«ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը այս շրջանների ամենամեծ դավաճաններից է եւ լեզվի վրա ոսկոր չունեցող սուտասաններից է: Կապանի օդանավակայանի վերեւում ադրբեջանական դրոշ էր ծածանվում, իսկ նա պնդում էր, որ ոչ մի ադրբեջանական դրոշ էլ չի ծածանվում: Այդ պահին ես Կապանում էի, նկարում էի ադրբեջանական դրոշի ծածանումը, ինքը ԱԺ-ում նստած՝ պնդում էր, որ ոչ մի դրոշ չկա, մինչդեռ իրենց իշխանությունն է այդ դրոշը բերել հասցրել է Կապան…»,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը
Ինչ վերաբերվում է հայտնի միջադեպին, երբ ՔՊ-ական պատգամավորը վիրավորական արտահայտություններ էր արել Թագուհի Թովմասյանի հասցեին, Հովհաննես Իշխանյանը նշում է. «Միջադեպը բազմաթիվ շերտեր ունի քննարկելու…Նախ հիշենք, որ Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Թրամփին Վաշինգտոնում համոզել էր, որ պատանդների հարցը չներառվի իրենց պսեւդո-խաղաղության հռչակագրի մեջ:
Քաղաքացիական պայմանագիրն էլ մի տեսանյութ էր հրապարակել՝ ձայնը անջատած, որտեղ, երբ Թրամփը դիմավորում է Փաշինյանին, լրագրողներից մեկը հարց է տալիս՝ նախագահ Թրամփ, ինչ-ուղերձ ունեք հայ քրիստոնյաներին, որոնք Բաքվում գտնվում են անազատության մեջ, ՔՊ-ն այդ տեսանյութը ձայնն անջատած է տվել: Վաշինգտոնում ձայնն անջատել էին, իսկ Հայաստանում աղմուկ են անում, որպեսզի պատանդների հարցը չքննարկվի:
Մյուս հարցն այն է, որ եթե մարդն ունի սեռավարակ, դա հիվանդության գաղտնիք է, իր անձնական խնդիրն է, եւ Արթուր Հովհաննիսյանի արտահայտությունը վիրավորում է սեռավարակ ունեցող մեր հայրենակիցներին:
Կարդացեք նաև
Հաջորդը կնոջ հարցն է, որ տղամարդը կոպտորեն վիրավորում է կնոջը, կին պատգամավորին: Կնոջը այդպես վերաբերվելը, ցավոք, նախկին իշխանությունների պրակտիկան է, այդ մշակույթը սրանք վերցրել եւ դեռ մի բան էլ զարգացրել են: Այս պարագայում Արթուր Հովհաննիսյանը վիրավորում է կին պատգամավորին, որ ջնջի պատանդների հարցը»:
Հովհաննես Իշխանյանը կարծում է, որ 2026թ ընտրություններից առաջ իշխանությունները կփորձեն ազատել գերիներից ոմանց, բայց դրա նպատակն այն կլինի, որ Ալիեւը բարձրացնի Փաշինյանի վարկանիշը՝ վերջինիս իշխանությունը երկարաձգելու համար:
Նրա ձեւակերպմամբ, բայց ամեն ինչ ունի ավարտ. «Ի վերջո այս ճղճիմության վերջը գալու է, քանի որ հայ ժողովրդի մշակույթը սա չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ