Վարչական դատարանում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել արցախցիների քաղաքացիության հարցով հերթական դատական նիստը։ Արցախցի Մարատ Եգանյանը «Առավոտի» հետ զրույցում ահազանգեց այս գործով տեղի ունեցող խախտումների մասին։
Գործի էությունը հետեւյալն է՝ Արցախից բռնի տեղահանված Մերի Ղարայանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի առ ոչինչ ճանաչվի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության որոշումը՝ իրեն ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը բռնի տեղահանված Մերի Ղարայանին ժամանակավոր պաշտպանություն չի տրամադրել՝ հիմնավորելով, որ ավելի վաղ նա ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Հետեւաբար, ՀՀ քաղաքացի համարվող մարդուն ՀՀ կառավարությունը չի կարող փախստականի կարգավիճակ տալ։ Մերին ասում է, որ ծնվել է Գորիսում, այնուհետեւ ամուսնացել ու մեկնել է Արցախ բնակության, ստացել է 070 կոդով անձնագիր, ինչպես բոլոր արցախցիները, ինչո՞ւ են իր նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերում։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը դատական գործընթացի շրջանակներում մեկնաբանել էր, որ Մերի Ղարայանը 2013 թվականին հաշվառվել է Սյունիքի մարզում եւ առաջին անգամ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով։ Հետագայում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով, այնտեղ հաշվառվելով ստանալով 070 կոդով անձնագիր, չի դադարեցրել իր ՀՀ քաղաքացիությունը։
Մերի Ղարայանին սատարում են մի խումբ արցախցիներ, եւ հայցի հիմքում դրել են այն պահանջը, որ բոլոր արցախցիները ՀՀ անձնագրեր ունեն, հանդիսանում են Հայաստանի քաղաքացի, հետեւաբար, ինչո՞ւ է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը արցախցիների մի մասին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տվել, իսկ ոմանց մերժել։
Կարդացեք նաև
Նախ` արցախցիները դժգոհ են, որ դատարանն արհեստականորեն ձգձգում է այս գործի քննությունը։ Դեռեւս այս տարվա հունիսին Մարատ Եգանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ դատական նիստերի ժամանակացույցի վերաբերյալ։ Նա միջնորդել էր հոկտեմբերին կայանալիք հերթական դատական նիստը նշանակել ավելի վաղ, քանի որ նախորդ նիստը կայացել էր մարտի 26-ին, այսինքն՝ ստացվում է, որ հաջորդ նիստը շուրջ կես տարի անց պետք է կայանար։ Մերի Ղարայանն ավելի վաղ դատարանին խնդրել էր իր գործը հնարավորինս արագ քննել, քանի որ փոքր երեխաներ ունի, կարգավիճակը ստանալն ու աջակցություններից օգտվելն իր համար կարեւոր է։ Բայց դատարանը հաշվի չի առել նրա խոսքը։
Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանն ուսումնասիրել է եւ պարզել, որ նույն դատավորը որոշ գործեր ավելի հրատապ է համարել, ավելի վաղ է նիստեր նշանակել, քան իրենց գործը։ Եվ Մարատ Եգանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որում մասնավորապես նշվում է․ «Նման երկարատեւ ընդմիջումները ոչ միայն խաթարում են արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը, այլ նաեւ հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի ու Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթներին, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր անձ ունի իր գործի արդար, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը եւ որոշել հոկտեմբերի փոխարեն հաջորդ դատական նիստը նշանակել սեպտեմբերի 9-ին։
Ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 9-ի դատական նիստում, Մարատ Եգանյանը մանրամասներ ներկայացրեց։
«Դատավարության սկզբում ես ասացի, որ առարկություններ ունեմ, դրանք վերաբերում են դատավարական հարցերին, մասնավորապես, դատավորի վարքագծին։ Մեզ մոտ հիմնավոր հարցեր են ծագել դատավոր Անի Հարությունյանի վարքագծի վերաբերյալ, այսինքն՝ դատավորն այնպիսի գործողությունների է դիմել, որ որեւէ տեղ չեն երեւացել մեր կողմից ներկայացված փաստարկները, որոնցով մենք միջնորդել ենք, որ մինչեւ տվյալ դատավարության ավարտը դատարանը պարտադրի, որ Մերի Ղարայանին հաշվառեն, որպեսզի նա կարողանա սոցիալական աջակցություններից օգտվել։ Երբ Մերի Ղարայանը գնում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, իրեն ասում են՝ դու պետք է 070 կոդով անձնագիրդ փոխես, իսկ եթե ինքը անձնագիրը փոխի, եթե նույնիսկ տվյալ դատը հաղթենք, ոչ մի բանի չենք կարող հասնել, որովհետեւ տվյալ որոշման մեջ գրված է, որ պաշտպանության տակ գտնվող անձի փաստաթղթերն են 070 կոդով անձնագիրը եւ փախստականի վկայականը։ Մենք մեր հիմքերը գրավոր ներկայացրել ենք, բայց մեր ներկայացրած հիմքերը դատարանի որոշման մեջ չկան։ Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե օդից վերցված բան ենք ասում՝ ուզում եք, որ Մերի Ղարայանին հաշվառեք, առանց հիմնավորման։ Հիմա ես ո՞նց չասեմ, որ հրապարակային դատավարության մեր իրավունքը խախտվել է։ Ես կանգնում ասում եմ՝ առարկություններ ունեմ ձեր վարքագծի վերաբերյալ, որովհետեւ ինքն իր վարքագծով խախտել է իմ վստահորդի հրապարակային դատավարության իրավունքը»,- ասաց Մարատ Եգանյանը։
Դատավորը Մարատը Եգանյանին ասել է, որ իրավունք չունեն իր վարքագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնել։ «Ասաց՝ ոչ թե առարկություններ ներկայացրեք, այլ բացարկի միջնորդություն։ Ասացի՝ ես մեկ անգամ ներկայացրել եմ ինքնաբացարկի միջնորդություն, բայց իմ միջնորդությունը մերժել եք։ Դրա համար իմաստազուրկ է ձեզ հերթական ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը։ Բայց առարկությունների իմաստը տեսնում եմ, որպեսզի արձանագրությունների մեջ գրանցվի, որ մենք առարկություններ ունենք։ Դատավորը չթողեց, որ ես առարկություններն ընթերցեմ, խոչընդոտեց, ստիպված գրավոր տարբերակով փոխանցեցի իրեն։ Ես հարգանք չեմ տեսնում դատարանի կողմից, նույնիսկ ասացի, որ պահանջում եմ մեր նկատմամբ հարգանքով լինել։ Դատավորը սպառնաց, որ հաջորդ դատական նիստին ինձ ընդհանրապես կարող է հեռացնել նիստերի դահլիճից։ Դատարանի նման վերաբերմունքն անընդունելի է»,- նշեց Եգանյանը։
Երեկվա դատական նիստում չեն հարցաքննել նաեւ վկային։ «Մեր վկային չկանչեցին, ով պետք է գար պատմեր, թե ոնց է եղել, որ ինքը ՀՀ քաղաքացի լինելով՝ գնացել դիմել ու ստացել է ժամանակավոր պաշտպանություն»,- ասաց նա։
Մարատ Եգանյանը նշեց, որ պատրաստվում է ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացնել դատավորին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ