Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտության արդյունքներով՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամները հանդիսանում են հոգեբանական բարձր ռիսկային խումբ

Սեպտեմբեր 10,2025 13:00

Անհայտ կորած զինծառայողների հարազատները նշել էին. «Կյանքս կանգ է առել։ Չեմ կարող առաջ շարժվել, քանի դեռ ճշմարտությունը հայտնի չէ», «Սա սովորական սուգ չէ։ Սա անավարտ սուգ է»: Հարազատները նշել էին, որ քննչական մարմինները չեն տրամադրում էլեկտրաֆորեգրամա հետազոտության արդյունքները, ԴՆԹ նմուշառման արդյունքներին զինծառայողների հարազատները ծանոթանում են միայն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագիտական եզրակացությամբ: Այսինքն, հարազատներին չի տրվում ԴՆԹ հետազոտման բնօրինակ փաստաթուղթը, փոխարենը տրվում է հակիրճագիր քաղվածք: Քննչական մարմինները որոշ դեպքերում թյուրիմացություն են որակում, երբ անհայտ կորածի եւ ծնողի ԴՆԹ պատասխանները համընկնելուց հետո ծնողների միջոցով արված ստուգիչ գործողությունները ցույց են տալիս, որ տրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը…

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Դեղին կակաչներ երկու» ծրագրի շրջանակներում հոգեբանական աջակցություն է տրամադրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ նախկին ռազմագերիներին եւ պատերազմի մասնակիցներին։ Հոգեբանական աջակցություն ստացել է 26 անձ, որոնցից 2-ը՝ նախկին ռազմագերիներ,  5-ը՝ պատերազմի նախկին մասնակիցներ,  19-ը՝ անհայտ կորածների ընտանիքի անդամներ (2020 եւ 2023 թթ. պատերազմների հետեւանքով)։

Նրանց հետ իրականացվել է ընդհանուր 135 հոգեթերապեւտիկ հանդիպում, այդ թվում,84 հանդիպում՝ անհայտ կորածների ընտանիքի 19 անդամների հետ, 11 հանդիպում՝ նախկին ռազմագերիների հետ, 40 հանդիպում՝ պատերազմի մասնակիցների հետ։

Ըստ ՀՔԱՎ-ի` անհայտ կորած 15 անձանց հարազատներ ստացել են հոգեբանի մասնագիտական եզրակացություններ իրենց հոգեկան վիճակի վերաբերյալ։ Վերջիններս կցվել են ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին ներկայացված անհատական դիմումներին՝ փաստաթղթերի փաթեթի կազմում։ 6 հոգեբան-հոգեթերապեւտ իրականացրել են նաեւ հետազոտություն՝ ուսումնասիրելով անհայտ կորած զինծառայողների 15 հարազատների հոգեբանական վիճակը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ գրեթե բոլոր շահառուների մոտ առկա են ծանր եւ բազմաշերտ հոգեբանական խնդիրներ, որոնք սերտորեն կապված են հարազատի անհայտ կորած լինելու հանգամանքի հետ։

«Դեղին կակաչներ երկու» ծրագրի շրջանակներում կազմված համանուն զեկույցի` առավել հաճախ հանդիպած դրսեւորումները. Տագնապայնություն՝ մշտական անհանգստություն, սրտխփոց, շնչարգելություն, մկանային լարվածություն, հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD)՝ կպչուն մտքեր, տանջող հիշողություններ, մղձավանջներ, հանկարծակի վախի ալիքներ, դեպրեսիվ վիճակներ՝ կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստ, հուզական դատարկություն, հուսահատություն, մեղքի զգացում, քնի խանգարումներ՝ մակերեսային եւ անկատար քուն, հաճախակի արթնացումներ, մղձավանջներ, հոգեսոմատիկ գանգատներ՝ կրծքավանդակի ցավեր, գլխացավեր, ստամոքսաաղիքային խնդիրներ, հուզական ինքնավերահսկման կորուստ՝ հանկարծակի լացի, վախի կամ ագրեսիայի դրսեւորումներ, սոցիալական մեկուսացում՝ խուսափում հանրային վայրերից, միջոցառումներից եւ նույնիսկ մտերիմների հետ շփումից։

Հոգեբանական խնդիրների առանցքում անորոշության տրավման է. այն իրավիճակը, երբ կորուստը փաստացի հաստատված չէ, սակայն հարազատները ապրում են անդադար սպասման եւ ցավի մեջ։

Այս տրավման խաթարում է սգի բնականոն ընթացքը,  կասեցնում է մարդու կյանքը եւ ծրագրերը, պահում է մշտական հույսի ու հուսահատության ճնշող պայքարի մեջ։

Պատերազմի անմիջական եւ ուղղակի ազդեցությունը կրած անհայտ կորած անձանց ընտանիքներն ունեն բազմաթիվ կարիքներ`սոցիալական, իրավական, ֆինանսական, հոգեբանական, որոնք տեղ են գտել հետազոտության մեջ:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930