«Խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի։ Խորհրդարանից դուրս կան ձևավորված ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք հույս ունեմ՝ կհայտնվեն խորհրդարանում, և վերջապես խորհրդարանում կունենանք ընդդիմություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա պնդեց՝ ընդդիմության ասածները ոչ մեկը չի լսում․ «Իրենք յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հավաքել։ Իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի, քան եթե իրենք ուզեն մարդ հավաքել։ Իրենք օրակարգ չունեն, իրենց միակ օրակարգը իշխանության օրակարգին սուտ ասելն է։ Ե՞րբ եք տեսել, որ խորհրդարանական ընդդիմությունը վերջին չորս տարվա մեջ պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ ընդդիմությունը պատրաստ լինի վերցնել պատասխանատվություն։ Էս մարդիկ մեկը մյուսի պատճառով հանձնաժողովների նախագահների և ԱԺ փոխխոսնակի աթոռը չեն վերցնում, որ նախկիններին չնեղացնեն։ Ուզում եք ասել՝ սա ընդդիմությո՞ւն է»։
Հարցին՝ Սամվել Կարապետյանի ձևավորած քաղաքական ուժը ձեր համար մրցակի՞ց է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ։ Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին են համարում իրենց մրցակից՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյանին, նա պատասխանեց․ «Ռոբերտ Քոչարյանի պարագայում, օրինակ՝ մտածում եմ՝ ինքը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, այդ դեպքում պրոբլեմ կունենանք։ Սերժ Սարգսյանի պարագայում համարում եմ՝ ամեն ինչ անելու է, քարոզարշավի վերջին օրն անգամ մի բան կանի, որ մեզ օգուտ բերի։ Արթուր Վանեցյանը կա իրենց տանը և իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իր կողքը լինեն, մի քիչ իրենց կյանքը դասավորեն։ Նա իմ հնարովի կերպարն է»։
Լրագրողները հիշեցրին՝ Արթուր Վանեցյանի հետ լավ հարաբերություններ ուներ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ինքը ապացուցեց, որ ես չարաչար սխալվում էի։ Պատեհ առիթի դեպքում էնքան բան կպատմեմ»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ ո՞նց ընդդիմություն չկա․ վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվեց, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Հաղթեց Կոմկուսը։ Երկրի երկրորդ քաղաքն է։ Սարկազմը մի կողմ՝ տեսնո՞ւմ եք, որ չունենք ընդդիմություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Վանեցյանի նկարը՝ արխիվային