Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում (ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), պետք է տեղի ունենար դատական նիստ, որի ընթացքում քննարկվելու էր Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանքը։
Ես, որպես Ստեփան Սամվելյանի պաշտպան, նախապես տեղեկացրել էի դատարանին, որ ճանապարհային խցանման պատճառով հնարավոր է մի փոքր ուշանամ, սակայն նախքան դատարան հասնելը անընդհատ տեղեկացրել եմ, որ մոտենում եմ դատարանին։ Չնայած դրան՝ դատավոր Մելիքյանը, գիտակցելով իմ ներկայանալու մասին, մի քանի վայրկյանում անցկացրել է ձևական «նիստ» և հայտարարելով, որ իբր ես բացակայում եմ, հետաձգել է դատական նիստը։
Հատկանշական է, որ իմ դատարան մուտք գործելու մասին դատավորի օգնականը տեղյակ էր և անմիջապես տեղեկացրել էր դատավորին, սակայն վերջինս, փոխանակ սպասելու մի քանի վայրկյան, բառացիորեն փախել է դահլիճից։
Ուշագրավ է նաև այն, որ նիստից առաջ գրավոր միջնորդությամբ հայտնել էի՝ դատական նիստը կարող է անցկացվել նաև առանց իմ ներկայության։ Փաստացի՝ դատավորի նման վարքագիծը ոչ միայն խաթարում է արդար դատաքննության իրավունքը, այլև հստակ ցուցադրում է դատական համակարգի կեղծիքը։
Կարդացեք նաև
Նիստը տեղափոխվել է սույն թվականի սեպտեմբերի 16-ին։
Ստեփան Սամվելյանի կյանքն իրական վտանգի տակ է և դատական այս դիտավորյալ ձգձգումները յուրաքանչյուր վայրկյան կարող են անդառնալի հետևանք ունենալ։
Զարուհի Փոստանջյան
Ստեփան Սամվելյանի պաշտպան