Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

Ինչու 100-ավոր դպրոցներ տնօրեններ չունեն. Ատոմ Մխիթարյանը կոռուպցիոն մեխանիզմների ու կրթության որակի գահավիժման մասին

Սեպտեմբեր 11,2025 14:10

«Հայաստանում 100-ավոր դպրոցներ չունեն տնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ են: Եվ դպրոցի տնօրենի պաշտոնի համար դիմածների միայն 5 տոկոսն է բոլոր փուլերը հաղթահարում: Դա նշանակում է, որ 20 տնօրենից միայն մեկն է կարողանում հաղթահարել այդ արգելքը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Ատոմ Մխիթարյան

Ապա պարզաբանում է, թե որոնք են այդ ճգնաժամի պատճառները. «Այդ արգելքը հաղթահարելու գնահատման որեւէ օբյեկտիվ չափանիշ չկա, ամբողջը սուբյեկտիվիզմի դաշտում է: Օրինակ, վերցնենք, դպրոցի զարգացման ծրագիր գրելու հարցը. ինչպիսի՞ նախնական չափանիշների պետք է համապատասխանի ծրագիրը, ի՞նչ պետք է ներառի, ինչպիսի՞ կառուցվածք պետք է ունենա՝ այս հարցերի պատասխանը որեւէ տեղ գրված չկա: ԿԳՄՍ նախարարության ներքո գործում է այսպես կոչված հանձնաժողով, որը նայում է տնօրենի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը եւ սուբյեկտիվ գնահատում: Եվ սա, ըստ էության, դառնում է կոռուպցիայի շատ լավ մեխանիզմ:

Այդ հանձնաժողովի անդամները, կամ այդ հանձնաժողովի անդամների մերձակա մարդիկ, իբր թե իմանալով այդ չափանիշները, որոնք որեւէ տեղ սահմանված չեն, ծառայություններ են առաջարկում հավակնորդներին՝ զարգացման ծրագիր գրելու: Իսկ դրանք արժեն ահագին բարձր թվեր, ըստ օդում կախված լուրերի՝ հազարավոր դոլարների մասին է խոսքը:  Տնօրենները գիտեն, որ եթե անգամ իրենց պատկերացմամբ ամենալավ զարգացման ծրագիրն էլ գրեն, գնահատումը սուբյեկտիվ է լինելու, կարող է չհաղթահարեն: Արդյունքում՝ 20-ից մեկին է բախտը ժպտում:

Երկրորդ հանգամանքն այն է, որ այստեղ եւս կա նաեւ քաղաքական ենթատեքստ, շատ դպրոցի տնօրեններ , այդ թվում փորձառու եւ երկարամյա, հրաժարվում են տնօրեն դառնալուց եւ դառնում են ֆինանսատնտեսական, վարչական համակարգող, ում ձեռքին է ֆինանսական եւ նյութատեխնիկական բազան: Նրանք որեւէ գործ չունեն բովանդակության հետ, հիմնականում դառնում են համակարգող, որը նրանց ձեռքում լծակ է՝ ազդելու աշակերտների, ծնողների եւ ընդհանրապես համայնքի վրա: Եվ դա է պատճառը, որ ունենք տնօրենի պաշտոնի 100-ավոր թափուր տեղեր դպրոցներում»

Մեր դիտարկմանը, որ վերջերս կայացած ասուլիսում ԿԳՄՍ նախարարն ասել էր, որ 100 հավակնորդից 5-ն է հաղթահարում տնօրեն դառնալու բոլոր փուլերը, ինչն ակնհայտ է դարձնում, որ ոլորտում կարողությունների զարգացման խնդիրներ կան, Ատոմ Մխիթարյանն այսպես արձագանքեց. «Դա ակնհայտ է դարձնում, որ ուսումնական պրոցեսը կանգնում է, բազմաթիվ դպրոցները առանց գլուխ նստած սպասում են, թե երբ է որոշակի դառնալու իրենց դպրոցի ճակատագիրը, իսկ դա իրական ազդեցություն է ունենում ուսուցիչների, ծնողների, աշակերտների վարքագծի, դասապրոցեսի եւ կրթության որակի վրա: Ամեն ինչ խաթարվում է կրթական համակարգում: Արդյունքում՝ վերջին մի քանի տարվա ընթացքում գնալով գահավիժում ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930