Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական բաժնում քննվում է Գյումրու դպրոցներից մեկում որպես շախմատի ուսուցիչ աշխատող Ս․Վ․-ի մասնակցությամբ միջադեպ։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23․02 րոպեին ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կումայրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրու բուհերից մեկի ուսանողուհի և հայտնել, որ իրեն և ընկերուհուն է մոտեցել ավտոմեքենա, հայհոյել, վարել է ընկերուհու ուղղությամբ, այնուհետ զենք է պահել իր ուղղությամբ։
Ահազանգ հնչեցրած ուսանողուհին նաև հայտնել է, որ տվյալ մակնիշի ավտոմեքենան հաճախակի է տեսնում տվյալ տարածքում։ Նշված հասցե է մեկնել օպերատիվ խումբ՝ ավագ համայնքային ոստիկանի Կարապետյանի գլխավորությամբ, և պարեկային ծառայության կարգախումբ։
Ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ տվյալ մեքենայի վարորդը Ս․ Վ․-ն է, Գյումրու դպրոցներից մեկում աշխատում է որպես շախմատի ուսուցիչ։
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողների կողմից տվյալ ավտոմեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է Պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք։
Կարդացեք նաև
Ոստիկանների կողմից Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում հայտնաբերվել ու ձերբակալվել են Ս․ Վ․-ն և Վ․Ղ․-ն, որն աշխատում է որպես ատամնաբույժ։ Ս․Վ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ իր փամփուշտատուփով, իսկ Վ․ Ղ․-ի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
Ս․Վ․-ն հայտնել է, որ ատրճանակը պատկանում է իրեն, մարտական չէ, իր ավտոմեքենայի առջև կանգնելու համար հայհոյել է ու ատրճանակը պահել աղջիկներից մեկի ուղղությամբ։
Ստուգվել է Ս․ Վ-ի 0․741 մգ/լ և Վ․ Ղ․-ի 0,000 մգ/լ սթափության աստիճանները։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզի քննչական բաժին։