Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրս Հայաստանի Դելակրուան է, ինչու են իր հետ այդպես վարվում. Արամ Իսաբեկյանը Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի փակման մասին

Սեպտեմբեր 10,2025 20:22

ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել այն մասին, որ 2013-ին «ՀայԱրտ» կենտրոնի հարկի ներքո բացված՝ հոր անվան ցուցասրահը փակվում է, եւ ինքը զարմացած է քաղաքապետ Տիգրան Ավինյանի նման վերաբերմունքից, քանի որ Էդուարդ Իսաբեկյանի 28 աշխատանքները նվեր են Երեւանի քաղաքապետարանին: «Չգիտեմ, որն է իմ մեղքը, որ ժամանակին 28 աշխատանքները նվիրել եմ Երեւանին, դրանք քաղաքապետարանի սեփականությունն են:

Փաստաթղթերում գրված է, որ նկարները պետք է մշտական ցուցադրվեն, դրա համար հաստիքներ էին տրամադրվել: Այդ 28 նկարների մեջ գլուխգործոցներ կան, դրանք հիմա տարուկեսից ավել է, հանված են եւ պահեստում են գտնվում:

Ես Տիգրան Ավինյանին հանդիպել եմ, ցույց եմ տվել փաստաթղթերը մի քանի ամիս առաջ: Խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով, բայց քաղաքապետարանից ինձ ինչ-որ բաժնի վարիչ զանգեց մի քանի անգամ…Ախր հայրս Հայաստանի Դելակրուան է, ինչպես են իր հետ նման կերպ վարվում»,- Aravot.am-ին փոխանցեց պարոն Իսաբեկյանը:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից նույնպես հետաքրքրվեց՝ ինչպես է լուծվելու Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի հարցը եւ ինչ ճակատագիր է սպասվում պահեստում հանգրվանած նրա 28 աշխատանքներին:

«ՀայԱրտ» կենտրոնի կողմից 2024թ.-ին մշակված ռազմավարությամբ առաջնայնություն է սահմանվել վերականգնել Կենտրոնի ճարտարապետական, բովանդակային եւ գաղափարական ամբողջականությունը՝ արդի զարգացումներին համահունչ, ժամանակակից արվեստի տարածման, հանրահռչակման ու զարգացման միակ համայնքային հարթակի գործառույթը լիարժեք իրացնելու համար։

Երևանի քաղաքապետի 2004թ.-ի դեկտեմբերի 30-ի N2495-Ա որոշմամբ, Իսաբեկյան ընտանիքի կողմից Երևանին նվիրաբերված 28 նկարների հիման վրա «ՀայԱրտ» կենտրոնի առաջին հարկում ձևավորվեց Էդուարդ Իսաբեկյանի նկարների մշտական ցուցադրություն։

Այնուհետ նկարների ցուցադրությունը կազմակերպվեց Կենտրոնի հանդիսավոր մուտքի՝ Մաշտոցի պողոտայում բացվող առաջին սրահում՝ սահմանափակելով Ժամանակակից արվեստի կենտրոնի՝ մայրաքաղաքի գլխավոր պողոտային հարող շքամուտքի նպատակային օգտագործման հնարավորությունը։

Ներկայումս Կենտրոնի արդիականացված ռազմավարության համատեքստում անհրաժեշտություն է վերականգնել շենքի ճարտարապետական տրամաբանությունը, մուտքային հստակ կառուցվածքը, ինչպես նաեւ՝գործունեության բովանդակային եւ գաղափարական ամբողջականությունը։

Տեւական ժամանակ Կենտրոնի շքամուտքը ծառայել է բացառապես Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների դիտման նպատակով, իսկ ողջ կառույց հիմնական գործունեությունը կազմակերպել է ծառայողական ետնամուտքով՝ խաթարելով Կենտրոնի բնականոն աշխատանքը, նսեմացնելով վերջինիս հանրային ընկալումը և տեսանելիությունը։

Միեւնույն ժամանակ, Էդուարդ Իսաբեկյան ցուցադրությունը, եւ կոնցեպտուալ, եւ բովանդակային, եւ համադրողական առումով, չի համապատասխանել Կենտրոնի բուն առաքելությանը։ «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնը միակ համայնքային կենտրոնն է Հայաստանում, որը գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ եւ հանդիսանում է հարթակ ժամանակակից արվեստի տարբեր ձեւերի՝ վիզուալ, պերֆորմատիվ, թվային, ձայնային և միջմեդիա նախագծերի ներկայացման, զարգացման, կրթության, միջազգային համագործակցությունների եւ հանրային մասնակցության համար։ Էդուարդ Իսաբեկյանի ցուցադրությունը, որեւէ կերպ չի համապատասխանել Կենտրոնի դեռեւս 1985թ.-ին հիմնադրման գաղափարախոսությանն ու ժամանակակից արվեստի զարգացմանն ուղղված ռազմավարությանը։

2004թ.-ից ի վեր Էդուարդ Իսաբեկյանի ցուցադրությունը չի նորացվել եւ 13 տարի այցելուներին ներկայացվել է արվեստաբանական եւ համադրողական թերի աշխատանքով: Այս մասին արձանագրում է նաեւ 24.01.2024թ.-ի Կենտրոնի տարեկան աուդիտորական հաշվետվությունը, որը փաստում է նշված սրահի եւ հաջորդ 4 սրահների գործունեության արդյունավետության ակնհայտ տարբերությունը՝ թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական առումով։

«ՀայԱրտ» կենտրոնը 2024թ.-ին՝ համաձայն նոր ռազմավարության մեկնարկել է հայ եւ միջազգային անվանի արվեստագետների անհատական ցուցահանդեսների կազմակերպումը, եւ առաջին ցուցադրության ընթացքում՝ տեղեկացնելով պարոն Արամ Իսաբեկյանին եւ տիկին Իսաբեկյանին տեղափոխել է Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքները պահոց:

Հիմնավորված որոշում է ժամանակավոր ապամոնտաժել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությունը եւ տարածքը վերադարձնել Կենտրոնի հիմնական առաքելության եւ գործունեության տրամաբանությանը՝ որպես ժամանակակից արվեստի ցուցադրությունների, հանրային միջոցառումների և կրթական ծրագրերի իրագործման հարթակ։ Նկարների հավաքման, փաթեթավորման եւ պահեստավորման աշխատանքները իրականացվել են համապատասխան կարգով՝ նախապես ստանալով Արամ Իսաբեկյանի թույլտվությունը եւ Իրինա Իսաբեկյանի անմիջական մասնակցությամբ ու ներկայությամբ։

«ՀայԱրտ» կենտրոնի գլխավոր մուտքի բացման պահից ի վեր հանրությունը նորովի բացահայտեց իր համար նշանակալի կառույցի ողջ հմայքը և առաքելությունը: Հայ արվեստագետների համար ցուցադրվելու, իսկ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և բարձրաստիճան հյուրերի համար պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների համար նոր հարթակ ստեղծվեց, ապահովելով ճարտարապետական կառույցի հանդիսավոր շքամուտքի լիարժեք շահագործումը: Միեւնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հանրության շրջանակում ձևավորված Իսաբեկյան ցուցասրահ ձևակերպումը զուրկ է իրավական հիմնավորումից եւ իրավաբանական անձ կարգավիճակից» ,- Aravot.am-ին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի պատասխանում նաեւ նշված է. «Էդուարդ Իսաբեկյանի ցուցադրության սրահում աշխատող բոլոր անձինք հանդիսանում են «ՀայԱրտ» կենտրոնի աշխատակիցներ եւ 13 տարի վարձատրվել ու ցայսօր վարձատրվում են կառույցի կողմից: Բացի այդ, նշված սրահի բոլոր ծառայողական, մաքրման, հաշվապահական, բովանդակային և ցանկացած այլ հարց կարգավորվում և իրականացվում է «ՀայԱրտ» Կենտրոնի կողմից:

«ՀայԱրտ» կենտրոնի գլխավոր մուտքի ճակատային հատվածում փակցված Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ վահանակն երկար տարիներ շփոթմունք է առաջացրել հանրության շրջանակում, խաթարելով մայրաքաղաքի սրտում գտնվող եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ու ճարտարապետական բացառիկ կառույց հանդիսացող Ժամանակակից արվեստի Կենտրոնի ընկալումը, գոյությունը, զրկելով նշանակալի արվեստային կառույցի հանդեպ ամբողջական և մասնագիտական ընկալման, ամրապնդման հնարավորությունից:

Անվանի գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների այս պահին պահոցում գտնվելը բնավ չի նշանակում արվեստագետի դերի, նշանակության եւ ավանդի ժխտում։ Այն պայմանավորված է բացառապես Կենտրոնի նպատակային գործունեության արդիականացմամբ, նոր ռազմավարության մշակմամբ, ժամանակակից արվեստի հանրահռչակման նոր հայեցակարգի սահմանմամբ և պատմական ճարտարապետական բացառիկ կառույցի վերակենդանացման անհրաժեշտությամբ։

«ՀայԱրտ» կենտրոնը մշտապես բաց է մասնագիտական երկխոսության եւ համագործակցության համար՝ հարգելով եւ խորն ակնածանք տածելով մշակութային ժառանգության հանդեպ» ։

Ի դեպ, Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրել է, որ դիմել է Երեւանի քաղաքապետին՝ հասկանալու համար որոշման պատճառները ու կտավների հետագա ճակատագիրը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930