Օրենսդրական փաթեթով առաջարկվում է դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: «Սա նշանակում է, որ դպրոցների բովանդակային կառավարումը որպես լիազոր մարմին կիրականացվի ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ ինչ վերաբերում է վարչատնտեսական գործառույթներին, մենք կշարունակենք համագործակցել մարզպետների աշխատակազմերի եւ Երեւան քաղաքում քաղաքապետարանի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ հավելել, որ այս պահին դպրոցների մեծ մասը չեն գործում նախարարության լիազորության ներքո:
Խոսելով ոլորտի վարչարարությունը թափանցիկ եւ արդյունավետ գործարկելու կարեւորության մասին՝ նախարարը փաստել է, որ այն կիրականացվի թվայնացման համակարգի կիրառման միջոցով: Նշվել է, որ դպրոցների ֆինանսավորման, ավարտական փաստաթղթերի տրամադրման, էլեկտրոնային մատյանների, տրանսպորտային ծախսերի եւ ատեստավորումների ուղղությամբ թվայնացման գործընթացն արդեն ապահովված է:
Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դպրոցներում մասնագիտական ուսուցման հնարավորություններին եւ այլն: Նշվել է, որ 1400 դպրոցներից նախարարության ենթակայությամբ է գործում շուրջ 130-ը:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կարդացեք նաև
««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում:
ՀՀ ազգային ժողով