Օգոստոսին Ազգային ժողովրդավարական բեւեռը սփյուռքահայ մի բարերարից մեծ օժանդակություն է ստացել, ինչի շնորհիվ բեւեռն ընդլայնելու է իր լոբբիստական գործունեությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ նպաստելով հայկական շահերի սպասարկմանը։ Aravot.am-ի հետ զրույցում վերոգրյալի մասին տեղեկացրեց Վաշինգտոնում եւ Լոնդոնում Բեւեռի լոբբիստական գործունեությունը համակարգող, Հարվարդի համալսարանի Քենեդու դպրոցի ավագ գիտաշխատող, դոկտոր Դավիթ Գրիգորյանը։
«Նոր փաթեթով պայմանավորված ակնկալիքները բավականին մեծ են։ Այստեղ հանդես գալու համար նոր հնարավորություններ կան։ Ավելացրել ենք մեր աշխատակիցների քանակը։ Դա, բնականաբար, խորություն է տալիս ոչ միայն բուն լոբբիստական առումով, այլեւ տեղեկատվական առումով», – նշում է Դավիթ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Բեւեռը հաշվի է առնում հունվարին Սպիտակ տուն նախագահ Թրամփի վերադարձով պայմանավորված ամերիկյան քաղաքականությունում ընթացող փոփոխությունները։
Կարդացեք նաև
Գործադիրն է քաղաքականության առաջամարտիկը
Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք գործընկերություն կլինի ԱՄՆ գործադիր իշխանության հետ, քանի որ արտաքին հարաբերություններում որոշիչ է հենց գործադիրի դիրքորոշումը եւ ոչ այդքան Կոնգրեսի, դոկտոր Գրիգորյանը հայտնեց՝ լոբբիստական աշխատանքների շեշտը տրվելու է հենց գործադիր իշխանության՝ նախագահ Թրամփի վարչակարգի, հետ համագործակցության վրա։
«Դա են պահանջում Վաշինգտոնում տեղի ունեցած փոփոխությունները։ Այս պահին, միանշանակ, գործադիրն է քաղաքականության առաջամարտիկը։ Օրենսդիրը հայտնվել է երկրորդական, եթե ոչ երրորդական, դիրքում։
Քրիստոնեական ազգ լինելու փաստը շատ կարեւոր է Թրամփ-Վենս վարչակազմի համար
Նոր աշխատանքների նպատակներից, ըստ ԱԺԲ հրապարակումների՝ որպես քրիստոնեությունը ազգային կրոն հռչակած առաջին պետություն Հայաստանի դերի ընդգծումն է՝ քրիստոնեական քաղաքակրթության պաշտպանության գործում։
Գործնականապես նշանակություն ունի՞ մեր հինավուրց քրիստոնեական ազգ լինելու հանգամանքը, հետաքրքրվեցինք պարոն Գրիգորյանից։
«Քրիստոնեական ազատությունների խնդիրը եւ, ընդհանրապես, մեր հինավուրց քրիստոնեական ազգ լինելու փաստը, բնականաբար, շատ կարեւոր է վարչակազմի համար։ Նրանք դրա մասին բազմիցս են հայտարարել։ Հատկապես փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համար դա լուրջ խնդիր է», – շեշտում է Aravot.am-ի զրուցակիցը, հիշեցնում, որ արդեն կապի մեջ են փոխնախագահի աշխատակազմի հետ։
Նա շարունակում է․ «Կրոնական ազատությունները Վաշինգտոնում Բեւեռի խոսակցությունների եւ աշխատանքի հիմնական մասն են։ Սերտ աշխատում ենք նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ՝ լուսաբանելով Եկեղեցու նկատմամբ իրականացվող անիրավությունները Հայաստանում։ Հուսով ենք, որ Թրամփի վարչակազմն, ի վերջո, կսկսի այս ամենին լուրջ վերաբերվել»։
ԱՄՆ-ին Հայաստանում անհրաժեշտ է գործընկեր
Դավիթ Գրիգորյանը հավելում է, որ խորացված աջակցության համար ԱՄՆ-ին Հայաստանում անհրաժեշտ է գործընկեր, որին կարող են վստահել, եւ որն ունի Հայաստանի ժողովրդի վստահությունը։
«Մեր ամերիկացի գործընկերները հասկանում են, որ ունենալով 8% վարկանիշ, Հայաստանի վարչակազմը, ռեժիմը չի կարող լինել պայմանավորվածություններ իրականացնող գործընկեր․․․», – կարծում է Բեւեռի ներկայացուցիչը։
«Բեւեռի լոբբիստական գործունեությունը նպատակ է դնում օգտակար լինել ԱՄՆ վարչակազմին մեր տարածաշրջանում իր վարած քաղաքականության եւ նոր՝ պահպանողական, արժեհամակարգ ներդնելու հարցում, միեւնույն ժամանակ հաշվի առնելով մեր շահերն ու համեմատական առավելությունները»։
Առաջ տանել հայկական շահերը
Գրիգորյանը տարակուսում է՝ այն աշխատանքով, որով ԱՄՆ-ում զբաղվում է Ազգային ժողովրդավարական բեւեռը, Հայաստանի իշխանությունը պետք է զբաղվեր։
Բացի այդ, Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հայաստանյան իշխանությունները հաճախ խոչընդոտներ են ստեղծում Միացյալ Նահանգներում ԱԺԲ աշխատանքների համար, քանի որ «գոնե մինչեւ օգոստոսի 8-ը, երբ Թրամփը Փաշինյանին եւ Ալիեւին ստիպեց գալ Վաշինգտոն, Հայաստանի իշխանությունները փորձում էին ԱՄՆ-ին դուրս պահել գործընթացներից»։
«Հիմա, Բեւեռի գործունեության միջոցով փորձում ենք նախաձեռնողականությամբ առաջ տանել Հայաստանի եւ հայկական շահերը», – ընդգծում է Բեւեռի լոբբիստական գործունեությունը համակարգող տնտեսագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու դպրոցի ավագ գիտաշխատող, դոկտոր Դավիթ Գրիգորյանը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ