Երկրի վրա ապրող ոչ մի անմեղ մարդ չկա, բայց ապաշխարությամբ մեղքերից ազատվելու ձգտողներ շատ կան։ Օծյալ հոգևորականները իրենց մատուցած յուրաքանչյուր Սուրբ Պատարագից առաջ հրապարակային խոստովանում են, որ մեղանչել են Աստուծո առաջ և խնդրում են մեկ այլ հոգևորականի, որպեսզի նա միջնորդի, որպեսզի Աստծու կողմից թողություն շնորհվի իրեն։ Եվ դա տեղի է ունենում բազմաթիվ անգամներ։ Այլ խոսքով, Աստված հիշաչար չէ և չի ուզում մարդու մահը, այլ ուզում է, որ մարդը զղջա իր արածների և չարածների համար և ներում է այնքան, որքան իրենից ներում են խնդրում անկեղծորեն ու այլևս չմեղանչելու մտադրությամբ։
Մարդը մի որոշ ժամանակ կարող է գտնվել ապազգային կամ աղանդավորական հոսանքների ազդեցության տակ և շեղվել ուղղափառ հավատքից, հենց նաև դրա համար են հոգևոր առաջնորդները, որպեսզի հոգան իրենց վստահված ժողովրդի հոգևոր խնամքը։ Սակայն երբ հենց ինքը հոգևորականն է գտնվում ապազգային ու հակաեկեղեցական ուժերի ազդեցության տակ, ապա այստեղ խնդիրը շատ ավելի լուրջ է, որովհետև նա կարող է հոգևոր իմաստով կորցնել ո՛չ միայն իր հոգին, այլ կորստյան մատնել նաև իրեն հետևորդների հոգիները։
Նույնն է նաև քաղաքական առաջնորդի պարագայում։ Ընտրությունների ժամանակ, երբ քաղաքացին ընտրում է իր քաղաքական առաջնորդին, ապա նա իր վրա է վերցնում ընտրվելուց հետո նրա կողմից կատարված հանցանքների իր բաժին պատասխանատվությունը։ Նայեք այսօրվա քաղաքական իշխանություններին, ինչպես են նրանք փորձում օգտագործել օծյալ ու գործող հոգևորականին իրենց կեղտոտ քարոզչություններում, ես նկատի ունեմ Օհանավան գյուղի Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին։ Որքան նողկալի են բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են Տեր Արամին կամ որևէ գործող հոգևորականի օգտագործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավում, որն իրականացնում են ՀՀ քրիստոսահալած քաղաքական իշխանությունները՝ այրելով Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կարգավորելու համար թերևս բոլոր հնարավոր կամուրջները։ Վարչապետի դիմակը այդ իմաստով վաղուց պատռված է, նա իր հետևողական հակաեկեղեցական խոսույթներով ու Ամենայն Հայոց Հայրապետին անարգելու փորձեր կատարելով կամա թե ակամա հող է պատրաստում քաղաքացիական բախումների համար։
Շատ լավ հասկանալով, որ Արժանապատիվ Տեր Արամ քահանան ժամանակավորապես գտնվում է հոգեբանորեն ոչ բարվոք վիճակում և թույլ է տալիս իրեն հայտարարություններ, որոնք ոչ մի դեպքում չէր կարելի հրապարակայնացնել ո՛չ միայն այն պատճառով, որ դրանք խիստ չափազանցված են, այլ առավել ևս այն պատճառով, որպեսզի հակաեկեղեցական ու աղանդավորական համայնքներին առիթ չտրվի քարկոծելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ինչն ի դեպ, ցավոք սրտի, ժամանակին ես նույնպես ինձ թույլ էի տվել, սակայն Աստված լսեց իմ աղոթքներն ու ներողամիտ եղավ իմ տկարությունների հանդեպ և ես հաղթահարեցի չարի բազմահնար գայթակղությունները։
Կարդացեք նաև
Ուրեմն, սիրելի Տեր Արամ, խնդրում եմ, թույլ մի՛ տվեք, որ չարը հաղթի Ձեզ։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Մայր Եկեղեցին է և մի՞թե Դուք Ձեր որևէ ընտանիքի անդամի մասին թույլ կտաք, որպեսզի չարախոսեն։ Կարծում եմ, ոչ, թույլ չեք տա։ Ուրեմն, սիրելի Տեր Արամ, մաղթում եմ, որ առողջ բանականությունը երբեք չլքի Ձեզ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ