Լրահոս
Օրվա լրահոսը

«Թավշյա, ոչ բռնի՞», թե՞ «թուրք-ադրբեջանական ծրագիր»

Սեպտեմբեր 10,2025 10:00

Թե՛ առաջ եւ թե՛ այսօր պատմաբանները, կարծես թե, նեղվում են, երբ որեւէ մեկը կողքից արձանագրում է, որ իրենց գրած դասագիրքն արտացոլում է օրվա իշխանության տեսակետը: Օրինակ, ժամանակին 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների համար դասագրքերում ողջ մեղքը բարդված էր ցուցարարների վրա: Հիմա շեշտվում է իշխանության մեղքը, ինչն անձամբ ինձ ավելի սրտամոտ է: Բայց ես չէի շտապի մի դեպքում մարդկանց մեղադրել «իշխանություններին ծառայելու», իսկ երկրորդ դեպքում՝ շքանշան տալ «ակադեմիական բարեխղճության» համար: Շարունակում եմ պնդել, որ այն հարցերում, որոնք վերաբերում են նորագույն պատմությանը, այսինքն՝ այն իրադարձություններին, որոնց մասնակիցներն ուղղակի կամ անուղղակի շարունակում են ազդել ներկայիս քաղաքական անցուդարձի վրա, դասագիրքը չի կարող չարտաբերել գործող իշխանության նարատիվը:

Վերցնենք Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական հեղափոխությունը: Այժմ մենք կասկածներ ունենք, որ դա «մեծ» էր՝ բոլշեւիկներն ու ձախ էսեռները խոշոր քաղաքներում գործող փոքրաթիվ խմբակներ էին՝ ահռելի կայսրության մասշտաբով: Վստահ չենք նաեւ, որ այն սոցիալիստական էր. սոցիալիզմը, որպես մարդկանց հավասարությունը քարոզող գաղափար, այստեղ կապ չունի: Մի խումբ մարդիկ հեղաշրջում էին իրականացրել եւ հետո դիկտատուրա հաստատել՝ ի՞նչ սոցիալիզմ: Այո, բանվորների եւ նավաստիների ինչ-որ ջոկատ ներխուժել էր Ձմեռային պալատ եւ իշխանությունից զրկել քիչ թե շատ լեգիտիմ ժամանակավոր կառավարությանը:

Ինչպես դա անվանել՝ ես չգիտեմ: Բայց քանի կար այն պետությունը, որն առաջացել էր այդ իրադարձությունների արդյունքում, այդ պետության համար աշխատող պատմաբանները, նույնիսկ «ակադեմիապես գերբարեխիղճ» լինելով, դա անվանում էին «Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական հեղափոխություն»: Երբ այդ պետությունը փլուզվեց, այդ եզրն այլեւս դարձավ ոչ պարտադիր:

2018 թվականի իրադարձությունները դրանց կազմակերպիչներն անվանում են «ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»: Իսկ նրանք, «ում դեմ» այդ հեղափոխությունն իրականացվել է, նույն իրադարձություններն անվանում են, ենթադրենք, «սորոսական հեղաշրջում» կամ «թուրք-ադրբեջանական ծրագրերի իրագործում»: Քանի դեռ իշխանության գլխին են նրանք, ովքեր իրականացրել են այդ հեղափոխությունը, նարատիվը կլինի «թավշյա»: Երբ իշխանությունը փոխվի, պատումը կդառնա «թուրք-ադրբեջանական»:

«Իսկ ի՞նչ էր դա իրականում», – կհարցնեք դուք: Դարձյալ պիտի ասեմ՝ չգիտեմ: Ոչ ոք, կարծում եմ, չգիտի, չի կարող «բարեխիղճ» լինել առնվազն այնքան ժամանակ, քանի ֆիզիկապես գոյություն ունեն շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները: Այդ պատճառով ճիշտ կլինի, որ պատմաբաններն այդ իրադարձություններին առայժմ չանդրադառնան:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իմ գաղափարախոսությունը պարզ է՝ տեսակի պահպանումը տեսակի պաշտպանության ու զարգացման միջոցով: Արցախի հայի տեսակը միայն Արցախում կարող է պահպանվել, Սյունիքի հայի տեսակը՝ միայն Սյունիքում, Վանի հայի տեսակը՝ միայն Վանում: Տեսակի վիճակի մասին խոսում է ժողովրդագրական տվյալների տենդենցները. իշխանության արդյունավետ թե անարդյունավետ կառավարման գլխավոր չափանիշը այդ տվյալների դրական թե բացասական տենդենցն է: Այսօրվա Արցախի իշխանությունների կառավարումն ամենավատն է, որովհետեւ նրանք նույնիսկ փորձ չեն անում Արցախը վերադարձնել Արցախի հայի տեսակին: Բոլորս էլ մանկական հիվանդություններ ենք տարել, իմունիտետ դիմադրողականությունը ձեռք է բերվում միայն այդ հիվանդություններին դիմադրելու շնորհիվ, ստացվում է, առանց հիվանդանալու մենք դիմադրողականություն ձեռք չենք բերում, բայց միայն այդ հիվանդության հարուցիչների դեմ պայքարի դեպքում միայն առողջանալուց հետո դառնում ենք ավելի հզոր: Այսօր մենք ապրում ենք մեր քաղաքական մանկությունը. ինչպես երեխային կարելի է կոնֆետ կաշառքով մանիպուլացնել մանկապարտեզի տնօրենի ընտրությունների ժամանակ, այնպես էլ մեր մեծահասակ ընտրողներին ընտրաշառքով կարելի է մանիպուլացնել պետական պաշտոնների ընտրություններում: Կարծում եմ, սահմանապահներն իրենց շներին առաջին հերթին սովորեցնում են ուրիշի ձեռքից համով բաներ չվերցնել, որովհետեւ շատ հեշտությամբ թշնամին այդ կաշառքի միջոցով շանը կթունավորի կամ էլ պարզապես շունը թույլ կտա թշնամուն սահմանն անխոչընդոտ 🙂 անցնել: Եթե շանը կարելի դաստիարակել, որ ուրիշի ձեռքից բան չվերցնի, մեր մանկամիտ ընտրողները պակաս դաստիարակվողը չեն, միայն դաստիարակող է պետք: Մեր մտավորականությունը պետք է բարձր մատերիաներից իջնի եւ ամենահասկանալի ձեւով հասկացնի մեր մանկամիտ ընտրողին, որ կաշառք չի կարելի վերցնել: Կաշառք չվերցնելը հենց այն դիմադրութունն է, որը մեր մանկական հիվանդությունն է բուժում եւ մանկամիտին հասուն ու հզոր դարձնում: Մեր նորմալ քաղաքական, նորմալ հասարակական ու նորմալ պետական ուժերին մեր մտավորականության գլխավորությամբ անչափ մեծ աշխատանք է սպասվում մեր հայ ժողովուրդների հզորացման համար:

  2. Van says:

    Այդ «չգիտեմը» 2018-ին որտե՞ղ էր։ Ինչու՞ այն ժամանակ կասկած չկար, իսկ հիմա, չնայած բոլոր փաստերին, որ դա գունավոր հեղափոխություն էր, կասկած կա։

  3. 2 հարց նկարին նայելուց` քանի՞սն են ողջ մնացել 2020-ի պատերազմից հետո: նիկոլն ու իր կողակիցը ո՞ւմից են ցուցումներ ստանում, մինչդեռ տղաները արծիվների պես պահպանում են նրանց անարգելք-անխափան հրահանգներ ստանալը:
    Համ սորոսական, համ թուրք-ազրբժնական, ոչ թե կամ-կամ:
    Տեսեք նույն ինդուստրիան ինչ է անում Ֆրանսիայի հետ, Հայաստանը ինչ ա որ հրահանգները չկատարի: նիկոլն ու կողակիցը սովորական, անհայրենիք միլիտանտներ են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930