Հայաստանի մի շարք դպրոցներում մանկավարժները հրաժարվում են դասղեկություն ստանձնել: Նրանք հաճախ հրաժարվում են բարձրաձայնել իրական պատճառների մասին, բայց առանձին մասնագիտական խմբերում որոշ մտահոգություններ են հայտնում: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը հաստատում է, որ իսկապես Հայաստանի հանրակրթական հաստատություններում մի շարք խնդիրներ կան, որոնք վերջին շրջանում սրվել են:
«Դրանցից մեկը ուսուցիչների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունն է՝ չնչին վարձատրության դիմաց: Նման խնդիր կա դասղեկության պարագայում, դասղեկը ստիպված է ձեւական շատ փաստաթղթեր կազմել, լրացնել, հաշվետվություններ ներկայացնել, երեխաների հետ անընդհատ հանդիպումներ ունենալ, ծնողներին հավաքել, դպրոցի տնօրենին զեկուցել եւ այլն: Եվ այս ամբողջի դիմաց, ուսուցիչների խոսքով չնչին վարձատրություն է: Շատերն ուղղակի չեն ուզում այդ լրացուցիչ ծանրաբեռնվածության տակ մտնել, որովհետեւ դա նաեւ լրացուցիչ լծակ է իրենց վրա. եթե ինչ-որ մի տեղ թերանան, կամ, օրինակ, քաղաքական նկատառումներով տնօրենի ասածը դասղեկի միջոցով ծնողներին չհասնի, դասղեկը կարող է պատժվել»,- ասում է կրթության փորձագետը:
Ատոմ Մխիթարյանը հավելում է. «Հատկապես նախընտրական տարում դասղեկները դառնում են որոշակի օղակ, կամուրջ օրվա քաղաքական իշխանությունների եւ տվյալ դասարանի ծնողների միջեւ, դրա համար շատերը հրաժարվում են դասղեկ լինել, որովհետեւ չեն ուզում նախ կամուրջի դերը ստանձնել, եւ երկրորդը՝ նրանց հայացքները կարող են էապես տարբերվել օրվա քաղաքական իշխանության հայացքներից, որը պարտադրվում է մարզպետարանների միջոցով (այդպիսի ահազանգեր ունենք), դպրոցների տնօրենների միջոցով: Սա է խնդիրը՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն եւ քաղաքական իրադարձությունների կենտրոնում հայտնվելու վտանգ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ