ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն ուսումնասիրել են Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների պաշտոնական ցանկերի տվյալները
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ռուսական արխիվներից ձեռք են բերել և հետազոտել Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձանների պաշտոնական ցանկերի տվյալները և դրանց նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Խնդիրն էր հասկանալ, թե խորհրդային շրջանի ԼՂԻՄ-ում և դրան սահմանակից յոթ շրջաններում մինչև 1988թ. ինչ հուշարձաններ էր ճանաչում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, ինչ քաղաքականություն էր կիրառում դրանց նկատմամբ, և ինչու են Ադրբեջանում անընդհատ գրում հայերի կողմից ոչնչացված հուշարձանների մասին, բայց այդ հուշարձանների անունները չեն գրում։
Ուսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության Դմիտրի Լիխաչյովի անվան Մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի (Ժառանգության ինստիտուտ) արխիվում՝ Անդրկովկասյան հանրապետությունների ֆոնդում առկա 1946-1989թթ. կազմված և ԽՍՀՄ Մշակույթի նախարարությանը ներկայացված Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների քսանից ավելի պաշտոնական ցանկեր։

Ադրբեջանի կառավարության կողմից 1946թ. պետական պաշտպանության տակ վերցված հուշարձանները՝ Կուբաթլուի շրջանի հուշարձանների ցանկից
«Նյութերի բաղդատությունն ակնհայտ է դարձնում, թե ինչպես են խորհրդային շրջանում կազմված ցանկերում «մոռացվել» հայկական նույնիսկ խիստ հայտնի հուշարձանների անունները, կամ փաստացի փոխվել են դրանց ինքնությունները։ Միաժամանակ ակնհայտ է դառնում, թե ինչքան կեղծ «տեղեկություններ» են տարածվում ներկայիս իշխանությունների կողմից։ Օրինակ, խոսում են Արցախի Հանրապետության տարածքում ոչնչացված ադրբեջանական հարյուրավոր հուշարձանների, մասնավորապես, տասնյակ մզկիթների մասին, մինչդեռ 1992-2020թթ․ ընթացքում Արցախի Հանրապետության վարչական ենթակայության տակ գտնված յոթ շրջաններում (Աղդամ, Լաչին, Կուբաթլու, Քելբաջար, Ջեբրայիլ, Զանգելան, Ֆիզուլի) 1946-1989թթ. ավելի քան 20 տարատեսակ պաշտոնական ցուցակներում երբևէ հիշատակված բոլոր հուշարձանները միասին 154-ն են, թե՛ քրիստոնեականները, թե՛ մահմեդականները։ Դրանց մեջ ամենամեծ թիվ կազմում են դամբարանները՝ 42 հատ, մզկիթները՝ 8 հատ։ Հարց է, թե ինչպես նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Արցախի Հանրապետությունը կարող էր եղած 8 մզկիթներից «տասնյակները» վերացնել։ Քրիստոնեական հուշարձանները շատ քիչ ցանկերում են ներկայացված, մեկական վանք՝ Լաչինում և Քելբաջարում, 4 քարանձավային վանքեր՝ Լաչինում և Կուբաթլույում։ Հազարավոր հայկական հուշարձաններ այդ ցանկերում բացակայում են։ Նույնիսկ Քելբաջարի շրջանում գտնվող հռչակավոր Դադիվանքը չի ներկայացվել, որն Ադրբեջանում քաղաքականապես խիստ արժեքավոր դարձավ 2020թ. պատերազմից հետո։ Այն Ադրբեջանում մոռացված մի հուշարձան էր, որը խորհրդային շրջանում ավերվում էր, և միայն Արցախի իշխանությունների կողմից նորոգվեց»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը:
Կարդացեք նաև
Գիտաշխատողների առաջին ավարտած ուսումնասիրությունն առայժմ ներառում է 1992-2020թթ․ Արցախի Հանրապետության տարածքի վերահսկողության տակ գտնված յոթ շրջանների և ԼՂԻՄ-ի հուշարձանացանկերը։
«Հայտնի է, որ ԼՂԻՄ-ի տարածքում հազարավոր հուշարձաններ կային։ Բացարձակ մեծամասնությունը՝ 90 տոկոսից ավելին, հայկական էր։ 1987թ. ամփոփված հետազոտությունների համաձայն՝ միայն ԼՂԻՄ-ի տարածքում կար 1700 պատմաճարտարապետական հուշարձան, այդ թվում 60 վանական համալիր, 500-ից ավելի եկեղեցի: Ըստ շրջանների՝ հուշարձանների ընդհանուր թիվը Մարտակերտի շրջանում հասնում էր 520-ի, Հադրութի շրջանում՝ 420-ի, Մարտունու շրջանում՝ 357-ի, Ստեփանակերտի /ավելի ուշ՝ Ասկերանի/ շրջանում՝ 250, Շուշիի շրջանում Շուշի քաղաքի հետ միասին՝ 123: Բայց ահա 1968թ․ ցանկերում ԼՂԻՄ-ի հուշարձաններից թվարկված են միայն 68-ը, իսկ 1981-ին՝ արդեն միայն 58-ը։ Եթե հաշվի առնենք, որ 58 հուշարձանների ցանկերում 15-ը խորհրդային շրջանի պատմության հուշարձաններ էին, ուրեմն ԼՂԻՄ-ի նախախորհրդային ողջ անցյալը ներկայացնում էին 42 հուշարձան, որոնցից միայն 18-ն էին հայկական»,- ասաց Հրանուշ Խառատյանը։
Անդրադառնալով Դադիվանքի հուշարձանի ցանկում չլինելու հանգամանքին՝ նա նշեց․ «ԽՍՀՄ ժամանակ Քելբաջարի շրջանի տարածքում էր գտնվում հարուստ անցյալ ունեցող Խութավանք կամ Դադիվանք անունով հայկական հռչակավոր, լքված, ավերվող, բայց պահպանված վանական համալիրը՝ եկեղեցիներով, զանգակատներով, խաչքարերով, ձեռագրատներով, գրադարանով, սեղանատնով, հյուրատներով: 1923թ., երբ ստեղծվում էր ԼՂԻՄ-ը, Խորհրդային Ադրբեջանում ամեն ինչ արեցին, որ Դադիվանքը ԼՂԻՄ-ի կազմում չհայտնվի, և այն հայտնվեց 1923թ. արագորեն ստեղծված Քրդստան ուեզդի կազմում: Հուշարձանացանկերում չհայտնվելու խնդիրը Դադիվանքի պատմական և հուշարձանային անարժեք լինելը չէր, ճիշտ հակառակն էր՝ խնդիրն այդ հռչակավոր վանքը թաքցնելն էր: Եթե այն չկա, բնական է, որ չկան նաև Քելբաջարի շրջանի միջնադարյան հայկական հարյուրավոր այլ հուշարձաններ․ չեն հիշատակվում Սուրբ Կարապետի, Գևորգի, Սարգսի, Գրիգորի, Մարիամ Աստվածածնի և այլ անուններով տասնյակ եկեղեցիները, Կարմիրավանքը, միջնադարյան ամրոցները, խաչքարերը, մելիքական առանձնատները, հայատառ արձանագիր տապանաքարերով գերեզմանատները, որոնց զգալի մասը դեռևս կանգուն, մի մասն էլ կիսավերակ էին խորհրդային շրջանում: 1940թ. այդ մասին հիշեցրել է շրջանում հայտնված հնագետ Եվգենիա Պչելինան՝ գրելով, որ Քելբաջարի շրջանում կան բազմաթիվ ավերված հայկական բնակավայրեր, ավերված և կիսավեր եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանատներ, բնակելի քարանձավներ, որոնք վկայում են անցյալի բուռն կյանքի մասին, բայց հիմա ցրված են համարյա անմարդաբնակ տարածքում, և նույնիսկ դրանց գոյությունը որևէ տեղ չի վավերացվում, դրանք չեն գրանցվում, չեն հետազոտվում․․․ Թվում է, որ Քելբաջարում «հուշարձաններ չտեսնելու» պատճառն այն է, որ Քելբաջարի շրջանում մահմեդական հուշարձաններ, ըստ էության, չկային, նույնիսկ մեկ մզկիթ չկար: Քելբաջարի ողջ «հուշարձանային անցյալը» բացառապես հայկական էր: Քրդերն ու թուրքերը՝ ետնագույն ադրբեջանցիները, ոչինչ չէին կառուցել: Որքան էլ նվազ ներկայացվեր հայկական մշակութային ժառանգությունը, այն պիտի հավասարակշռվեր մահմեդականով, որն իսպառ բացակայում էր»։
Հետազոտության արդյունքները պատրաստվում են հրապարակման։ 2025թ․ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի քննարկմանը կներկայացվի «Պատմական Արցախի տարածքի հուշարձանները 20-րդ դարի Խորհրդային Ադրբեջանի հուշարձանային պաշտոնական ցուցակներում» գրքի շարադրանքը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
10.09.2025թ․