«Անվտանգություն եւ Ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով դիտարկմանը, թե Բաքվի բանտերում շարունակվում են սարսափելի դատավարությունները, հատկապես, որ ցուցմունքներ են տալիս նաեւ մեր հայրենակիցները, ասաց. «Այո, մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակությանը զբաղեցնել իր «բանտիկով չաքուջով» եւ Վինի Պուխի գլխարկով, Բաքվի ռազմական դատարանում տեղի են ունենում զարհուրելի իրադարձություններ, որոնց միակ թիրախը Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում ցեղասպան, ռազմական հանցագործ ճանաչելն է:
Արցախի ռազմաքաղաքական էլիտայի դատավարությունը մտել է ավարտական փուլ, այլեւս, բոլոր չակերտավոր վկաները հարցաքննված են եւ ըստ դատավորի, շատ մոտ ապագայում կկարդան դատավճիռները: Երբ նայում ենք, թե ինչ անհեթեթագույն մեղքեր են մեղսագրված Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, այդ հոդվածների գերակշիռ մեծամասնությունը ենթադրում է ցմահ ազատազրկում:
Ես չեմ մեղադրում Բաքվի ռեժիմում, Բաքվի բերդում գտնվող որեւէ հայի, ում ստիպում են զարհուրելի ցուցմունքներ տալ: Մասնավորապես, Մադաթ Բաբայանին, որը գերեվարվել եւ մեղադրվում է, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու համար, ակնհայտորեն ստիպել են ցուցմունքներ տալ առ այն, որ Արցախի ղեկավարությունը, Հայաստանի ղեկավարությունը իրենց հրահանգ են իջեցրել Խոջալույում գնդակահարել կանանց, երեխաներին: Ակնհայտ է, թե ինչի համար է այս ամենը արվում: Ինչպես օրեր առաջ հայտարարեց Իլհամ Ալիեւը, «Խոջալուի ցեղասպանությունը մենք չենք մոռանալու եւ չարիք հայերը պատասխան են տալու»: Եվ խոշտանգելով մեր ռազմագերիներին, նրանց ստիպում են նման զարհուրելի, սուտ ցուցմունքներ տալ:
Բոլորս գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել Խաջալույում: Այդ մասին խոսել են նաեւ բազմաթիվ ադրբեջանցի լրագրողներ, խոսել է նույն Այազ Մութալիբովը: Մենք տեսնում ենք, որ այսօր խնդիր է դրված հայի անունից, հայի շուրթերից կորզել ցուցմունք, որ Խոջալույում իրականացվել է ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն: Լեւոն Բալայան անունով մեկ այլ ռազմագերու խոշտանգումների արդյունքում ստիպել են ցուցմունք տալ Ռուբեն Վարդանյանի դեմ, որ իբր, Ռուբեն Վարդանյանը 22-23 թվականներին կազմավորել է զինված ջոկատներ, տեռորիստական խմբեր, որի անդամ եղել է ինքը եւ իրեն տվել են ամսական 170 հազար դրամ աշխատավարձ:
Կարդացեք նաև
Այս ամենը արվում է, որպեսզի վերջնական փուլում, իսկ դատական գործընթացը այլեւս մտել է ավարտական փուլ եւ առաջիկա շաբաթներին հրապարակվելու են դատավճիռները, որպեսզի այդ մարդիկ, մասնավորապես, Արցախի ռազմաքաղաքական էլիտան Բաքվի բերդերից փրկվելու, Հայաստան վերադառնալու որեւէ շանս չունենա: Եթե դրան էլ գումարում ենք, որ օրեր առաջ Բաքվում փակվեց «Կարմիր Խաչի» գրասենյակը, իսկ դա նշանակում է, որ մեր ռազմագերիների մասին մենք այլեւս տեղեկություն կարող ենք ունենալ, երբ որ Բաքվի հավեսը ու կայֆը տա, մենք պիտի իսկապես համաշխարհային աղմուկ բարձրացնենք:
Ու որս որ միջազգային որ կառույց գնաց, պիտի խոսենք, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանը միջազգային ռազմական հանցագործ ներկայացնելն է, Հայաստանին ցեղասպանական գործողություններ վերագրելը եւ Արցախի քաղաքական էլիտային սպանելը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ