սակայն Կառավարությունը շարունակում է առաջ տանել իր առաջարկը։
Ըստ այդ օրենքի նախագծի, ԳԱԱ ինստիտուտներից մեկը՝ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ևս պետք է միավորվի բուհերի կազմում։ Լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանն ասաց, որ այս հարցի վերաբերյալ որևէ նորություն չկա։
«Նույն վիճակն է, գործընթացն ինչպես կար, այդպես էլ մնացել է, լավ է, որ այդպես է։ Ըստ երևույթին սպասում են, որ այդ օրենքն ընդունվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիկտոր Կատվալյանը։
Կարդացեք նաև
Նա փոխանցեց, որ այս տարվա սկզբին Լեզվի ինստիտուտում և այլ ինստիտուտներում 5 տոկոսով կրճատվել է ֆինանսական միջոցների տրամադրումը՝ պատճառաբանությամբ, թե միջազգային գիտաչափական շտեմարանների հանդեսներում քիչ հոդվածներ են եղել։
«Գիտությամբ զբաղվելը չի նշանակում պարտադիր միջազգային հանդեսներում հոդված ունենալ, մենք գրում ենք հայ հասարակության համար, մեր թիրախը հայությունն է, մենք պետք է հայերեն գրենք։ Դրա համար մենք շարունակել ենք գրել հայերեն, բայց իրենց պահանջները հաշվի առնելով՝ մարդիկ սկսել են գրել նաև օտար լեզուներով։ Իհարկե, վատ չէ օտար հրապարակումներ ունենալը, միջազգային ասպարեզում հանդես գալը, բայց սա պետք է լինի ոչ թե իբրև պատժամիջոց, այլ նման երևույթը պետք է խրախուսվեր։ Սա ավելի լավ արդյունք կտա, քան պատժամիջոցներ կիրառելը»,- շեշտեց Վիկտոր Կատվալյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։