Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրո՞ք չեն հասկանում, թե՞ բոլորին չհասկացողի տեղ են դնում». Նավասարդյան

Սեպտեմբեր 11,2025 15:25

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ՖԲ գրառումը.

Մեր պաշտոնյաները իրո՞ք չեն հասկանում, թե բոլորին են չհասկացողի տեղ դնում, երբ ասում են, որ սահմանը հատելիս անձը կարող է չշփվել սահմանապահի հետ՝ փաստաթուղթը սկան անելով էլեկտրոնային սարքի միջոցով։ Նման համակարգերը աշխատում են այն դեպքերում, երբ այդ փաստաթղթերի համապատասխան տվյալները ներառված են ընդհանուր բազայի մեջ։ Եվ, ասենք, Եվրոպական երկրների օրինակը բերելուց պետք է հաշվի առնել, որ նկարագրված համակարգերը աշխատում են հե՛նց կենսաչափական տվյալները կարդացող եւ նույնականացնող ընդհանուր բազայի միջոցով։

Մինչ այսօր ՀՀ-ի անձնագրերը այդպիսի էլեկտրոնային ընթացակարգերին չեն համապատասխանում։ Էլ ուր մնաց, որ համակարգը աշխատի ադրբեջանա-հայկական սահմանը անցնողների համար։ Միայն ՀՀ-ի օրենքները խախտողներին հայտնաբերելով սահմանանցման գործառույթը չի ավարտվում, կան նաեւ նույնականացման այլ անհրաժեշտ տարրեր։ Այդ թվում՝ տրանզիտային երկրները, եթե իրականացնում են սահմանանցման գործառույթ, այլ ոչ թե ձեւավորում են հատուկ միջազգային տրանզիտային գոտի (ինչպես, օրինակ, շատ օդանավակայաններում), պատասխանատու են վերջնակետ հանդիսացող պետության առջեւ վերջիններիս օրենքներին հակառակ անձանց տրանզիտով տեղափոխելու համար։

Եթե խոսում ենք կոնկրետ Մեղրիի ճանապարհի մասին, ապա, իմ հասկանալով, կամ այն ամբողջությամբ Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխման համար պետք է դառնա միջազգային տրանզիտային գոտի, որտեղ սահմանանցում տեղի չի ունենում, եւ որի տարածքում հետեւաբար ՀՀ-ի իրավազորությունը լիարժեքորեն չի իրացվում, կամ կատարվում է սովորական սահմանային/մաքսային ստուգում, ինչպես մեր բոլոր այլ սահմանակետերում, կամ Ադրբեջանը եւ Հայաստանը ձեւավորում են ընդհանուր տվյալների բազա՝ փաստաթղթերի զուտ էլեկտրոնային ստուգման համար։ Վերջինիս հեռանկարը, ենթադրում եմ, առայժմ շատ մշուշոտ է։

Կա նաեւ միջանկյալ լուծում, որը ժամանակին հնչեցվում էր՝ համատեղ սահմանակետ, որտեղ երկու կողմերն էլ զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները եւ խնդիր չի առաջանում շփումներից վտանգվելու առումով։ Հաստատ կարելի է գտնել եւ այլ լուծումներ, սակայն, հաշվի առնելով ներկա եւ դեռ երկար պահպանվելու միտում ունեցող իրողությունները, զուտ էլեկտրոնիկային՝ որպես ապաշրջափակումից հետո միանգամից կիրառվող միջոցի ապավինելուց, լավագույն դեպքում ինքնախաբեության հոտ է գալիս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930